Արաբ Շամիլով
Արաբ Շամիլով (1897, հունվարի 23 - 1978, հունիսի 29), հայաստանցի քուրդ արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։ Ստեղծագործել է քրդերեն և հայերեն։ Կրել է նաև Արաբե Շամո գրական անունը։
Ծնվել է Կարսի մարզի Սուսուզ գյուղում։ 1912-ին տեղափոխվել է Թիֆլիս, աշխատել պեմզայի գործարանում, ապա որպես թարգմանիչ` կազակական երրորդ գնդում։ 1916-ին տեղափոխվել է Կարս և աշխատել Սարիղամիշ-Էրզրում երկաթուղագծի շինարարությունում։ 1920-ին 11-րդ կարմիր բանակի հետ մտել է Բաքու։ Նույն թվականին մեկնել է Մոսկվա` Լազարյան ինստիտուտում սովորելու։ 1924-ին վերադարձել է Երևան։ Աշխատել է «Ռյա քազա» քրդերեն թերթի խմբագրությունում։ Հետագայում սովորել է ԽՍՀՄ ԳԱ ասպիրանտուրայում (Լենինգրադ, նրա ղեկավարն էր ակադեմիկոս Հովսեփ Օրբելին)։
Քրդերեն լույս են տեսել նրա «Լենինի կյանքը» (Երևան, 1930), «Քուրդ հովիվը» (Երևան, 1930), «Բախտի ճանապարհ» (Երևան, 1959), «Դըմ-դըմ բերդը» (վեպ, Երևան, 1966) և այլ գրքեր։ Նրա «Քուրդ հովիվը» երկը թարգմանվել և առանձին գրքով լույս է տեսել ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն։
Նրա սցենարով նկարահանվել է «Հայաստանի քրդերը» կինոնկարը («Հայֆիլմ», 1959)։
Մահացել է Երևանում։[1]
Ա. Շամիլովի հայերեն երկերի մատենագրություն [խմբագրել]
- Փոքրիկ հովիվը (պատմվածք քրդերի կյանքից), Երևան, Պետհրատ, 1931, 104 էջ։
- Ալագյազի քրդերը, Երևան, Պետհրատ, 1932, 56 էջ։
- Բախտի ճանապարհ (վեպ), գիրք 1, Երևան, Հայպետհրատ, 1961, 360 էջ։
- Բախտի ճանապարհ (վեպ), գիրք 2, Երևան, Հայպետհրատ, 1964, 336 էջ։
- Քուրդ հովիվը, Երևան, «Հայաստան», 1971, 204 էջ։
- Դըմ-դըմ բերդը (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1978, 220 էջ։
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 423-424։