Մարտինա Հինգիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտինա Հինգիս
չեխ․՝ Martina Hingisová
սլովակ.՝ Martina Hingisová
Սեռիգական[1]
Քաղաքացիություն Շվեյցարիա[2][1],  Չեխոսլովակիա և  Սլովակիա
Բնակվելու վայրFeusisberg?, Շվեյցարիա[2], Freienbach?, Հուրդեն, Կոշիցե, Trübbach? և Ցուգ (քաղաք)[3]
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 30, 1980(1980-09-30)[4][5][6][…] (43 տարեկան)
ԾննդավայրԿոշիցե, Չեխոսլովակիա[4][1]
Հասակ170 սանտիմետր[2] սմ
Քաշ59 կիլոգրամ[1] կգ
Աշխատող ձեռքաջլիկություն[2]
Խաղեր Հ/Պ548–135[2]
Խաղեր Հ/Պ490–110[2]

Մարտինա Հինգիս (սլովակ.՝ Martina Hingisová, գերմ.՝ Martina Hingis (սեպտեմբերի 30, 1980(1980-09-30)[4][5][6][…], Կոշիցե, Չեխոսլովակիա[4][1]), չեխո-հունգարական ծագմամբ շվեյցարացի թենիսիստուհի, աշխարհի առաջին ռակետ (1997,1999,2000)։ Մեծ Սաղավարտի մենախաղի հնգակի հաղթող, 1988 Մեծ սաղավարտի մրցաշարի զուգախաղի մրցանակակիր, զուգախաղում աշխարհի թիվ մեկ ռակետ, 2016 թվականի Օլիմպիական խաղերի զուգախաղի աշխարհի արծաթե մեդալակիր, Կանանց թենիսի ասոցիացիայի (անգլ.՝ WTA) ավելի քան 100 մրցաշարերի հաղթող (դրանցից 43-ը մենախաղում)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտինա Հինգիսը ծնվել է 1980 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Սլովակիայի Կոշիցե քաղաքում՝ թենիսիստների ինտերնացիոնալ ընտանիքում․ մայրը՝ չեխուհի Մելանի Մոլիտորովան (չեխ․՝ Melánie Molitorová) և հայրը՝ հունգար Կարոյ Հինգիսը (հունգ.՝ Károly Hingis) նրան անվանակոչել են այն ժամանակների աշխարհահռչակ թենիսիստուհի Մարտինա Նավրատիլովայի պատվին։ Մարտինա Հինգիսի մայրը թենիսիստուհի էր, Չեխոսլովակիայի 10-րդ ռակետն էր և մարզում էր աղջկան։ Մարտինան սպորտով զբաղվել է շատ վաղ տարիքից։ 2 տարեկանում թենիսի ռակետ է ստացել[7], 3 տարեկանում առաջին անգամ դահուկ է քշել, իսկ 5 տարեկանում մասնակցել է մոր՝ Մելանի Մոլիտորի ղեկավարությամբ իր առաջին թենիսի մրցաշարին, որն ինչպես նշեցինք հանդիսանում էր Մարտինայի մարզիչը։ Մոր ամուսնալուծությունից և նոր ամուսնությունից հետո (նոր ամուսինը՝ Անդրեաս Ցոգ, համակարգչային մասնագետ) Մելանին աղջկա հետ, որն այդ ժամանակ 7 տարեկան էր, տեղափոխվում են Շվեյցարիայի հյուսիսում գտնվող փոքրիկ Տրուբբախ քաղաքը։ Սպորտային մականունը՝ Swiss Miss, Chucky, Wingis։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկան տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապագա չեմպիոնուհու պատանեկան կարիերան ֆանտաստիկ էր։ 1989-1993 թվականներին Մարտինան անընդհատ հաղթանակներ էր տանում Շվեյցարիայում տեղի ունեցող բոլոր առաջնություններում, երկու անգամ հաղթող է ճանաչվել թենիսի Եվրոպայի առաջնությունում, ինչպես նաև այլ միջազգային մրցաշարերում։ 1993 թվականին Մարտինա Հինգիսը հաղթում է «Ռոլան Գարոսի» պատանեկան մենախաղի մրցաշարերում և դառնում է Մեծ սաղավարտի պատանեկան մրցաշարի ամենաերիտասարդ հաղթողը՝ գերազանցելով Ջենիֆեր Կապրիատիի ռեկորդը։ 1994 թվականին Հինգիսը հաղթում է «Ռոլան Գարոսի» պատանիների մենախաղի և զուգախաղի մրցաշարում, Ուիմբլդոնի պատանեկան մրցաշարում՝ 13 տարեկան և 276 օրականում դառնալով մրցաշարի ամենաերիտասարդ հաղթողը։ Նույն թվականին էլ դուրս է գալիս US Openի պատանիների մրցաշարի եզրափակիչ։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտինա Հինգիսի փառքի վերելքը սկսեց արագորեն բարձրանալ և նա 1994 թվականին դարձավ պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ Արդեն տարվա վերջին նա զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի 87-րդ տեղը, իսկ 1995 թվականի հունիսի 12-ին դասվում էր է մոլորակի 20 լավագույն թենիսիստուհիների շարքին։ Հինգիսը որպես պրոֆեսիոնալ առաջին անգամ խաղացել է այն նույն մրցաշարում, որտեղ նրա հայտնի անվանակից Մարտինա Նավրատիլովան հայտարարել է իր կարիերայի ավարտի մասին։

