Խունկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խունկ, խեժ, որ ստացվում է արևադարձային որոշ ծառերից։ Ըստ երկրորդ նշանակության խունկը տարբեր խեժերի (լատան, կնդրուկ, ստաշխն, հալվե, խունկ) հավաքական անվանումն է։ Այդ խեժերը պնդանալիս փոխարկվում են դեղնավուն կտորների, այրվելիս արձակում են բուրավետ հոտ։ Պարունակում են բուսախեժեր, եթերային յուղեր և այլն։ Մասնակիորեն լուծվում է ջրում և օրգանական լուծիչներում, տաքացնելիս (առանց հեղուկ վիճակի անցնելու) գոլորշիանում է։

Խունկն օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ (ունի հականեխիչ և բուժիչ հատկություններ), կրոնական ծեսերի ժամանակ։ Զոհաբերությունների գարշահոտությունը վերացնելու համար խնկարկել են նաև տաճարներում։ Մարդիկ հավատացել են, թե խնկահոտը հաճելի է աստվածներին։

Խունկի ծխումը քրիստոնեական եկեղեցին նվիրագործել է, որովհետև, ըստ Ավետարանի, Հիսուս Քրիստոսի թաղման հաջորդ օրը՝ այգուցին, գերեզմանին խունկ են վառել նրա անապական մարմինն օծելու համար (այստեղից՝ մահացածի շիրիմին խունկ ծխելու սովորույթը)։ Փոխաբերական իմաստով խորհրդանշում է անաղարտություն և մաքրություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png