Վերոնիկա Գամբարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերոնիկա Գամբարա
իտալ.՝ Veronica Gambara
Ծնվել էնոյեմբերի 29, 1485[1]
ԾննդավայրՊրալբոինո, Բրեշիա, Լոմբարդիա[2]
Վախճանվել էհունիսի 13, 1550[1][3] (64 տարեկան)
Վախճանի վայրԿորեջիո, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա[2]
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
ԱմուսինՋիբերտո VII Կորեջո
ԶավակներԻպոլիտո դա Կորեջիո և Ջիրոլամո դի Կորեջիո
 Veronica Gambara Վիքիպահեստում

Վերոնիկա Գամբարա (իտալ.՝ Veronica Gambara, նոյեմբերի 29, 1485[1], Պրալբոինո, Բրեշիա, Լոմբարդիա[2] - հունիսի 13, 1550[1][3], Կորեջիո, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա[2]), Վերածննդի դարաշրջանի իտալացի բանաստեղծ, քաղաքական գործիչ, Կորեջիո քաղաքի տիրուհի[4]։ Նրա ստեղծագործությունները՝ մեծ մասամբ սոնետներ, աչքի են ընկնում նուրբ հուզականությամբ, ոճի մաքրությամբ ու շքեղությամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերոնիկա Գամբարան ծնվել է Բրեշիայի մոտակայքում (Լոմբարդիա, Իտալիա)։ Եղել է Բրեշիայի տիրակալ կոմս Ջանֆրանչեսկո դե Գամբարայի և նրա զարմուհու՝ Ալդա Պիո դա Կարպիի յոթ երեխաներից մեկը։ Նրա տոհմը աչքի է ընկել նշանավոր մտավորականներով։ Հայտնի են եղել տատիկը՝ Ջինևրա Նոգարոլան, և նրա քույրը՝ Իզոտա Նոգարոլան, ինչպես նաև մորաքույր Էմիլյա Պիա դա Մոնտեֆելտրոն, ում կերպարը Բալթազար Կաստիլիոնեն օգտագործել է իր գրքում։ 17 տարեկան հասակում նա նամակագրական կապ է հաստատել պետրարկայականների՝ մասնավորապես Պիետրո Բեմբոյի հետ, որը հետագայում դարձել է նրա դաստիարակը[5]։

Ստացել է փայլուն կրթություն։ Վաղ տարիքից զբաղվել է գրականությամբ, փիլիսոփայությամբ և օտար լեզուներով։ Բանաստեղծություններ է գրել լատիներենով։ «Նա սուր միտք է ունեցել և հրաշալի հիշողություն։ Հասուն տարիքում նա եղել է փայլուն դիվանագետ և նամակագիր։ Բնությունը միայն գեղեցկության հարցում է նրա հանդեպ ժլատ գտնվել։ Նրա դիմագծերը եղել են կոպիտ, առնական, բայց այդ ամենը փոխհատուցվել է նրա խորաթափանց աչքերով ու դրանց կենդանի արտահայտությամբ»[6]։ Ձայնը եղել է երաժշտական, խոսքը ուշադրություն է գրավել։ Նրա առաջին կենսագիր ու բարեկամ Ռինալդո Կորսոն նրա մասին գրել է․ «Եթե նրա դեմքը լիներ այնպիսին, ինչպիսին մարմինն է, նա կատարյալ կլիներ, սակայն նրա թերությունները ծածկում էր պերճախոսությունը։ Վերոնիկայի խոսքը կենդանի էր, սրամիտ, այնպես որ նրան լսողը ցանկանում էր կրկին այցելել նրան»[7]։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրալբոինո, Գամբարայի պալատ

1508 թվականին տեղի է ունեցել Վերոնիկայի նշանադրությունը իր զարմիկ, Կորեջիոյի կոմս Գիբերտո Х-ի (VII) հետ[8]։ 50-ամյա ամուրին արդեն ուներ երկու դուստր, իսկ այդ ժամանակ Վերոնիկան 23 տարեկան էր։ 1509 թվականին նրանք ամուսնացել են Ամալֆիում։ Վերոնիկան շատ մտերիմ էր ամուսնու հետ։ Զույգն ունեցել է երկու որդի՝ Իպոլիտոն (1510-1552), որ դարձել է կոնդոտիեր, ինչպես իր հայրը, և 1534 թվականին ամուսնացել է իր զարմուհի Կյարա դա Կորեջոյի հետ[9], մյուս որդին՝ Ջիրոլամոն (1511-1572), հետագայում դարձել է կարդինալ։ Ավագ որդու կնքամայրը եղել է իտալական Վերածննդի նշանավոր կանանցից մեկը՝ «Վերածննդի կնքամայր» Իզաբելա դ'Էստեն։