1993 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականինին 12 ամյա Հինգիսը մասնակցել է ITF-ի[8] հովանավորությամբ գործող մրցաշարին և հաղթել այն՝ տանելով 5 հաղթանակ։ Այդ մրցաշարն անց է կացվել Շվեյցարիայում և չի դասվել խոշոր մրցաշարերի դասին։ Հինգիսի մրցակիցները WTA-ի վարկանիշով 6-7 հարյուրյակում են գտնվել, բայց դա չի նվազեցրել պատանի թենիսիստուհու հաջողությունը, նա դեռևս պրոֆեսիոնալ թենիսիստուհու կարգավիճակ չուներ, հետևաբար նաև չուներ վարկանիշ։

1994 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Հինգիսը սկսեց իր ելույթները որպես պրոֆեսիոնալ խաղացող։ Մենախաղում նա մասնակցել է 5 վարկանիշային մրցաշարերի (դրանցից 2-ը՝ ITF-ի մրցաշարերը, 3-ը՝ WTA-ի, ընդ որում մեկը՝ առաջին կարգի), ընդհանուր առմամբ տանելով 9 հաղթանակ և կրելով 5 պարտություն։ Բոլոր մրցաշարերում Հինգիսն անցնում էր նվազագույնը երկրորդ շրջան։ Զուգախաղում Հինգիսը մասնակցել է միայն մեկ մրցաշարի (Պյոտր Լանգրավոյի հետ), բայց հենց առաջին շրջանում նրանք զիջեցին Իվ Մայոլին և Իրինա Սպիրլեին։ Մարտինա Հինգիսը մրցաշրջանն ավարտեց՝ հայտնվելով առաջին հարյուրակում՝ WTA-ի վարկանիշով 87-րդ հորիզոնականում։

1995 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Հինգիսը որպես պրոֆեսիոնալ մարզիկ ձեռք է բերում իր առաջին նվաճումները։ Նա մասնակցում է 13 մրցաշարերի։ Չեխիայում կայացած ITF մրցաշարում նա դուրս է գալիս եզրափակիչ, բայց զիջում է Կարինե Խաբսուդովոյին։ Համբուրգում կայացած մրցաշարում նույնպես հասնում է եզրափակիչ, (նա առաջին անգամ եզրափակիչ դուրս եկավ WTA մրցաշարերում) հաղթելով առաջին քսանյակում գտնվող 3 ուժեղագույն թենիսիստուհիների, բայց եզրափակչում պարտվում է Կոնչիտա Մարտինեսին։ Մարտինա Հինգիսը մասնակցել է Մեծ սաղավարտի բոլոր մրցաշարերին։ Նա դուրս է եկել US Open-ի չորրորդ շրջան, որտեղ նրա ճանապարհը փակում է Գաբրիելա Սաբատինին։ Ընդհանուր առմամբ տարին երիտասարդ թենիսիստուհու համար հաջողված է լինում։ Հունիսին նա հայտնվում է առաջին քսանյակում․ հաղթանակների և պարտությունների ընդհանուր հաշիվը 22-13։ Մրցաշրջանի արդյունքում Հինգիսը ստանում է իր առաջին WTA՝ տարվա նորեկ մրցանակը։ Մարտինան լավ արդյունքների է հասնում նաև զուգախաղում։ Սկզբում Չեխիայի ITF մրցաշարում նա նվաճում է գլխավոր մրցանակը (Պյոտր Լանգրավոյի հետ), իսկ հետո Համբուրգում նվաճում է իր առաջին WTA տիտղոսը (Ջիջի Ֆերնանդեսի հետ)։ Զուգախաղով Մարտինան մասնակցել է 10 մրցաշարերի, հաղթանակների և պարտության հաշիվը՝ 15-8։

