Խնկեղեգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծաղկած խնկեղեգը

Խնկեղեգ, ակիր (լատ.՝ Acorus), նվիկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս։ Տերևները երկար են (մինչև 1 մ) նշտարաձև կամ թրաձև, կոճղարմատը հաստ է, սողացող։ Ծաղկաբույլը՝ դեղնականաչավուն կամ դեղին։ Պտուղը բազմասերմ հատապտուղ է։

Հայտնի է երկու տեսակ, նախկին ԽՍՀՄ-ում և Հայաստանում՝ 1 տեսակ՝ սովորական խնկեղեգ (լատ.՝ Acorus calamus), որն աճում է ճահիճների ու գետերի ափին, երբեմն առաջացնում է խիտ բուսուտներ։

Խնկեղեգի բուժիչ հատկությունները հայտնի են եղել միջնադարի հայ բժիշկներ Մխիթար Հերացուն և Ամիրդովլաթ Ամասիացուն։ Խնկեղեգը պարունակում է եթերային յուղեր, գլյուկոզիդ, դաբաղանյութեր, օսլա, խեժ և այլն։ Անցյալում հայ եկեղեցականները խնկեղեգից խունկ են պատրաստել։ Խնկեղեգից ստացված պատրաստուկները կիրառվում են որպես ախորժաբեր և մարսողությունը բարելավող, ինչպես նաև օրգանիզմի տոնուսը բարձրացնող միջոց։ Խնկեղեգն լայնորեն կիրառվում է սննդարդյունաբերության մեջ, պարֆյումերիայում։

Մեր հանրապետությունում խնկեղեգն համարյա անհետացել է և աճում է միայն Էջմիածնի շրջանի Փարաքար և Արևշատ գյուղերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png