Իր փոքրիկ պալատը Վերոնիկան վերածել է գրական սալոնի, որտեղ իրենց շատ լավ են զգացել Վերածննդի հումանիստները։

Ա՜խ, ինչպիսի տիկնայք՝ չքնաղ ու խելամիտ,
Ա՜խ, ինչպիսի ասպետներ են այստեղ այցելում։
Նրանց հետ է Վերոնիկա Գեմբարան՝
Ֆեբոսի և Աոնիդի ընտրյալը։
Արիոստո, «Խելահեղ Ռոլանդ», XLVI, 3

Արիոստոն Վերոնիկայի մոտ հյուրընկալվել է 1531 թվականին և նրան հիշատակել իր «Խելահեղ Ռոլանդ» ստեղծագործության մեջ։ Բեռնարդո Տասոն նրա պոեզիան գովերգել է իր «Ամադիս Գալիացի» (1560) ստեղծագործության մեջ։ Երբ Պիետրո Բեմբոն վերջապես երկար նամակագրությունից հետո նրան անձամբ է հանդիպել (1504 թվականին Բրեշիայում), նա սկսել է նրան դիմել Բերենիկե, այն նույն անունով, որով կոչել էր իր «Gli Asolani» (1505) ստեղծագործության բարեգործ կերպարին։ Պիետրո Արետինոն նրա «փառահեղ գործերը» («gloriouse fatiche») գովերգել է իր «Կուրտիզանուհին» ստեղծագործության երկրորդ հրատարակության (1534) նախաբանում։ Ի դեպ, մի անգամ նա բանաստեղծուհուն անվանել է «դափնեպսակով անառակ», չնայած նրա հետ եղել է բարեկամական նամակագրության մեջ[10]։

Վերոնիկան եղել է տեղի նկարիչ Անտոնիո Ալեգրիի հովանավորը, որ համաշխարհային պատմության մեջ մտել է Կոռեջո անունով։ Վերոնիկան խորհուրդ է տվել Մանտուանի հերցոգին օգտվել նրա ծառայությունից, իսկ նա, վարկածներից մեկի համաձայն, նկարել է Վերոնիկային։ Նա նաև նկարել է Վերոնիկայի վիլլան, որը, սակայն, չի պահպանվել։

1511 թվականին պալատականների հետ ժանտախտի համաճարակի պատճառով լքել է Կորեջոն և իր մոր հոտ մեկնել Մանտովա։ 1512 թվականին հոր թաղման առիթով մայրը մեկնել է Բրեշիա և հայտնվել վենետիկցիների կողմից քաղաքի շրջապատման մեջ, սակայն փրկվել է, երբ ֆրանսիացիները Գաստոն դե Ֆուայի գլխավորությամբ վերացրել են պաշարումը։

1515 թվականին Վերոնիկան գտնվել է Բոլոնյայում Ֆրանցիսկ I-ի և Հռոմի Լև X պապի պատմական հանդիպման ժամանակ, ընդ որում արքան հրապուրվել է Վերոնիկայով։

Այրիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնու մահից հետո 1518 թվականի օգոստոսի 16-ին Վերոնիկան իր տխրությունն է արտահայտել իր ստեղծագործություններում՝ իր վրա վերցնելով ամուսնու հոգսերը, երեխաների դաստիարակության ու քաղաքի կառավարման հարցերը։ Նա ընդմիշտ հագել է սգո զգեստ, սենյակը պատել սև պաստառներով, և ինչպես վկայում է նամակը, սև ձիերի քառյակ է ձեռք բերել՝ համապատասխան իր կարգավիճակի։ Իր հարկաբաժնի դռան վրա նա պատվիրել է փակցնել լատիներեն հատված «Էնեականից», որտեղ խոսվում է Էնեասի կողմից լքված Դիդոնեի մասին։

