Մելիքսեթ Խաչիյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելիքսեթ Զավենի Խաչիյան
MeliksetKhachiyan.jpg
2007 թվականին
Պետություն(ներ) Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայաստան Հայաստան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 6 1970(1970-07-06)
Ծննդավայր Բաքու
Կոչում Գրոսմայստեր (2006)
Միջազգային վարպետ (1995)
Առավելագույն վարկանիշ 2546 (ապրիլ, 2009)
Ներկայիս վարկանիշ 2538 (հոկտեմբեր 2014)
Անձնական էջ ՖԻԴԵ-ի կայքում
http://www.gmkhachiyan.com/

Մելիքսեթ Խաչիյան (ծնվել է 1970հուլիսի 6-ին, Բաքվում), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2006), այժմ ներկայացնում է ԱՄՆ-ը, ԱՄՆ-ի կանանց հավաքականի մարզիչն է։

Կենսագրություն[խմբագրել]

Մելիքսեթ Խաչիյանը ծնվել է 1970-ին, Բաքվում։ Շախմատ սկսել է խաղալ ութ տարեկանում[1]։ Երկու տարի անց հաղթել է Բաքվի պատանեկան առաջնությունում` լրացնելով առաջին կարգ։ 12 տարեկանում դարձել է ԽՍՀՄ վարպետության թեկնածու։ Եվս վեց տարի անց նա ստացել է վարպետի կոչում։ Մանկական տարիներին` 1983-1984-ին, նրան շախմատի դասեր է տվել աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը։ Նրան մարզել են նաև անվանի մարզիչներ Ալեքսանդր Նիկիտինը և Ալեքսանդր Շաքարովը, որոնք հայտնի են աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի հետ աշխատանքով։ 1995-ին նա ստացել է միջազգային վարպետի կոչում։ Գրոսմայստերի կոչում ստացել է 2006-ին` ԱՄՆ մշտական բնակության տեղափոխվելուց հետո։

Հայաստանի երկրորդ հավաքականի կազմում մասնակցել է 1996-ին Երևանում կայացած համաշխարհային օլիմպիադային, որտեղ երկրորդ խաղատախտակի վրա 8 հնարավորից վաստակել է 3½ միավոր[2]։ 1997-ին Լյուցեռնում (Շվեյցարիա) մասնակցել է նաև աշխարհի թիմային առաջնությանը, որտեղ եղել է երկրորդ պահեստային խաղացողը (2 հնարավորից` 1 միավոր)[3]` արժանանալով թիմային բրոնզե մեդալի։

Շախմատիստի կարիերային զուգահեռ 1990-ից Մելիքսեթ Խաչիյանը սկսել է ծավալել նաև մարզչական գործունեություն։ 1991-1997-ին նա եղել է Հայաստանի շախմատի այսօրվա առաջատար Լևոն Արոնյանի առաջին մարզիչը[4]։ Այդ տարիներին Լևոնը երրորդ կարգային շախմատիստից դարձավ միջազգային վարպետ։ 1995-ին Արոնյանը, հաղթելով ֆրանսիացի Էթիեն Բաքրոյին, դարձավ պատանիների աշխարհի չեմպիոն։ Դա Մելիքսեթ Խաչիյանի մարզչական կարիերայի ընթացքում մեծագույն նվաճումն է[5]։ Բացի Արոնյանից Խաչիյանի ևս երեք աշակերտ` Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը, Էլինա Դանիելյանը և Սթիվեն Ցիրկը, դարձել են տարբեր տարիքային խմբերի աշխարհի չեմպիոն։ 1995-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի կոչմանը։ Նույն թվականին նրան շնորհվել է նաև Մոլդովայի Հանրապետության վաստակավոր մարզչի կոչմումը։

1998-ին նա բացել է շախմատի փորձարարական դպրոց, որի ամենահայտնի շրջանավարտներից է Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերներից մեկը` Տիգրան Լ. Պետրոսյանը։ Նա այսօր էլ համացանցի օգնությամբ խորհուրդներ է ստանում Մելիքսեթ Խաչիյանից։

2001-ին Խաչիյանը մշտական բնակության է տեղափոխվել ԱՄն։ Այնտեղ նա մասնակցել է մի շարք հեղինակավոր մրցաշարերի և դարձել հաղթող։

Այժմ նա ԱՄՆ-ում մարզում է մի շարք տաղանդավոր պատանի շախմատիստների, որոնց թվում է խոստումնալից Սամվել Սևյանը։

2010-ից մինչ օրս Մելիքսեթ Խաչիյանը ԱՄՆ-ի կանանց հավաքականի մարզիչն է[6]։

Մելիքսեթ Խաչիյանը ընտանիքի հետ ապրում է Գլենդեյլում (Կալիֆոռնիա)։ Նրա հետ են բնակվում հայրը` Զավենը, կինը` Լադան, որդին` Դավիթը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]