1996 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականի Հինգիսի վերելքը շարունակվել է։ 1996 թվականի հունիսի 8-ին Հելենա Սուկովոյի հետ նվաճել է Մեծ սաղավարտի զուգախաղի իր առաջին տիտղոսը և դարձել է Ուիմբլդոնի մրցաշարի ողջ պատմության ամենաերիտասարդ հաղթողը։ Այդ նույն տարում Հինգիսը մասնակցում է WTA զուգախաղի 16, ITF՝մեկ մրցաշարերի, մասնակցել է Ատլանտայի Օլիմպիական խաղերին։ Ուիմբլդոնից բացի նա նաև հինգ անգամ հասել է WTA մրցաշարի եզրափակչին, բայց հաջողվել է հաղթել մեկ անգամ։ Մրցաշրջանում նրա զուգախաղերի հաշիվն է 37-16։ Մենախաղում ևս լավ էր դրսևորում իրեն Մարտինա Հինգիսիը։ Նա մասնակցել է WTA 17 և ITF՝ 1 մրցաշարերի, Օլիմպիական խաղերին։ US Open-ում նրան հաջողվել է առաջին անգամ հասնել Մեծ սաղավարտի եզրափակիչ, սակայն եզրափակչում նրան կասեցրել է միայն Շտեֆի Գրաֆը, որն այդ ժամանակ աշխարհի առաջին ռակետն էր։ Ֆիլդերշտադտում («Porsche Tennis Grand Prix») WTA մրցաշարում Հինգիսը նվաճում է իր առաջին անհատական տիտղոսը։ Նույն տարում Հինգիսը հաղթում է 2 WTA և 1 ITF մրցաշարում, ևս 2 անգամ նա դուրս է գալիս եզրափակիչ։ Մրցաշրջանի վերջում Հինգիսը հաջողությամբ է հանդես եկել աշխարհի ուժեղագույն թենիսիստների հաշվետու առաջնությունում։ Նա հասել է եզրափակիչ, որտեղ նորից զիջել է աշխարհի ուժեղագույն թենիսիստուհի Շտեֆի Գրաֆին։ Մարտինա Հինգիսը տանում է 51 հաղթանակ և կրում 16 պարտություն՝ տարվա արդյունքներով զբաղեցնելով համաշխարհային վարկանիշով 4-րդ հորիզոնականը և ստանում է ևս մեկ WTA մրցանակ՝ տարվա առաջընթաց։

1997 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականը Մարտինա Հինգիսի համար հաղթական տարի է եղել։ Մրցաշրջանի սկզբում Մարտինան հրաշալի խաղ է ցուցադրել։ Նա հաղթել է Սիդնեյի մրցաշարում, իսկ հետո Ավստրալիայի թենիսի բաց առաջնությունում։ Դրանով էլ Մարտինան պատմության մեջ է մտել որպես Մեծ սաղավարտի մրցաշարի ամենաերիտասարդ հաղթողը՝ մենախաղում (նա այդ ժամանակ 16 տարեկան 3 ամսական 26 օրական էր)։ Ընդհանուր առմամբ Հինգիսը մասնակցել է WTA 17 մրցաշարի, որից 13-ում դուրս է եկել եզրափակիչ և 12-ում հաղթել է։ Միակ եզրափակիչը, որտեղ պարտվել է, եղել է Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությունը։ Խորվաթուհի Իվ Մայոլից տարած այդ սենսացիոն պարտությունը ընդհատեց Մարտինա Հինգիսի 38 մրցաշարերերում անընդմեջ կրած հաղթանակների շարքը։ Սակայն ընդմիջում վերցրեց՝ մեջքի և ծնկների վնասվածքների սրացման պատճառով։ Այդ տարում Հինգիսը տարավ 75 հաղթանակ, կրեց 5 պարտություն և Կանանց թենիսի ասոցիացիայի անգլ.՝ WTA կողմից ստացավ մրցանակ՝ որպես տարվա լավագույն խաղացող։ Մենախաղերում կայացած խաղերը զուգախաղերի համեմատ ավելի տպավորիչ էին, չնայած զուգախաղերը նույնպես շատ հաջողված էին։ Մասնակցել է 16 մրցաշարերի, որից 8-ում հաղթանակ է տարել (այդ թվում Ավստրալիայի բաց առաջնությունում), ևս մեկ եզրափակիչ։ Հաղթանակների և պարտությունների ընդհանուր հաշիվը՝ 51-8։ 1997 թվականին Մեծ Բրիտանիայում Մարտինա Հինգիսի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել՝ «Մարտինա Երկրորդը» (անգլ.՝ Martina II), որը զետեղված են նրա հարցազրույցը, ինչպես նաև նկարագրում է թենիսում նրա անցած ուղին և տարբեր մրցաշարերում նրա տարած հաղթանակները։

