Աշխատել է Պարմայում և Կոռեջոյում։ Կոռեջոյի ստեղծագործությունները արտացոլում են Վերածննդի իդեալների աստիճանական անկումն ու գեղարվեստական նոր ձևերի և սկզբունքների կազմավորումը։ Կոռեջոյի մոնումենտալ գեղանկարչությունում շարժուն, թեթև, դեկորատիվ նրբագեղությունը (Պարմայի Սան Պաոլո վանքի որմնանկարները, 1517 և 1520 թվականների միջև) փոխարկվել է դինամիկ արտահայտչականության որոնումներով. Պարմայի Սան Ջովաննի էվանջելիստա եկեղեցու (1520 -1523 թվականներ) և տաճարի (1526-1530 թթ.) որմնանկարներում վերձիգ, սրընթաց կոմպոզիցիան, բարդ կրճատումները նախանշում են բարոկկոյի շրջանի տարածական հնարքները։
Տոնական, աշխարհիկ ոգով տոգորված հաստոցային կոմպոզիցիաներն առանձնանում են կերպարների ինտիմ մեղմությամբ, տպավորիչ դիրքով ու շարժումներով, լուսավոր, արտասովոր գուներանգով («Տիրամայրը և սուրբ Գևորգը», 1530-1532 թթ., Դրեզդենի պատկերասրահ)։
Կերպարների հուզականությունը ընդգծելու նպատակով Կոռեջոն երբեմն դիմել է գիշերային հակադիր լուսավորության էֆեկտներին («Հովիվների երկրպագությունը» կամ «Գիշեր», մոտ 1530 թվական, Դրեզդենի պատկերասրահ)։ Կոռեջիոյի դիցաբանական թեմաներով ստեղծագործությունները («Դանայա», մոտ 1526 թվական, Բորգեզե պատկերասրահ, Հռոմ) բնորոշվում են հեդոնիզմով և ցանկասիրությամբ, կոմպոզիցիոն լուծումների ճկունությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 602)։