Եվրոպայի հայկական միությունների ֆորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եվրոպայի հայկական միությունների ֆորում (ԵՀՄՖ). համաեվրոպական հայկական կազմակերպություն։ Հիմնադրվել է 1998 թվականին՝ Եվրոպայի յոթ երկրների (Շվեյցարիա՝ նախաձեռնող, Գերմանիա, Բելգիա, Իտալիա, Անգլիա, Հունգարիա, Ռուսաստան) հայ համայնքների տարբեր կազմակերպությունների ներացուցիչների մասնակցությամբ։ Ֆորումի նպատակն է պայմաններ ստեղծել Եվրոպայի հայկական կազմակերպությունների միջև մշտական հաղորդակցություն ապահովելու, համագործակծություն հաստատելու և ամրապնդելու, համատեղ խնդիրներ ու ծրագրեր քննարկելու և դրանք միասնաբար լուծելու համար։

ԵՀՄՖ-ի ժողովները[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՀՄՖ-ի առաջին ընդհանուր ժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի մայիսին Բրյուսելում (Բելգիա) կայացել է ԵՀՄՖ-ի առաջին ընդհանուր ժողովը, որին մասնակցել է Եվրոպայի 15 երկրների հայ համայնքների շուրջ 200 ներկայացուցիչ։ Բրյուսելի համաժողովը հաստատել է ԵՀԱՖ-ի կանոնադրությունը, սահմանել գործունեության հիմնական ուղղությունները։

ԵՀՄՖ-ի երկրորդ ընդհանուր ժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՀՄՖ-ի 2-րդ ընդհանուր ժողովը (2000 թվականի հունիս Բուդապեշտ) որոշել է տարբեր բնագավառների մասնագիտական խորհրդաժողովներ անցկացնել և Բրյոաելում քաղաքական-տեղեկատվական գրասենյակ հիմնել։

ԵՀՄՖ-ի երրորդ ընդհանուր ժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՀՄՖ-ի 3-րդ ընդհանուր ժողովը (2001 թվականի հունիսի 1-ից 4-ը, Բոնն) որոշում է ընդունել մայիսի 9-ը (Շուշիի ազատագրման օրը) Եվրոպայում հայտարարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օր և իր անդամ միություններին, համայնքներին, ինչպես նաև Եվրոպայի բոլոր հայ համայնքներին կոչ է արել այդ օրը կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ և դրանցից գոյացած հասույթը տրամադրել ԼՂՀ-ին։

Եռակողմ համաձայնագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՀՄՖ-ի այդ կոչը մեծ արձագանք է ունեցել Եվրոպայի հայության շրջանում և կազմակերպական ձև է ստացել սեպտեմբերի 17-ին կնքված եռակողմ համաձայնագրով։ Այն ստորագրել են ԵՀՄՖ, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և ԼՂՀ Կառավարությունը։ Ըստ համաձայնագրի՝ ԼՂՀ Կառավարությունը ներկայացնում է մարդասիրական ծրագրեր, ԵՀՄՖ կազմակերպում է դրամահավաք միջոցառումներ (հեռախոսամարաթոններ են), իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է նպատակային ծրագրերը։ 3-րդ ընդհանուր ժողովում ԵՀՄՖ-ին անդամակցել են նաև Ավստրիայի և Ռումինիայի հայկական կազմակերպությունները, ֆորումի անդամ-երկրների թիվը հասել է 19-ի։

ԵՀՄՖ-ի մասնագիտական ճյուղավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՀՄՖ-ի մասնագիտական ճյուղավորումներից է Հայ գործարարների ֆորումը, որն ստեղծվել է Եվրոպայում գործող հայ գործարարների միջև կապերի ամրապնդման ու տեղեկատվական դաշտի ստեղծման նպատակով։ 2000 թվականին՝ Բուդապեշտում, 2001 թվականին Ժնևում հրավիրված Եվրոպայի հայ գործարարների համաժողովները քննարկել են միմյանց հետ համագործակցելու և Հայաստանում ու Արցախում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցեր։ Եվրոպայի հայ գործարարների ֆորումը ստեղծել է գործադիր մարմին, որի գրասենյակը գտնվում է Ժնևում։ 2002 թվականի փետրվարին Փարիզում անցկացվել է Եվրոպայի հայ իրավաբանների ֆորում։ 2002 թվականի մարտին Բրատիսլավայում ԵՀՄՖ-ի հովանավորությամբ տեղի է ունեցել եվրոպահայ մամուլի առաջին համաժողովը, որին մասնակցել են 10 երկրներից ժամանած մոտ 20 լրատվամիջոցների ղեկավարներ, խմբագիրներ ու լրագրողներ։ Համաժողովը որոշել է ստեղծել միասնական տեղեկատվական ցանց, հրատարակել եվրոպահայ մամուլի տեղեկատու, ստեղծել լրատվական կենտրոն ու եվրոապահայ մամուլի ակումբ, աշխուժացնել հայրենիք-սփյուռք լրատվական կապերը։

Այլ համաժողովներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաժողովներ են տեղի ունեցել նաև 2002 թվականին Ուփսալայում (Շվեդիա), 2003 թվականին՝ Վենետիկում, ապա՝ Ժնևում։ 2003 թվականի սեպտեմբերին ԵՀՄՖ-ից անջատված թևը հիմնադրել է Եվրոպայի հայկական համագումար կազմակերպությունը։ Ներկայումս ԵՀՄՖ միավորում է Եվրոպայի 29 սփյուռքահայ կազմակերպությունների։ Գրասենյակներ են հիմնվել Ժնեում և Բրյուսելում։ ԵՀՄՖ ունի գործադիր մարմին, քաղաքական խորհուրդ և խորհրդատվական մարմին։ 1999 թվականից ԵՀՄՖ-ի ընդհանուր քարտուղարն է Թորոս Սաղրյանը (Սակերյան)։ ԵՀՄՖ-ի գործունեությանը պարբերաբար անդրադառնում են «Օրեր» (Պրահա) համաեվրոպական անկախ ամսագիրը (խմբագիր՝ Հակոբ Ասատրյան) և «Արմենիա» (Երևան) պատկերազարդ հանդեսը (խմբագիր՝ Հ․Մոսկոֆյան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։