1998 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի մենախաղերը նախորդ տարվանից մի փոքր անհաջող էր մարզիկի համար․ 18 մրցաշարից Հինգիսը հաղթել է 5-ում, Մեծ սաղավարտի մրցաշարերից նա հաղթել է միայն Ավստրալիայի բաց առաջնությունում, 3 անգամ պարտվել է եզրափակչում՝ US Open-ում նա հասել է եզրափակիչ, իսկ Ռոլան Գարոսում և Ուիմբլդոնում նա պարտություն է կրել եզրափակիչում։ Հինգիսին առաջին անգամ հաջողվել է հաղթել WTA հաշվետու մրցաշարում, սակայն մրցաշարի վերջնական հաշվարկում նա կորցրել է աշխարհի առաջին ռակետ տիտղոսը՝ այն զիջելով Լինդսի Դեվենպորտին։ Խաղերի ընդհանուր հաշիվը՝ 67-13։ Այն ինչը Մարտինա Հինգիսին նախորդ տարվա ընթացքում չէր հաջողվում մենախաղերում, հաջողվում է զուգախաղում։ Նա հաղթել է Մեծ սաղավարտի բոլոր 4 մրցաշարերը՝ սահմանելով անձնական ռեկորդ և դառնալով աշխարհի չորրորդ թենիսիստուհին, որը զուգախաղում նվաճում է Մեծ սաղավարտը։ Հինգիսն ընդհանուր առմամբ խաղացել է 13 մրցաշար, որից հաղթել է 9-ում։ Հինգիս-Նովոտնա զուգախաղը ստացել է WTA մրցանակ՝ որպես տարվա լավագույն զույգ։ Հինգիսի հաղթանակների և պարտության հաշիվը այսպիսին էր՝ 52-5։

1999 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականը նշանավորվեց նոր հաղթանակներով և ձեռքբերումներով, որոնց մեջ Ավստրալիայի բաց առաջնության երրորդ անընդմեջ մենախաղում և զուգախաղում տարած հաղթանակն էր, կարիերայի ընթացքում առաջին անգամ Բեռլինի և Մոնրեալի մրցաշարերում տարած հաղթանակը, ինչպես նաև WTA վարկանիշով վերադարձը առաջին տեղ։ Մարտինա Հինգիսն Աննա Կուրնիկովայի հետ զուգախաղում հաղթել են WTA հաշվետու մրցաշարում։ Սակայն մենախաղում Հինգիսը եզրափակչում զիջել է Լինդսի Դեվենպորտին։ Նշանակալի հանդիպում է ստացվել Ռոլան Գարոսի եզրափակչում Մարտինա Հինգիսի հանդիպումը թենիսի գահի իր նախորդի՝ Շտեֆի Գրաֆի հետ։ Հինգիսը բացահայտ առաջատար էր և տանում էր խաղի ընթացքը, բայց հոգեբանորեն պատրաստ չէր և զիջեց թենիսի լեգենդին։ Մրցաշարի ընթացքում Հինգիսը տարավ 71 մենախղի և 34 զուգախաղի հաղթանակ, կրեց 13 և 2 պարտություն՝ համապատասխանաբար։ Հինգիսը նվաճեց 7 մենախաղի և 6 զուգախաղի տիտղոս։ Հինգիս-Կուրնիկովա զույգը ճանաչվել է WTA տարվա լավագույն զույգը։

