Կենսաբանական գիտությունները Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենսաբանական գիտությունները։ Հայաստանի տարածքում դեռևս նախաուրարտական դարաշրջանում զարգացած են եղել հողագործությունը և անասնապահությունը, այդ մասին կան պեղածո վկայություններ։ Ըստ ժամանակակից գիտության տվյալների՝ Հայաստանը եղել է որոշ մշակաբույսերի (հացահատիկ, խաղող, ծիրան) աճեցման աշխարհի առաջին կենտրոններից։ Իսկ բնական գիտությունների սաղմերն ի հայտ են եկել Ուրարտուի գոյության դարաշրջանում (մ. թ. ա. 9-6-րդ դարեր)։ Մ. թ. 4-րդ դարում հայկական կենսաբանակա մտքի վրա զգալի ազդեցություն է ունեցել մի շարք նշանավոր գիտնականների գործունեությունը հելլենիստական մշակույթի հզոր կենտրոնում՝ Կեսարիայում։ Բարսեղ Կեսարացու «Վեցօրէից ճառք»-ը, Նեմեսիոս Եմեսացու «Յաղագս բնութեան մարդոյ» և Գրիգոր Նյուսեցու «Տեսութիւն ի մարդոյն կազմութիւն» աշխատանքները, որոնք որոշակի տեղեկություններ են պարունակում մարդու, կենսաբանական, և բուսական աշխարհների վերաբերյալ, հայերեն են թարգմանվել 5-8-րդ դարերում։ Հայկական մատենագրության մեջ պահպանվել են նաև հայ հեղինակների գործեր անատոմիայի, ֆիզիոլոգիայի, սաղմնաբանության, բուսաբանության, բժշկագիտության և կենսաբանական այլ գիտությունների վերաբերյալ։ Դրանցից շատերն Արիստոտելի, Պլատոնի և այլոց աշխատանքների մեկնություններ են, որոշ աշխատանքներ՝ ուրույն գործեր։ 5-րդ դարում Եզնիկ Կողբացին իր «Եղծ աղանդոց» (հրատարակված՝ 1762 թվականին) աշխատության մեջ գիտականորեն տարբերակում է կենդանի և անկենդան մարմինները, գիտակից և ոչ գիտակից էակներիև, անդրադառնում նաև մարդու և կենդանիների բնազդներին, ժառանգականությանը։ Այդ ժամանակների հեղինակների աշխատություններում կենսաբանական հարցերը վերլուծվել են տարերային մատերիալիզմի դիրքերից, ներկայացվել պատմական Հայաստանի կենդանական և բուսական կենսաձևերի պատկերը, դրանց ձևաբանական, ֆիզիոլոգիական և սաղմնաբանական հատկանիշները։ Հայ պատմիչներից Ագաթանգեղոսը հիշատակել է բույսերի 67 տեսակ և կարգաբանական սկզբունքով խմբավորել դրանք, իսկ Ղազար Փարպեցին բավական մանրամասնորեն նկարագրել է Արարատյան դաշտի կենդանական և բուսական աշխարհները։ Մովսես Խորենացին տեղեկություններ է հաղորդում ոչ միայն Արարատյան դաշտի, այլև պատմական Հայաստանի այլ շրջանների կաթնասուն կենդանիների մասին։ 5-6-րդ դարերում Դավիթ Անհաղթն իր «Սահմանք իմաստասիրութեան» աշխատության մեջ արծարծել է բնապատմության, կենսաբանության, բժշկության հարցեր։ Նրա բնափիլիսոփայական երկերում մարդու՝ իբրև «ուղիղ քայլող» էակի բնորոշումը միանգամայն մոտ է հոլանդացի մարդաբան Է. Դյուբուայի (19-րդ դարի վերջ) սահմանմանը (Homo sapiens erectus)։ 7-րդ դարում Անանիա Շիրակացին շարունակել է անտիկ և հայ կենսաբանական մտքի լավագույն ավանդույթները։ Նրա