Դևիդ Լին
| Դևիդ Լին | |
|---|---|
ռեժիսոր, մոնտաժող |
|
| ԱԱՀ՝ | Դևիդ Լին |
| Ծննդյան օր՝ | մարտի 25, 1908 |
| Ծննդավայր՝ | Կրոյդոն, Սուրեյ, Մեծ Բրիտանիա |
| Վախճանի օր՝ | ապրիլի 16, 1991 |
| Վախճանի վայր՝ | Լոնդոն, Մեծ Բրիտանիա |
| Քաղաքացիություն՝ | Մեծ Բրիտանիա |
| Աշխատանք՝ | 1934-1984 |
| Պարգևներ և մրցանակներ՝ |
Օսկար, 1957, 1962 |
| Կայք՝ | IMDb-ում էջ |
Դևիդ Լին, (անգլ.՝ David Lean; մարտի 25, 1908, Կրոյդոն — ապրիլի 16, 1991, Լոնդոն), բրիտանացի կինոռեժիսոր, համաշխարհային կինոյի երևելի դեմքերից մեկը: Բրիտանական կինոակադեմիայի կողմից անցկացված հարցումներով դասվել է համաշխարհային կինոյի 10 լավագույն ռեժիսորներից մեկը:
Ստացել է Սըր կոչումը, իսկ 1984 թվականին նաև Մեծ Բրիտանիայի Ասպետ պատվավոր կոչումը:
Կենսագրություն և կարիերա [խմբագրել]
Ծնվել է 1908 թվականի մարտի 25-ին Լոնդոնի հարակից Կրոյդոն ավանում: Ծնողները մանուկ ժամանակ արգելել էին նրան այցելել կինոթատրոններ:
1927 թվականին աշխատանքի է անցնում կինոստուդիաներից մեկում,սկզբում` որպես ռեժիսորի օգնական, ապա` մոնտաժող: Առաջին լիամետրաժ մոնտաժի աշխատանքը կատարել է 1934 թվականին: Մինչև ռեժիսոր աշխատելը, նա արդեն համարվում էր իր ժամանակի լավագույն մոնտաժողներից մեկը:
Առաջին ռեժիսորական գործը 1942 թվականին Նոել Քաուորդի հետ համատեղ նկարահանած «Որի մեջ մենք ծառայում ենք» ֆիլմն էր: 1944-45 թթ. Լինը էկրանավորել է Քաուորդի ևս 3 պիես: Այնուհետ Չառլզ Դիքենսի գրվածքների հիման վրա նկարահանել է «Մեծ հույսեր» (1946) և «Օլիվեր Թվիստ» (1948) ֆիլմերը: 1947 թվականին դառնում է BAFTA կինոմրցանակի շնորհողներից մեկն ու ընտրվում նաև նրա ներկայացուցիչ:
1955 թվականին էկրան է բարձրանում նրա առաջին գունավոր ֆիլմը «Ամառ», որը նկարահանվել էր Վենետիկում ամերիկացի պրոդյուսերների միջոցների հաշվին: Դրանից հետո նկարահանում է իր ամենահայտնի ֆիլմը` «Կամուրջ Քվայ գետի վրայով» (1957), որի համար նա ստանում է իր առաջին Օսկարը Օսկար լավագույն ռեժիսորի համար անվանակարգում: Նույն մրցանակը ստանում է նաև 1962 թվականին «Լոուրենս Արաբացի» պատմական մասշտաբային ֆիլմի համար: Մյուս ամենահայտնի ֆիլմը Բորիս Պաստեռնակի համանուն վեպի էկրանացումն է` «Դոկտոր Ժիվագո»:
Այս վերջին 3 ֆիլմերը ընդգրկված են Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում, ռեժիսորը ստացել է Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար մրցանակը, իսկ «Լոուրենս Արաբացի» ֆիլմը Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում գլխավորում է էպիկական ֆիլմերի ցուցակը:
«Ռայանի աղջիկը» (1970) քիչ հաջողություն ունեցած ֆիլմից հետո դադարում է աշխատել որպես ռեժիսոր, հաջորդ ֆիլմը` «Ուղևորություն դեպի Հնդկաստան» նկարահանում է 1984 թվականին, այն դառնում է ռեժիսորի վերջին աշխատանքը:
Ընդհանուր թվով ստացել է 23 տարբեր կինոմրցանակներ, ներկայացված է եղել ևս 21-ի:
Ֆիլմագրություն [խմբագրել]
29 ֆիլմերի մոնտաժող է, 19 ֆիլմի ռեժիսոր: 3-ական ֆիլմերի պրոդյուսեր և դերասան է նաև:
Առավել նշանավոր ռեժիսորական աշխատանքներն են.
| տարեթիվ | անվանում | բնօրինակ անվանում | դերասաններ |
|---|---|---|---|
| 1945 | Կարճ հանդիպում | Brief Encounter | |
| 1948 | Օլիվեր Թվիստ (ֆիլմ) | Oliver Twist | Ալեք Գինես |
| 1957 | Կամուրջ Քվայ գետի վրայով | The Bridge on the River Kwai | Ուիլյամ Հոլդեն Ալեք Գինես |
| 1962 | Լոուրենս Արաբացի | Lawrence of Arabia | Օմար Շարիֆ Պիտեր Օ'Թուլ Էնթոնի Քուին Ալեք Գինես Խոսե Ֆերրեր Էնթոնի Քուեյլ |
| 1965 | Դոկտոր Ժիվագո (ֆիլմ) | Doctor Zhivago | Օմար Շարիֆ Ջուլի Քրիստի Ռոդ Սթայգեր Ալեք Գինես Ջերալդինա Չապլին |
| 1965 | Երբևե պատմված պատմություններից ամենամեծը (Ջորջ Սթիվենսի հետ համատեղ) |
The Greatest Story Ever Told | Մաքս ֆոն Սյուդով Չառլթոն Հեսթոն |
| 1984 | Ուղևորություն դեպի Հնդկաստան | A Passage to India |