2000 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Մարտինա Հինգիսը հերթական անգամ հաղթել է Pan Pacific Open մրցաշարում, բայց տարեսկզբին մի քանի խաղ պարտվել է Լինդսեյ Դևենպորտին, ներառյալ Ավստրալիայի թենիսի բաց առաջնությունը։ Սակայն մեկ ամիս անց Հինգիսը նվաճել է իր կարիերայի 29-րդ տիտղոսը և հայտնվել է համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում։ Նոյեմբերին Մարտինա Հինգիսը նվաճել է Նյու-Յորքում կայացած Chase Championships հաշվետու մրցաշարի գլխավոր մրցանակ ինչպես մենախաղում, այնպես էլ զուգախաղում (Կուրնիկովայի հետ) և հերթական անգամ եզրափակեց մրցաշրջանը վարկանիշային առաջին տեղով։ Մենախաղում Հինգիսը նվաճել է 77 հաղթանակ և կրել 10 պարտություն։ Դա նրան թույլ է տվել նվաճել իր մասնակցած մրցաշարերերի 20 տիտղոից 9 տիտղոս։ Զուգախաղում Հինգիսն ունեցել է 49 հանդիպում, հաղթել 6-ում։ 15 մրցաշարերից հաղթել է 7-ում։

Վարկանշային աղյուսակ
1994
  
87
1995
  
16
1996
  
4
1997
  
1
1998
  
2
1999
  
1
2000
  
1
2001
  
4
2002
  
10
2006
  
7
աղբյուրը։ Մարտինա Հինգիսի էջը WTA կայքում

2001 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Մարտինա Հինգիսն իր հայրենակից Ռոջեր Ֆեդերերի հետ Շվեյցարիայի համար նվաճում է թիմային հեղինակավոր մրցանակ՝ Հոպմանի մրցաշարում։ Նա հաղթել է նաև 3 մենախաղում և 3 զուգախաղում։ Այդքան անգամ էլ զիջել է եզրափակչում։ Այդ տարում Հինգիսը 18 մենախաղ և 6 զուգախաղ է ունեցել, հանդիպումների արդյունքները՝ 60-15՝ մենախաղում և 18-3՝ զուգախաղում։ Ֆիլդերշտատում ստացած վնասվածքը (աջ ոտքի ջլերի կտրվել են) զրկեց Մարտինային ելույթ ունենալ տարվա եզրափակիչ մրցաշարում՝ Մյունխենի WTA հաշվետու առաջնությունում։ Հինգիսը վիրահատում է ոտքի ջլերը և զրկվում է աշխարհի վարկանիշով առաջատարի կարգավիճակից։

2002 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվական, Սիդնեյ, Մարտինա Հինգիսը Աննա Կուրնիկովայի (ձախից) հետ  :

2002 թվականին վնասվածքից հետո Մարտինա Հինգիսը վերադառնում է սպորտ։ Ավստրալիայի բաց առաջնությունում Հինգիսը խաղացել է երկու եզրափակիչներում․ մենախաղում զիջել է Ջենիֆեր Կապրիատիին, իսկ Կուրնիկովայի հետ զուգախաղում իր 9-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցաշարում։ Ընդհանուր՝ Հինգիսը նվաճել է երկու տիտղոս՝ մենախաղում և զուգախաղում։ Մարզուհին մասնակցել է 12 մենախաղի և 5 զուգախաղի մրցաշարերի։ Այդ տարվա նրա ցուցանիշները կազմել են 34-10 և համապատասխանաբար 17-1։ 2002 թվականի հոկտեմբերի 14-ին Մարտինայի վարկանիշն իջել և տեղ է զբաղեցրել է աշխարհի վարկանշային աղյուսակի 11-րդ հորիզոնականում՝ առաջին անգամ 1996 թվականի հոկտեմբերի 6-ից հետո իջել է առաջին տասնյակից։ Չնայած կատարված մի քանի վիրահատությունների՝ վնասվածքի հետևանքները շարունակում էին իրենց հետքը թողնել թենիսիստուհու ինքնազգացողության և խաղի որակի վրա և Մարտինա Հինգիսը թողեց թենիսը՝ Եվրոսպորտ և ավստրալիական մարզական Channel 7 հեռուստաալիքներում դառնալով թենիսի մեկնաբան։