աշխատություններում տեղեկություններ կան Հայաստանի բուսական և կենդանական աշխարհների բնական հարստությունների վերաբերյալ։ Կյանքի և մահվան դիալեկտիկ, սկզբունքը Շիրակացին արտահայտել է հետևյալ կերպ՝ «Կյանքը մահվան սկիզբն է, իսկ մահը՝ կյանքի»։ Արաբական տիրապետության շրջանում հայկական կենսաբանական միտքն անկում է ապրել։ 10-11-րդ դարերում Գրիգոր Մագիստրոսը որոշ կենսաբանական հարցեր վերլուծել է Թեոֆրաստի և Արիստոտելի ոգով։ Անիի բարձրագույն դպրոցի հիմնադիր Հովհաննես Սարկավագը (1045-1129) Ռոջեր Բեկոնից ավելի քան մեկուկես դար առաջ ընդգծել է փորձի՝ որպես բնությունը ճանաչելու հիմնական միջոցի նշանակությունը։ 11-րդ դարի վերջից բնագիտությունը նոր վերելք է ապրել Կիլիկիան Հայաստանում, առավել բարձր զարգացման են հասել անատոմիան ու ֆիզիոլոգիան։ Մխիթար Հերացու, Գրիգորիսի, Աբու Սաիդի, Իշոխի երկերում ներքին օրգանների կառուցվածքի մանրամասն նկարագրությունների կողքին փորձեր են արվում ֆունկցիոնալ կապ տեսնելու գլխուղեղի և ծայրամասային նյարդ, համակարգի միջև։ Միջնադարյան մի շարք ձեռագրերում արծարծվել են նաև գյուղատնտեսության վերաբերյալ հարցեր։ 12-րդ դարում Մխիթար Հերացին լավ ծանոթ է եղել բուսական և կենդանական աշխարհներին, հատկապես այն տեսակներին, որոնք օգտագործվել են բժշկական նպատակներով և որպես սնունդ։ Կարծիք կա, որ Մխիթար Հերացին է թարգմանել «Գիրք վաստակոց» գյուղատնտեսական հանրագիտարանը, որտեղ, ի թիվս այլ առարկաների, ուսումնասիրվել են նաև բնական գիտություններ։ Այդ շրջանում կենսաբանությանն առնչվող հարցեր ֊շոշափվել են Հովհաննես Երզնկացու (1230-1293), Հովհան Որոտնեցու (1315-1386) և Գրիգոր Տաթևացու (1346-1409) աշխատություններում։ «Գիրք հարցմանց»-ում Գրիգոր Տաթևացին տեղեկություններ է տվել բուսաբանության, կենդանաբանության և կենսաբանական այլ գիտությունների վերաբերյալ, բույսերը խմբավորել է ըստ պտուղների օգտակարության, թռչունները՝ ըստ թևերի, ձկները՝ ըստ թեփուկների և «թևերի» կառուցվածքի։ Միջնադարյան հայկական կենսաբանական մտքի վերջին ականավոր ներկայացուցիչը՝ Ամիրդովլաթ Ամասիացին, մի շարք աշխատություններում տեղեկություններ է տալիս անատոմիայի, ֆիզիոլոգիայի, սաղմնաբանության վերաբերյալ, հիշատակում է դեղագործության մեջ կիրառվող մոտ 1000 բույս, կենդանի և հանքատեսակ։ Լինելով գիտակ դեղագործ՝ նա մանրամասն նկարագրել է դեղաբույսերը, նրանց տարածման շրջանները, բույսերի օրգանների ձևաբանությունը։ Բուսաբուծության ոլորտում Ամիրդովլաթ Ամասիացու ավանդույթները շարունակել են Սեբաստիայի դպրոցի նշանավոր ներկայացուցիչներ Բունիաթ և Ասար Սեբաստացին (16-17-րդ դարերում)։ 17-րդ դարի վերջին և 18 դարի առաջին կեսին Կոստանդնուպոլսում ապրել և գործել է հայ առաջին կենդանաբան Աբրահամ Պոլսեցին։ Նա իր՝ հիմնականում բանաքաղված աշխատությունը գրել է ժամանակի եվրոպական