Իր խորթ դուստրերից մեկին՝ Կոստանցիային, Վերոնիկան ամուսնացրել է Նովելարի կոմս Ալեսանդրո Գոնզագայի հետ, իսկ երկրորդին՝ Ջինևային՝ Ջենովայի կոմս Պաոլո Ֆրեգոսոյի հետ։

Վերոնիկան կարևոր դեր է կատարել Կորեջո քաղաքի պատմության մեջ Կառլոս V կայսրի և Ֆրանցիսկ I-ի Իտալական պատերազմների ժամանակ։ Իր եղբայրների՝ Բրունորոյի ու Ուբերտոյի հետ նա եղել ֆրանսամետ թևում և կանգնել կայսեր կողքին։ Նա միապետներին ձոնել է բանաստեղծություններ, որոնք գովերգում են խաղաղությունը։

1520 թվականին Վերոնիկան կայսր Կառլոս V-ից իր որդիների համար ստացել է Կոռեջոյի հողերի վկայագիր։ 1522 թվականին նա այցելել է Պարմա, 1524 թվականին՝ Ֆերարա և Վենետիկ, ապա վերադարձել է Կորեջո։ 1526 թվականին նա իր քաղաքացիներին պատրաստել է Ֆաբրիցիո Մարամալդոյի հարձակմանը[11]։

1528 թվականից Վերոնիկայի եղբայր կարդինալ Ուբերտո Գամբարան Հռոմի պապի անունից ղեկավարել է Բոլոնյան։ Կարդինալը Վերոնիկա Գամբարայի ավագ որդուն ապահովել է ռազմական լավ պաշտոնով, իսկ 17-ամյա փոքր որդուն վերցրել է իր մոտ՝ դիվանագիտություն ուսանելու ու պալատական գործերում հմտանալու։ Վերոնիկան որոշ ժամանակ մնացել է Բոլոնյայում՝ բացելով հյուրանոց, հնարավոր է, կարդինալ եղբոր թելադրանքով, որ կուսակրոն էր, բայց «առաջին տիկնոջ» կարիք էր զգում։ Այս սալոն են այցելել Պիետրո Բեմբոն, Ֆրանչեսկո Մոլցան, Ջանջորջո Տրիսինոն, Մարկանտոնիո Ֆլամինիոն, Կլաուդիո Տոլմեին։

1530 թվականի փետրվարի 24-ին Բոլոնյայում թագադրման ժամանակ Վերոնիկան օգնել է հակառակորդ կողմերին որոշ ժամանակով հաշտություն ապահովելու։ 1530 թվականի մարտի 23-ին և 1533 թվականի հունվարին կայսրն այցելել է քաղաք (այս իրադարձությանն է նվիրված Կորեջոյի նկարներից մեկը)։ Առաջին այցելության ժամանակ, որի համար Վերոնիկան քաղաք էր վերադարձել Բոլոնյայից, կայսրը նրա հետ պայմանագիր է կնքել, որի համաձայն Կորեջոն չպետք է ենթարկվեր հարձակումների։ 1535 թվականին նա եղել է Նեապոլում։

1538 թվականին Վերոնիկա Գամբարան հաջող կերպով կազմակերպել է իր քաղաքի պաշտպանությունը հարևան Գալեոտոյի հերցոգ Պիկո դելա Միրանդոլայի հարձակումներից։ Պահպանվել են նամակներ, որոնցում նա նկարագրել է սովն ու համաճարակը, որոնցից տուժել են քաղաքի բնակիչները։

1546-1550 թվականներին կայսրն արդեն վճարել էր քաղաքին շրջապարիսպների կառուցելու գումար՝ ցանկանալով իր տարածքում պարիսպներ ունենալ։ Այս բոլոր գործողությունները վկայում են Վերոնիկայի ակտիվ գործունեության, հոգածության, խորաթափանցության և քաղաքական գործչի բարձր որակի մասին։

1549 թվականին Վերոնիկան իր հարսին ուղեկցել է Մանտուա՝ հերցոգ Ֆրանչեսկո III-ի և Եկատերինա Ավստրիացու հարսանյաց արարողությանը մասնակցելու։ Այնտեղից վերադառնալով՝ նա 1550 թվականին մահացել է։ Թաղվել է ամուսնու կողքին՝ Սուրբ Դոմինիկ եկեղեցում։ Երկու դամբարաններն էլ ոչնչացել են 1556 թվականին իսպանացիների կողմից, որոնք քաղաքը պահում էին Պապի ու նրա դաշնակիցների դեմ։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանվել են Գամբարայի 80 բանաստեղծություն և 150 նամակ[11]։ Նրա ստեղծագործությունների մեծ մասը սոնետներ են, չնայած Վերոնիկան գրել է նաև մադրիգալներ, բալլադներ։ Բացի քաղաքական ստեղծագործություններից՝ նրա գրել է սիրո, կրոնի թեմաներով։