2005-2007 թվական․ վերադարձ և երկրորդ հեռացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին՝ երեք տարի անց Հինգիսը փորձ է անում վերադառնալ թենիս։ Նա մասնակցում է Թայլանդում տեղի ունեցած մրցաշարին, բայց հենց առաջին շրջանում նրան հաղթում է գերմանացի Մառլեն Վայնգարտները։ Սակայն պարտությունը չի կոտրում նրա վճռականությունը և տարվա վերջին Մարտինան հայտնում է, որ ինքը նորից է վերադառնում թենիս։ 2006 թվականին Հինգիսը լիարժեք մրցաշրջան է անցկացնում՝ 20 մենախաղ։ Առաջին հաղթանակը նվաճում է Ավստրալիայի բաց առաջնությանում, որտեղ Հինգիսը հանդես է եկել Մախեշ Բխուպատիի հետ՝ խառը մրցակարգով, իսկ մենախաղում առաջին տիտղոսը նվաճել է 2006 թվականի Italian Open-ում, որտեղ էլ հատել է 500 հաղթանակի սահմանը։ Նույն թվականին նա հաղթում է Կալկաթայի մրցաշարում՝ եզրափակչում ջախջախելով Օլգա Պուչկովային՝ 6-0 6-0 հաշվով, ևս 2 անգամ Մարտինան դուրս է գալիս եզրափակիչ։ Այդ տարվա մեջ նրա հաղթանակների և պարտությունների հարաբերակցությունը կազմել է 53-19։ Նրան հաջողվեց վերադառնալ ուժեղագույն թենիսիստուհիների տասնյակ՝ ստանալով WTA-ի մրցանակ՝ «Տարվա վերադարձ»։ Ֆրանսուհի Տատյանա Գոլովինի հետ զուգախաղում Հինգիսը մեկ մրցաշարում է ելույթ ունեցել, բայց երկու հաղթանակի մեկնարկից անմիջապես հետո նրանք հեռացվել են առաջնությունից։ 2007 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում Հինգիսը հասել է քառորդ եզրափակիչ՝ պարտվելով, ինչպես նախորդ տարում 1/4-ում բելգիացի Կիմ Կլեյստերսին։ Տոկիոյում՝ PAN PACIFIC մրցաշարում Մարտինա Հինգիսը խաղացել է իր 8-րդ եզրափակիչը և 5-րդ անգամ հաղթել է։ Եվս մեկ անգամ նրան հաջողվել է հասնել եզրափակիչ։ Ընդհանուր առմամբ Հինգիսը մասնակցել է 14 մրցաշարերի, հաղթել է 24-ում, պարտվել 13-ում։ Զուգախաղով Հինգիսը մասնակցել է 6 մրցաշարի, հաղթել է մեկում՝ 11-4 հաշվով (մեկ անգամ Հինգիս-Գանտուխովա զույգը հեռացվել է մրցաշարից)։

Դոպինգային աղմկահարույց միջադեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի[9] նոյեմբերի 1-ին Մարտինա Հինգիսը հայտարարեց կարիերայի ավարտի մասին, այն բանից հետո, երբ նրա դոպինգային թեստը, որը վերցվել էր 2007 թվականին Ուիմբլդոնի մրցաշարի ժամանակ, ցույց էին տվել կոկաինի առկայություն թենիսիստուհու արյան մեջ։ Սակայն Հինգիսը մտադիր էր դատական կարգով վիճարկելու թեստի արդյունքները[10]։

