Անմոռուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անմոռուկ (այլ կիրառումներ)


Անմոռուկ

Անմոռուկ (լատին․՝ Myosotis), մկնականջ, գաղտրիկազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 50, ՀՀ-ում՝ 14 տեսակ։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական և որոշ նորեվրոպական լեզուներում անմոռուկներն ունեն միանման իմաստն արտահայտող անվանումներ[1], օրինակ՝ հայերեն՝ Անմոռուկ (anmoruk), ռումիներեն՝ nu-mă-uita, անգլ.՝ forget-me-not, գերմ.՝ Vergissmeinnicht, լեհ.՝ Niezapominajki, դան․՝ Forglem-mig-ej, հոլ.՝ vergeet-mij-nietje, իսպ.՝ nomeolvides, ֆր.՝ ne m'oubliez pas, թուրքերեն՝ Unutma beni, էսպերանտո՝ neforgesumino, չինարեն՝ 勿忘我, կորեերեն՝ 물망초 (勿忘草, mul mang cho), ճապ.՝ 忘れな草、ワスレナグサ (wasurenagusa), եբրայերեն՝ זכריני‎ (Zichrini), պարս.՝ فراموشم مکن (farâmusham nakon), շվեդ.՝ Förgätmigej, բուլղար․՝ незабравка։

Ձևաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 5-40 սմ։ Տերևները նշտարաձև են, բութ բահանման կամ սրածայր։ Ծաղկաբույլը ողկուզանման է, տերևազուրկ, կրկնակի ոլորքներով, ծաղիկները՝ երկնագույն, մանր կամ միջին մեծության, հազվադեպ՝ մեկական՝ տեղադրված ցողունի վերին մասի տերևածոցերում։ Ծաղկում է ապրիլ-օգոստոսին։ Պտուղը երկարավուն կամ էլիպսաձև քառընկուզիկ է։

Կիրառական նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ տեսակներ դեղաբույսեր են։ Մեղրատու է։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անմոռուկ Դարալագյազին (M. daralaghezica) բնաշխարհիկ է։ Հանդիպում է Սուլեմայի լեռնանցքի (Վայքի մարզ) շրջակայքում, Արայի լեռան (Արագածոտնի մարգ) լանջերին, Ուրծի լեռնաշղթայում (Արարատի մարզ)։

Առավել տարածված են անմոռուկ նոսրածաղիկ (M. sparsiflora), անմոռուկ ճմոտ (M. caespitosa), անմոռուկ անտառային (M. sylvatica), անմոռուկ կաքավկրկուտատերև (M. lithospermifolia), անմոռուկ ալպիական (M. alpestris) և այլ տեսակներ՝ գրեթե բոլոր մարզերի անտառներում, թփուտներում, գետերի և ջրամբարների ափերին, ճահճոտ վայրերում, ալպյան և մերձալպյան մարգագետիններում։

Բանահյուսություն և ավանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1907 թվականի անմոռուկներով Զատիկի շնորհավորական փոստային բացիկ

Ըստ գերմանական լեգենդի, երբ աստված անվանում է բոլոր բույսերին, ինչ-որ մի փոքրիկ ծաղիկ, որը անուն չէր ստացել, ասում է աստծուն. «Մի մոռացիր ինձ, Տե՛ր»։ Աստված պատասխանում է, որ դա էլ հենց կլինի նրա անունը"[2]։ Ըստ մեկ այլ լեգենդի՝ երբ Արարիչը ավարտում է բաշխել ծաղիկների գույները, մի ծաղիկ շշնջում է. «Ինձ մի՛ մոռացիր»։ Արարչի մոտ միայն մի փոքր երկնագույն էր մնում, որն էլ հենց տալիս է այդ ծաղիկին։ Սրա պատճառով են անմոռուկի ծաղիկները ներկված այդքան բաց երկնագույնով։

Անգլիայի թագավոր Հենրի IV-ը ամոռուկը վերցրել է որպես իր 1398 թվականի աքսորի խորհրդանիշ. այն պահպանվել է նաև թագավորի՝ Անգլիա վերադառնալուց հետո[2]։

15-րդ դարում Գերմանիայում համարում էին, որ անմոռուկ կրողներին իրենց սիրեցյալները չեն մոռանա։ Ըստ լեգենդի, միջնադարում, երբ ասպետը և իր սիրեցյալը քայլելիս են եղել գետի ափով, ասպետը խոնարհվել է որ քաղի մի քանի անմոռուկ, բայց զրահի ծանրության պատճառով ընկել է գետը։ Խորտակվելիս նա նետել է անմոռուկներն իր սիրեցյալին և գոռացել՝ «Չմոռանաս ինձ»։ Աղջիկները այս պատճառով անմոռուկը հաճախ կրում են որպես հավատարմության և անմնացորդ սիրո խորհրդանիշ։

Մարգարետ Ֆրիմանը, մեջբերելով որոշ տասնհինգերորդ դարի գերմանացի բանաստեղծների, նշում է, որ ծաղիկն ստացել է իր իմաստը, քանի որ կապույտը միջնադարում ասոցացվել է հավատարմության հետ[3]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում բրիտանական գաղութ Նյուֆաունդլանդը մինչև Կանադայի 1949 թվականին պրովինցիա դառնալը օգտագործել է անմոռուկը ի հիշատակ՝ պատերազմի ընթացքում մահացած իր բնակիչների։ Մասոնները սկսել են օգտագործել անմոռուկը 1947 թվականին, ի հիշատակ Նացիստական Գերմանիայում զոհված մասոնների[4]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պաշտոնական խորհրդանիշը
  • Անմոռուկն ընտրվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պաշտոնական խորհրդանիշ[5], որտեղ սև գույնը խորհրդանշում է եղեռնի սարսափն ու ցեղասպանության մասին հիշողությունը։ Դեղինը պատկերում է արևի լույսը, որն ապրելու և արարելու հույս է տալիս։ Ներսի ճառագայթաձև բաց մանուշակագույնը խորհրդանշում է Ցեղասպանության դատապարտմանն ու ճանաչմանը մասնակից լինելը։ Իսկ գերակշռող մանուշակագույնը տարածված է հայկական ինքնագիտակցության հիմքում՝ հայ առաքելական եկեղեցու սպասավորների հանդերձանքի տարրերում[6][7]։
  • Մասոնները կրծքին կրում են անմոռուկներ՝ որպես հարգանքի տուրք՝ նացիստական համակենտրոնացման ճամբարներում մահացած անկախ քարագործների[8]։
  • 1921 թվականին Պետրոգրադում գոյություն է ունեցել Myosotis հրատարակչությունը, որտեղ հրատարակվել է երկու գիրք[9].

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տես օրինակ՝ Ֆասմերի բառարանում(ռուս.)
  2. 2,0 2,1 Sanders, Jack. The Secrets of Wildflowers: A Delightful Feast of Little-Known Facts, Folklore, and History. Globe Pequot, 2003. ISBN 1-58574-668-1. ISBN 978-1-58574-668-2.
  3. When This You See, Remember Me, Metmuseum.org Friday, May 10, 2013
  4. Jeff Stokes (2010 թ․ մայիսի 31). «Das Vergissmeinnicht». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 4-ին.
  5. Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը անմոռուկ ծաղիկն է
  6. «Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
  7. «Անմոռուկ» խորհրդանիշի տեսաներկայացումը
  8. «Forget Me-Not Charity». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
  9. «MYOSOTIS» // Проект «Мир Марины Цветаевой».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։