Առևտրի Համաշխարհային Կազմակերպություն
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ, անգլերեն World Trade Organization (WTO)) միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1995 թվականին և որի նպատակն է միջազգային առևտրի ազատականացումը և անդամ-պետությունների առևտրաքաղաքական հարաբերությունների կարգավորումը: ԱՀԿ-ն պատասխանատու է նոր առևտրային համաձայնագրերի մշակման և ներդրման համար, ինչպես նաև հետևում է, որ անդամները հետևեն այդ համաձայնագրերին։
ԱՀԿ-ի շտաբ-բնակարանը գտնվում է Ժնևում։ Գլխավոր տնօրենն է հանդիսանում Պասկալ Լամին: 2008 թվականի հուլիսի դրությամբ ԱՀԿ-ի անդամ է եղել 153 պետություն։ Նրանցից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս անդամ պետություններին տրամադրել առևտրի ավելի բարենպաստ ռեժիմ:
ԱՀԿ կանոնները կարգավորում են միայն առևտրատնտեսական հարաբերությունները: ԱՀԿ-ի խնդիրն է ոչ միայն միասնական կանոնների մշակումը, այլև վերահսկողության իրականացումը անդամ երկրների կողմից ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հատուկ ստեղծված մեխանիզմի և ԱՀԿ-ի շրջանակներում գործող Վեճերի կարգավորման մարմնի միջոցով:
[խմբագրել] ԱՀԿ կազմակերպական կառուցվածքը
ԱՀԿ բարձրագույն պաշտոնական մարմին է հանդիսանում ԱՀԿ Ղեկավարական Կոնֆերանսը, որը հավաքվում է ոչ քիչ քան տարեկան մեկ-երկու անգամ:
[խմբագրել] ՀՀ անդամակցությունը ԱՀԿ-ին
Հայաստանի` ԱՀԿ-ին անդամակցության գործընթացը սկսվել է դեռևս 1992 թվականից, երբ Հայաստանը դիմեց Առևտրի և Սակագների Գլխավոր Համաձայնագրին (GATT) դիտորդի կարգավիճակ ստանալու համար, իսկ 1993 թվականին ներկայացրեց դիմում վերջինիս անդամակցելու նպատակով: 1993 թվականին ստեղծվեց աշխատանքային խումբ GATT-ում Ավստրալիայի դեսպան Դոն Քենյոնի նախագահությամբ: Ելնելով այն հանգամանքից, որ GATT-ը հետագայում վերափոխվեց ԱՀԿ-ի, 1995 թվականին Հայաստանը նորից դիմում ներկայացրեց արդեն ԱՀԿ-ին անդամակցելու համար:
1995 թվականի սկզբին ԱՀԿ քարտուղարությանն է ներկայացվել ՀՀ արտաքին առևտրի քաղաքականության ռեժիմի վերաբերյալ հուշագիրը, որը նկարագրում է ՀՀ տնտեսական վիճակը, իրականացվող տնտեսական քաղաքականությունը, ինչպես նաև գործող օրենսդրական համակարգը: Հուշագրի ներկայացումից հետո 3 ամսվա ընթացքում ԱՀԿ անդամ պետություններից ստացվել է մոտ 350 հարց` տնտեսության տարբեր ոլորտների կանոնակարգման մանրամասների տրամադրման պահանջով: 1995-ի վերջին հարցերի գրավոր պատասխանները, ինչպես նաև ԱՀԿ կազմած նոր ֆորմատին համապատասխան լրացուցիչ հուշագիրը ներկայացվել է ԱՀԿ Քարտուղարություն:
1996-2000 թվականների ընթացքում կայացել են ՀՀ ԱՀԿ անդամակցության գործընթացը կարգավորող աշխատանքային խմբի 5 հանդիպումներ, ինչպես նաև պարբերաբար անց են կացվել երկկողմ բանակցություններ ԱՀԿ անդամակցող 14 երկրների հետ (ԱՄՆ, ԵՄ, Ճապոնիա, Ավստրալիա, Կանադա, Շվեյցարիա, Չեխիա, Սլովակիա, Հնդկաստան, Ուրուգվայ, Մեքսիկա, Բուլղարիա, Կուբա, Լեհաստան):