Երկրորդ վերադարձ․2013[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ կարիերայի ավարտից հետո Մարտինա Հինգիսը հազվադեպ է մասնակցել ցուցադրական մրցաշարերի, աշխատել է որպես թենիսի մարզիչ (մասնավորապես համագործակցել է Անաստասիա Պավլյուչենկովոյի հետ)։ 2013 թվականին Հինգիսի անունն ընդգրկվել է Թենիսի փառքի միջազգային սրահում։ Այդ պահին նա մոտ 33 տարեկան էր և անսպասելի որոշում է նորից վերադառնալ խաղահրապարակ՝ զուգախաղով։ Նրա զուգընկերը նորից դառնում է Դանիելա Գանտուխովան։ Մեկ ամսվա ընթացքում (հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 26-ը) զույգը հասցնում է մասնակցել 5 մրցաշարի, չնայած նրանց ոչ մի անգամ չի հաջողվում առաջ անցնել 2-րդ փուլից։ Ընդհանուր առմամբ տեղի է ունեցել 8 մրցաշար՝ 3 հաղթանակ և 5 պարտություն։ Այդ մրցաշրջանում Մարտինա Հինգիսն այլևս մարզադաշտ դուրս չի եկել։ Նոր մրցաշրջանում՝ 2014 թվականին ձևավորվել է նոր զույգ՝ Հինգիս-Լիսիցկի։ Նոր ձևավորված զույգը պարտություն է կրում Ինդիան-Ուելսում հենց առաջին մրցաշարում։ Սակայն Մայամիում արդեն 2-րդ մրցաշարում հաղթանակում են։ 2014 թվականի հունիսին զույգը որոշում է այլևս միասին հանդես չգալ, քանի որ Լիսիցկին որոշում է կենտրոնանալ մենախաղի վրա։ Այդ ընթացքում զույգը հասցրել էր մասնակցել 4 մրցաշարի, սակայն բացի նվաճած տիտղոսից, այլ նշանավոր արդյունքի այդպես էլ չհասան։ Հանդիպումների արդյունքը՝ 6 հաղթանակ և 3 պարտություն։ Դրանից հետո Հինգիսը Ֆլավիա Պենետոյի հետ զուգախաղով Իստբորնի մրցաշարում հասան մինչև եզրափակիչ (3 հաղթանակ, 1 պարտություն)։ Ուիմբլդոնում Հինգիս-Զբոնարյովա զույգը ստացավ ուայլդ-քարդ, բայց առաջին մրցաշրջանում նրանք զիջեցին մրցաշարի Բլեկ-Միրզա զույգին։ US Open-ում Հինգիսը Ֆլավիա Պենետտոյի հետ հասան եզրափակիչ, որտեղ զիջեցին Մակարովա-Վեսնինա զույգին։ Սակայն հետո Մարտինա-Պենետտո զույգը հաղթեց ևս երկու անգամ ՝ Ուխանում և Մոսկվայում՝ Կրեմլի գավաթի մրցաշարերում։

2015 թվականին Բրիսբենի մրցաշարում Հինգս-Լիսիցկի միավորված զույգը նվաճեց հերթական տիտղոսը։ Նույն թվականին 41- ամյա Լեանդր Պաեսի հետ հաղթել են Ավստրալիայի բաց առաջնությունում՝ խառը մրցակարգում։ Ավստրալիայի բաց առաջնությունում Մարտինա Հինգիս և Ֆլավիա Պենետտա զուգախաղի անհաջող ելույթից հետո դադարեցնում են համագործակցությունը, իսկ Մարտինան զուգախաղով մասնակցում է Սանյա Միրզայի հետ։ Մարտ ամսին զույգը նվաճում է ամերիկական Ինդիան-Ուելսի՝ BNP Paribas Open և Մայամիի բաց առաջնության երկու հեղինակավոր մրցանակները։ Երկու դեպքում էլ Հինգիս-Միրզա զույգը եզրափակչում հաղթել է Մակարովա-Վեսնինա զույգին։ Ապրիլի սկզբին զույգը շարունակում էր հաջող ելույթները, հաղթելով Չարլստոնի մրցաշարում։ 17 տարի անց Հինգիսը նորիս մասնակցել է Ֆեդերացիայի Գավաթին։ Ի սկզբանե որոշված էր, որ նա զուգախաղով ելույթ կունենա, սակայն միչև խաղի սկսվելը Լեհաստանից որոշում են, որ Մարտինան հանդես կգա մենախաղով։ Վերադարձը անհաջող սկսվեց․ Հինգիսը երկու մրցաշար տանուլ տվեց Ագնեշկա և Ուրսուլա Ռադվանսկաներ քույրերին։ Հռոմի մրցաշարում Հինգիս-Միրզա զույգը հասան իրենց համատեղ 4-րդ եզրափակչին, որտեղ զիջեցին Բաբոշ-Մլադենովիչ զույգին։ Ֆրանսիայի բաց առաջնությանը Հինգիս-Միրզա զույգը քառորդ եզրափակչում զիջեցին մրցաշարի ապագա հաղթող՝ Բետանի Մատեկ Սանդս- Լյուսիա Շաֆարժովա զույգին։ Սանյա Միրզայի հետ 2015 թվականին Մարտինա Հինգիսը հաղթում է Ուինբլդոնում՝ զուգախաղում նվաճելով Մեծ սաղավարտի 10 տիտղոս։ Նույն մրցաշարում Հինգիս-Պաես զույգը հաղթում են խառը կարգի եզրափակչում։

