Կաղարծի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղական համայնք
Կաղարծի
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտունու շրջան
Մակերես1278,6 հա կմ²
ԲԾՄ904 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն306 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Կաղարծի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Կաղարծի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Կաղարծի, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում։ Շրջկենտրոն Մարտունի քաղաքից հեռու է 20 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 31 կմ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղարծին գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում՝ Մարտունու շրջանում՝ նախկին Վարանդայի գավառում։ Բնակավայրը տեղաբաշխված է Ստեփանակերտ-Մարտունի մայրուղու միջնամասի ձախ հատվածում։ Գյուղի ձախ մասով հոսում է Խոնաշենի ձախափնյա Տնջրի վտակը, որը ամռան ամիսներին ցամաքում է[1]։ Բնակավայրը լեռնային է և զբաղեցնում է 1278,6 հա տարածք, որից 204,25 հա անտառային հողեր են։ Կաղարծի համայնքի սահմանային գոտով հոսում է Խանաշեն գետը։ Համայնքի տարածքում առկա են թվով 16 աղբյուրներ` «Ըղլարանց», «Անումավար», «Տելողնուն», «Ֆյալ», «Շիշի», «Հացե», «Տաք», «Եզեն», «Օխնան», «Ճըմե», «Հազմ», «Լալեգ», «Սազան», «Շաման», «Սուրանց» և «Սռնատուն»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ մի տեսակետի՝ բնակավայրը կազմավորվել է վաղ միջնադարում։ Գյուղի մոտ 13-րդ դարի խաչքար է հայտնաբերվել։ Մովսես Կաղանկատվացին պատմում է, որ Աղվանից Աբաս կաթողիկոսի ժամանակ (6-րդ դար) սրբերի մասունքները հասցրել են Արցախի Կաղսետու բնակավայր[1]։

Կաղարծին Վարանդայի նշանավոր բնակավայրերից մեկն է, որը կարևոր նշանակություն է ունեցել, մանավանդ 13-րդ դարից մինչև խորհրդային կարգերի հաստատումը` 1920 թվականը։

19-րդ դարում գյուղում կառուցվել է Սբ. Թարգմանչաց եկեղեցին, որը 2000-ական թվականների սկզբներին վերանորոգվել է։

20-րդ դարի սկզբներին այստեղ փայտե տուփի մեջ պահպանվում էին մի հին արծաթե խաչ ու պատկերազարդ Ավետարան։ Այդտեղ եղած հիշատակարանում նշված էր, որ այդ Ավետարանը Հովհաննես գրչի գործն է եղել, և որ Թորոս երեցը 6000 դահեկանով այն գնել է անօրենների ձեռքից ու 1477 թվականին բերել Արցախ[1]։

Թարգմանչաց եկեղեցին ունեցել է գմբեթավոր զանգակատուն, որի զանգը կշոել է մոտ 900 կգ։ Եկեղեցին գործել է մինչև 1920 թվականը։ Խորհրդային տարիներին զանգը գլորել են ձորը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին օգտագործել են որպես մետաղի ջարդոն։

19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին գյուղը բավականաչափ բազմամարդ էր ու բարեկարգ վիճակում էր գտնվում[1]։

Նշված ժամանակահատվածում Միջին Ասիայում վաճառականությամբ զբաղվող կաղարծեցի Ավանես Նալբանդյանի միջոցներով սալահատակվել են գյուղի հիմնական փողոցները։

18-19-րդ դարերում Կաղարծիից որոշ ընտանիքներ տեղափոխվել և հաստատվել են Հաթերքում ու Շամախիի Մյուրիշեն գյուղում։ Գյուղում խորհրդային կարգեր հաստատելուց հետո` 1930 թվականին, կազմակերպվել է կոլտնտեսություն։ 1988թ ապախոշորացումից հետո Կաղարծու կոլտնտեսությունը շարունակել է գործել[1]։

1998 թվականին հողերի սեփականաշնորհումից հետո ստեղծվել են անհատական տնտեսություններ։

Հայրենական մեծ պատերազմին գյուղից մասնակցել է 460 մարդ, որոնցից 123-ը զոհվել է։ Նրանց հիշատակին Կաղարծիում հուշարձան է կառուցվել[1]։