գիտության մակարդակով, որտեղ շարադրել է նաև իր սեփական դիտարկումները։ Հետագայում հայ կենսաբանական միտքը զարգացել է եվրոպական գիտության ազդեցությամբ։ Հայաստանում և գաղթավայրերում ստեղծվել են բնագիտական աշխատություններ, որոնք պարունակում են բուսաբանության ու կենդանաբանության բաժիններ, ինչպես նաև զուտ կենսաբանական նյութեր և ընդարձակ ձեռնարկներ հայկական դպրոցների համար։ Բուսաբանական և կենսաբանական բնույթի տեղեկություններ կան Մատթեոս և Ղուկաս Վանանդեցիների «Դուռն իմաստութեան» (1699), Ստեփանոս վարդապետ Աբգարյան Անկյուրացու «Գիրք, որ կոչի սկզբունք բնական գիտութեանց» (1796), Հակոբ վարդապետ Ստեփանյանի «Տեսաբան աշխարհի բովանդակիչ բնական և բարոյական գիտութեանց» (1870) գրքերում։ Ս. Շեհրիմանյանը Հայաստանի դեղաբույսերը մանրակրկիտ ներկայացրել է ստվարածավալ «Տնկաբանութիւն կամ փղորայ Հայաստանի» (1818) աշխատության մեջ, որտեղ կիրառել է բույսերի դասակարգումը՝ ըստ Կ. Լիննեյի։ Ուշագրավ է Սամվել վարդապետ Սամսարյան Կոստանդնուպոլսեցու «Բնական պատմութիւն կարգ թռչնոց» (1815) գրքույկը, որն արժեքավոր նյութեր է պարունակում հատկապես գիշատիչ թռչունների մասին։ Սկսած 19-րդ դարից՝ հայ գիտնականների աշխարհայացքները ձևավորվել են եվրոպական և ռուսական տարբեր կենսաբանական դպրոցների ազդեցությամբ։ 19-րդ դարի կեսերից կենսաբանական աշխատանքներով հանդես են եկել Ե. Սիրունյանը, Ս. Երեմյանը, Գ. Կոստանդյանը, Ն. Տաղավարյանը, Մ. Մալաքյանը, Ս. Պալասանյանը, Ե. Պալյանը, Ս. Բալաղյանը և ուրիշներ։ Հայ գիտնականների համար եվրոպական և ռուսական առաջադեմ գիտության հետ հաղորդակցվելու մեծ հնարավորություններ ստեղծվել են Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո։ 19-րդ դարում կենսաբանության նվաճումները լուսաբանվել են հայ մամուլի («Բազմավեպ», «Հյուսիսափայլ», «Մշակ», «Մեղու Հայաստանի», «Բյուրակն», «Բյուզանդիոն», «Գիտական շարժում» և այլն) էջերում։ Իր գրվածքներում բազմիցս կենսաբանական հարցեր է շոշափել Մ. Նալբանդյանը։ Դարվինիզմի վերաբերյալ հոդվածներով հանդես են եկել հայ մշակույթի գործիչներից Րաֆֆին և Լեոն։ Ղևոնդ Ալիշանը կազմել է «Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն» (1895) գիրքը, որտեղ նկարագրել է ավելի քան 3400 բույս ու ծաղկատեսակ։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Ռուսաստանում, Եվրոպայում արդեն աշխատել են մի շարք հայ կենսաբաններ՝ կենսաքիմիկոս Հակոբ Հովհաննիսյանը, ֆիզիոլոգ Տիգրան Մուշեղյանը, ագրոքիմիկոս և մանրէաբան Պապա Քալանթարյանը և, բուսաբան Հովակիմ Բեդելյանը, բուսաբույծ Միքայել Թումանյանը, կենդանաականաբան Ավետիք Տեր-Պողոսյանը Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո նրանք հիմնադրել են ժամանակակից հայկական կենսաբանական դպրոցը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։