Վիտրի սյուր Սեն (ֆր.՝ Vitry-sur-Seine), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դը Մառն դեպարտամենտում։ Սկզբնապես կոչվել է Վիկտորիակում, հետագայում մի քանի անվանում է փոխել։ Ներկայիս անվանումը հաստատվել է 1897 թվականին։ Երկրի մայրաքաղաք Փարիզի հարավարևելյան արվարձանն է։ Ընկած է Սեն գետի ափին, Փարիզից՝ 9, Կրետեյ քաղաքից՝ 6 կիլոմետր հեռավորության վրա[4]։ Զբաղեցնում է 11,67 քառակուսի կիլոմետր տարածք։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 86 375[5]։
Քաղաքը դարերի ընթացքում պատմական մի շարք ցնցումների միջով է անցել։ Դրանց թվում է Հարյուրամյա պատերազմը, որի ժամանակ Կառլոս Երկրորդ արքայի զորքերը հրդեհել են Գերվասիոսի և Պրոտասիոսի եկեղեցին, արմանյակների և բուրգինիոնների պատերազմը, կրոնական պատերազմները, Ֆրոնդան, 20-21-րդ դարերի սահմանագծին ազգային հողի վրա տեղի ունեցած զանգվածային անկարգությունները։
Քաղաքի տեսարժան վայրերից է Վալ դը Մառնի ժամանակակից արվեստի թանգարանը, որը համարվում է արդի արվեստի ամենահարուստ հավաքածու ունեցող թանգարաններից մեկն աշխարհում։
2016 թվականի տվյալներով համայնքւմ գործում էին 23 նախակրթարան (maternelles)[9], 21 տարրական դպրոց[10]՝ շուրջ 9 000 սովորողներով[11], միջնակարգ և ավագ մի շարք դպրոցներ, լիցեյներ, քոլեջներ, ինչպես նաև Paris 12 Val de Marne համալսարանը[12]։