Նրա «Quando miro la terra ornata e bella» պոեմը մտել է Վերածննդի ժամանակաշրջանի շատ ժողովածուների մեջ և ունի այնպիսի որակ, որ նույնիսկ այն վերագրվել է Վիտորիա Կոլոնային։ Այս ստեղծագործությունը հասցեագրված է Ֆլորենցիայի հերցոգ Կոզիմո I-ին։ Ենթադրում են, որ ի պատասխան այս ստեղծագործության՝ հերցոգը Վերոնիկայի որդի Իպոլիտին է հանձնել Սիենայի կառավարումը։

Մինչ ամուսնությունը Վերոնիկայի բանաստեղծությունների թեման եղել է իր սերը փնտրող բռնակալ տղամարդկանց դեմ պայքարի դրաման, կարոտը և ինքնահարգանքի բացակայությունը։ Ամուսնանալուց հետո նա գրել է ավելի հանգիստ թեմայով գործեր։ Կան մի շարք ստեղծագործություններ, որոնք գրված են դիվանագիտական նպատակով։ Նրա ամենահայտնի բանաստեղծությունները գովերգում են բնությունը, սգում ամուսնու, առանձին բանաստեղծների ու ընկերների մահը։ Գերիշխում է սիրային քնարերգությունը, որի զգալի մասն ունի ինքնակենսագրական հենք։ Բանաստեղծությունների թեման հաճախ տխուր է։ Հանդիպում են և բաց տեսարաններ։

Գրականագետները գրում են․ «Մշակույթի խոր իմացությունն ու բանաստեղծական վարպետությունը թույլ են տվել բանաստեղծուհուն հասնել կատարյալ ձևերի, սակայն ոճային կատարելությունը նրա գործերում չի հաստատվել զգացմունքի խորքայնությամբ։ Եթե նամակներում, որոնք 16-րդ դարի էպիստոլյար գրականության լավագույն օրինակներ են, բանաստեղծուհին դրսևորել է ինքնատիպ մտածողություն, ապա նրա պոեզիան զուրկ է իսկական ներշնչանքից։ Գամբարայի բանաստեղծական արվեստը դիտարկվում է 16-րդ դարի պետրարկայականության շրջանակներում։ Բանաստեղծուհու՝ կատարյալ բնապատկերներ ստեղծելու հմտությունը գնահատել է Ջ․ Լեոպարդին։ Իր այդ կարողությամբ նա գտել է բնության խաղաղ գեղեցկության ու դժբախտության հակադրությունը, որին դատապարտված է իր պայմաններում ապրող մարդը»[12]։

Նրա մադրիգալների համար երաժշտություն են գրել Վիչենտինոն, Տրոմբոնչինոն և Լուկա Մարենցոն։

Վերոնիկայի նամակների հասցեատերերն են եղել նրա ընտանիքի անդամները, ընկերները, ազդեցիկ մի քանի մարդիկ։ Նա նամակներ է ուղղել Պիետրո Բեմբոյին, թարգմանիչ ու քերական Ռինալդո Կորսոյին, կոմպոզիտոր Կլաուդիո Մերուլոյին, փիլիսոփա Լոմբարդին, հումանիստ Էլիո Ջուլիո Կրոտոյին, գիտնական Ջիրոլամո Ռուչելիին, ինչպես նաև Լուդովիկո Արիոստոյին և Դել Վաստոյին, Իզաբելա դ'Էստեին և Վիտորիա Կոլոնային։ Պահպանվել են մեկ նամակ՝ ուղղված Բեռնարդո Տասոյին, երկու նամակ Տրիսինոյին, 10 նամակ Բեմբոյին, 11 նամակ Արետինոյին և այլն։