Կարիերայի ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին հոկտեմբերի 28-ին Սինգապուրում Կանանց Թենիսի Ասոցիացիայի հաշվետու առաջնության ժամանակ Մարտինա Հինգիսը, որը 37 տարեկան էր, նախապես հայտարարեց, որ Սինգապուրի գերմրցաշարը, որտեղ ինքը մասնակցել է Թայվանից Չժան Յունժանի հետ, իր համար վերջինը կլինի։ Այդ մրցաշարում Մարտինան իր զուգընկերուհու հետ չկարողացավ դուրս գալ եզրափակիչ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականից մի փոքր առաջ Մարտինան հայտարարում է չեխ թենիսիստ Ռադեկ Շտեպանեկի հետ իր նշանադրության մասին, սակայն արդյունքում հարսանիք չի լինում։ Մարտինան և Ռադեկն իրենց հարաբերություններն ավարտում են 2007 թվականին օգոստոսին։ 2010 թվականին լուրեր են շրջանառվում, որ Մարտինան համաձայնել է ամուսնանալ ցյուրիխցի փաստաբան Անդրեաս Բյերի հետ։ 2010 թվականին դեկտեմբերի 12-ին շվեյցարական «Schweizer Illustrierte» թերթին տված հարցազրույցում Հինգիսը հայտնել է, որ ամուսնացել է։ 30 ամյա Հինգիսի ընտրյալը ֆրանսիացի 24 ամյա ձիարշավորդ Տիբո Յուտեն էր։ Քաղաքացիական ամուսնական արարողությունը տեղի է ունեցել Փարիզում։ Դրան ներկա են եղել միայն մտերիմ ընկերները և նորապսակների հարազատները։ «Մեր ամուսնությունը ոմանց համար կարող է անսպասելի համարվել, բայց ամեն ինչ պլանավորված է եղել»,- թերթին հայտնել է նախկին թենիսիստուհին[11][12]։ 2013 թվականի հուլիսին շվեյցարական Schweizer Illustrierte թերթը հայտնել է, որ զույգը տարվա սկզբից առանձին են ապրում։ Յուտենի խոսքով, Հինգիսն իրենց ամուսնության ընթացքում իրեն մի քանի անգամ դավաճանել է[13]։ 2013 թվականի մայիսից Մարտինան հարաբերությունների մեջ է գտնվելմ Դավիդ Տոսաս Ռոսի հետ, որը իսպանացի թենիսւստ Տոմմի Ռոբրեդոյի գործակալն է[14]։ Մարտինան խոսում է անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և սլովակերեն։

Երկրպագուների կողմից հետևելը[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի ապրիլին Մարտինա Հինգիսի սկանդալային երկրպագու Դուբրավկո Ռեյչեվիչը երկու տարով ազատազրկվել է․ ավստրալիացի ճարտարապետը, ծնունդով խորվաթ երկրպագուն, մրցաշարերի ընթացքում հետապնդել է Հինգիսին, հսկել նրան տան մոտ, ողողել է սիրային նամակներով և ծաղկեփնջերով։ 2000 թվականի մարտ ամսին Մարտինայի համբերությունը հատել է։ Կի Բիսկեյնի մրցաշարի ժամանակ Ռայչեվիչը ձերբակալվել է և բաց է թողնվել 2 միլիոն դոլլոր գրավի դիմաց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Olympedia — 2006.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 WTA կայքէջ
  3. https://www.tagesanzeiger.ch/sport/tennis/martina-hingis-stuermt-wieder-ans-netz/story/25218189
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 669. — ISBN 978-0-942257-70-0
  5. 5,0 5,1 Craine A. G. Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  7. Мартина Хингис: звезда или комета?// «Неделя» № 34 (96)
  8. результаты выступлений Мартины Хингис на официальном сайте Sony Ericsson WTA Tour
  9. Филиппова, Анастасия. ««Дело Шараповой» в ряду других допинговых скандалов в теннисе» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  10. правды», Комсомольская правда | Сайт «Комсомольской (2007 թ․ նոյեմբերի 2). ««Допинговый» скандал вынудил Мартину Хингис уйти из спорта». KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  11. «Martina Hingis - Heimliche Hochzeit in Paris!». Schweizer Illustrierte. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  12. «Мартина Хингис вышла замуж за французского наездника». NEWSru.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  13. «Is Martina Hingis A Serial Cheater? Husband Thibault Hutin Accuses 2013 Tennis Hall Of Fame Inductee Of Cheating, Adultery». International Business Times. 2013 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  14. Wimbledon, Von Cécile Klotzbach aus. «Hingis-Ehemann Thibault behauptet: Das ist Martinas Neuer» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտինա Հինգիս» հոդվածին։