Գյուղը Արցախյան ազատամարտին[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան ազատագրական պայքարի առաջին տարիներին՝ 1988-1989 թվականներին, Արմեն Սարգսյանի հրամանատարությամբ գյուղում ինքնապաշտպանական ջոկատ է կազմակերպվել։ Մարտական գործողություններին մասնակցել է 75 ազատամարտիկ։ Նրանցից 11-ը` Լևոն Գասպարյանը, Նելսոն Հարությունյանը, Արմավիր Պետրոսյանը, Վլադիմիր Սայիյանը, Մերուժան Ասրիբաբայանը, Էդիկ Սաֆարյանը, Սեյրան Հարությունյանը, Ռազմիկ Բաբայանը, Լավրենտ Սաղյանը, Հենրիխ Հակոբջանյանը, Ռազմիկ Բալասանյանը զոհվել են[1]։

Գյուղում նրանց հիշատակը հավերժացնող հուշարձան է կառուցվել։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Կաղարծի համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 306 մարդ, կա 100 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 325 307 246

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Կաղարծինի տարածքի 1026,28 հա-ը զբաղեցնում են գյուղատնտեսական նշանակության հողերը։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Թարգմանչաց վանք եկեղեցի (19-րդ դար), գերեզմանոց (18-19-րդ դարեր), մատուռ «Լուսավորիչ» (17-18-րդ դարեր), Մատթե սրբատեղին (10-13-րդ դարեր), խաչքար (13-րդ դար), աղբյուր (19-րդ դար), հաշվառված է 18 հուշարձան։ Կաղարծիի ազգաբնակչության մոտ պահպանված ավանդազրույցի համաձայն Լուսավորչի մատուռում ամփոփված է Գրիգոր Լուսավորչի ցուցամատը[1]։

Գյուղի աղբյուրներն են` Ըղըլարանց, Ընմավուր, Տկողնուն, Փյալա, Շիշի, Հացե, Տաք, Ետեն, Օխնան, Ճրմաղբյուր, Լալեգ, Սազարտ, Շաման, Սուբանց, Սոնատուն, Ծլլոկ, Մեքուն, Չոբան, Թունգ, Թխկուն տակ, Բաղեն ծորեն, Թազուն, Միզաղբյուր[1]։

Համայնքի անտառներն ու հանդամասերն են` Աղբուլաղ, Սազարտ, Բեդուն ծմակ, Հաբուն ծմակ, Ծառեխ, Ցաքուտ, Ետե հանդ, Հացե խութ, Թեղե վեղ, Կակուլին բաղ, Բաղեն ծոր, Տանձի վեղ, Միրդանանց տափ, Շիշի աղբյուր, Ըղլարանց տափ, Նորաշենք, Փյալա աղբյուր, Լուսավորիչին տափ, Սազարտ տափ, Լվաշա տափ, Էվուլին թումբ, Գուրջունց քոլոտ, Փյալ աղբյուրի տափ, Տկողնե աղբյուրի տափ[1]։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1869 թվականին Կաղարծիում գործել է մասնավոր դպրոց։ 1873 թվականին բացվել է նախակրթարան։ Այն գործում էր Խմբաջանց, Թևունց տներում։

1877-1878 թվականներին գյուղի բնակչությունը խնդրագրով դիմել է կաթողիկոսին և վեհափառի թույլտվությամբ դպրոց բացել։ Ուսուցիչն էր Տեր Մարտիրոս քահանան։ Այն փակվել է 1896 թվականին և վերաբացվել 1906 թվականին։

1908-1909 ուսումնական տարում դպրոցն ուներ 3 բաժանմունք, 65 աշակերտ, 2 ուսուցիչ[1]։

1908-1910 թվականներին կաղարծեցի վաճառական Առաքել Սաֆարյանի նախաձեռնությամբ և նյութական միջոցներով դպրոցական շենք է կառուցվել, որն առայսօր ծառայում է գյուղի բնակիչներին։

1922 թվականին գյուղում բացվել է տարրական դպրոց։ 1938 թվականին այն միջնակարգի կարգավիճակ է ստացել[1]։

Տարեցտարի աշակերտների թվաքանակը նվազել է։ 2018-2019 ուսումնական տարում դպրոցում սովորում էր 32 աշակերտ։

Կաղարծու դպրոցի շրջանավարտ է ԱՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարար, ԱԺ պատգամավոր Արմեն Սարգսյանը։

Ծնունդով Կաղարծի գյուղից է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, Ճարտարապետ Սամվել Սաֆարյանը[1]։ 2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 53 աշակերտներ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջ 437.
  2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  3. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 235.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 195