Սիրային չհրատարակված քնարերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գամբարայի դասական ժողովածուներում նրա շատ բանաստեղծություններ չեն ընգրկվել։ 1553-1995 թվականներին «լիակատար» հրատարակության տիպօրինակը չի ներառել նրա սիրային բանաստեղծությունները։ Բոլոր բանաստեղծությունները, որոնք Կոստան հրատարակել է 1890 թվականին, սիրային են, լի հուսահատության ու հոռետեսության տարրերով, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Վերոնիկան սիրեկաններ է ունեցել թե՛ մինչև ամուսնությունը, թե՛ դրանից հետո։ Գամբարայի ընտանիքը, որ զբաղվել է նրա գործերի հրատարակությամբ, չի ցանկացել, որ նման բաները հայտնի դառնան, քանի որ դրանք կհակասեին շրջահայաց կնոջ ավանդական կերպարին, ում կյանքը նվիրված է եղել քաղաքին, գրականությանն ու զավակներին։ Այդ պատճառով առաջին պլան են մղվել Վերոնիկա Գամբարայի հայրենասիրական բանաստեղծությունները, ապա Բեմբոյի ու Կոլոնայի (հայտնի հումանիստներ) նամակագրությունը[13]։

Գամբարայի թվագրված ստեղծագործության բացառիկ նախադեպը 1504 թվականին տպագրված «Or passata è la speranza» ստեղծագործությունն է մեկ այլ բանաստեղծության հետ, որի համար երաժշտություն է գրել Տրոմբոնչինոն[11]։ 1530 թվականին նրա պոեզիան հայտնի է եղել թերակղզում, իսկ 1535 թվականից նրա բանաստեղծություններն ընդգրկվել են տարբեր ժողովածուներում։ Ինքը Գամբարան զբաղվել է իր երկերի տպագրությամբ։

Նրա մի շարք բանաստեղծություններ հետմահու տպագրվել են «Rime di diversi eccellenti autori bresciani» ժողովածուում (1554)։ 1558 թվականին Վենետիկում տպագրվել է «Fiori delle rime dei poeti illustri» ժողովածուն։ Նրա ստեղծագործություններն ընդգրկվել են նաև բացառապես կանանց բանաստեղծություններից բաղկացած վաղ շրջանի ժողովածուում՝ «Rime diverse d’alcune nobilissime, et virtuosissime donne» (1559)։

Ֆելիչե Ռիցարդին եղել է առաջին խմբագիրը, որ գիրք է հրատարակել՝ բաղկացած բացառապես Վերոնիկա Գամբարայի ստեղծագործություններից։ 1759 թվականին Բրեշիայում լույս է տեսել «Բանաստեղծություններ և նամակներ» («Rime e lettere») գիրքը։ Նա հավաքել է 42 ստեղծագործություն՝ դրանք իր պատկերացմամբ դասակարգելով ժամանակագրական սկզբունքով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #118878476 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
  4. GAMBARA, Gianfrancesco // Dizionario Biografico degli Italiani — Volume 52 (1999)
  5. Jane Stevenson. Women Latin poets
  6. Maud F. Jerrold. Vittoria Colonna, With Some Account of Her Friends and Her Times. 1906. Chapter 6
  7. Irma B. Jaffe,Gernando Colombardo. «Shining Eyes, Cruel Fortune: The Lives and Loves of Italian Renaissance».
  8. Da Corregio
  9. CORREGGIO, Ippolito da // Dizionario Biografico degli Italiani — Volume 29 (1983)
  10. А. К. Дживелегов. Очерки итальянского Возрождения
  11. 11,0 11,1 11,2 Encyclopedia of Italian Literary Studies. Ed. Gaetana Marrone, Paolo Puppa
  12. Итальянская литература XVI века: Вероника Гамбара
  13. A Note on the Italian texts used for Secret Sacred Woods

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rinaldina Russell. Italian Women Writers
  • Costa-Zalessow, Natalia: Scrittrici italiane dal XIII al XX secolo. Ravenna, Longo, 1982
  • Pizzagalli, Daniela: La signora della poesia. Milano, Rizzoli, 2004
  • Zancan, Marina: Gaspara Stampa nel Cinquecento in «Una donna un secolo» a cura di Sandra Petrignani. Roma, Il Ventaglio, 1986
  • Alberto Ghidini — La contea di Correggio ai tempi di Veronica Gambara — Firenze : S. Olschki, 1989.
  • Antonia Chimenti. Veronica Gàmbara: gentildonna des Rinascimento: un intreccio di poesia et storia. (Reggio Emilia, Italy: Magis, 1990)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերոնիկա Գամբարա» հոդվածին։