Սուրեն Զոհրաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զոհրաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Զոհրաբյան
ռուս.՝ Сурен Гегамович Зограбян
Ծնվել էապրիլի 5, 1921(1921-04-05)
ԾննդավայրԱղավնատուն, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ
Մահացել էսեպտեմբերի 10, 2017(2017-09-10) (96 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ և նյարդաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Պարգևներ

Սուրեն Գեղամի Զոհրաբյան (ապրիլի 5, 1921(1921-04-05), Աղավնատուն, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ - սեպտեմբերի 10, 2017(2017-09-10)), հայ բժիշկ, նյարդաբան, նյարդավիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1957), պրոֆեսոր (1958)։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2010)։ Հայաստանում նյարդավիրաբուժության հիմնադիրներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Զոհրաբյանը ծնվել է ՀԽՍՀ Արմավիրի Աղավնատուն գյուղում, ուսուցչի ընտանիքում։ 1942 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, Մոսկվայի բժշկական ակադեմիայի նյարդավիրաբուժական ինստիտուտում, որտեղ էլ պաշտպանել է թեկնածուական և դոկտորական ատենախոսության թեզերը։ 1947-1959 թվականներին վերապատրաստվել է Ռուսաստանի բժշկական ակադեմիայի նյարդավիրաբուժության ինստիտուտում[1][2]։ 1942 թվականից աշխատել է որպես նյարդաբան, նյարդավիրաբույժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների ժամանակ զինվորական դաշտային հոսպիտալներում եղել է բաժանմունքի վարիչ։ 1958-1959 թվականներին Երևանի բժշկական ինստիտուտի պրոռեկտոր, 1958 թվականին կազմակերպել Է ԵԲԻ բժիշկների կատարելագործման ֆակուլտետը։ Ղեկավարել է նյարդաախտաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնն ու կլինիկան։ 1960 թվականին գործուղվել է Իրաք, այնտեղ կազմակերպել նյարդավիրաբուժական կլինիկա, միաժամանակ դասավանդել Բաղդադի բժշկական ինստիտուտում, կատարել բազմաթիվ վիրահատություններ, այնուհետև աշխատել է ԱՄՆ-ում, ապա գործուղվել է Աֆրիկա, աշխատել Հյուսիսային Զամբիայի համալսարանում։

1960-1991 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ, 1960 թվականից՝ նյարդավիրաբույժների հայկական ընկերության նախագահ, 1983 թվականից՝ նյարդավիրաբույժների եվրոպական և համաշխարհային ընկերակցությունների, Եվրասիական նյարդավիրաբույժների ակադեմիայի անդամ, 2004 թվականից՝ ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի անդամ։

Բժշկության հանդեպ իմ սերը գալիս է դեռևս դպրոցից, որը կոչվում էր կենտրոնական ցուցադրական դպրոց, չկա հիմա այդ դպրոցը։ Դպրոցում սովորել եմ հայ մեծ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի, Ակսել Բակունցի զավակների հետ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքի նախագծի հեղինակ Ռազմիկ Ալավերդյանի հետ։ Մեր դպրոցում էր նաև Ղուկաս Չուբարը՝ Մատենադարանի շենքը զարդարող Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանների հեղինակը։ Այդ դպրոցն իմ ապագա մասնագիտության որոշման հարցում մեծ ներդրում ունեցավ։ Էդվարդ Միրզոյանն անմիջապես ինձ մոտ էր նստում։ Միասին չարաճճիություններ ենք արել, անգամ երկու անգամ դպրոցից հեռացվել ենք։ Մեր համադասարանցիներից մեկը՝ Մարգարիտա Գաբրիելյանը, որը երաժշտության ոլորտում դարձավ պրոֆեսոր, Էդիկի պատրաստած «թակարդն ընկավ», նստեց թանաքամանի վրա։ Մեզ կանչեցին ուսուցչանոց, պարկով ծածկեցինք Էդիկի գլուխը, անդրավարտիքը հանեցինք, իսկ նա, որ շատ կատակասեր էր, կիսամերկ գնաց ուսուցչանոց։ Հաջորդ անգամ առանց զգուշացնելու, պատի կուսակցական թերթ փակցնելու համար հեռացվեցինք։ Բայց, տեսան, որ «հանցանքը» մեծ չէ, մեզ թույլատրեցին վերականգնել ուսումնական գործընթացը։ Դպրոցն ավարտել եմ գերազանցությամբ։ Կրթական այդ հաստատության շենքում հիմա Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցն է։ Լավ մանկավարժներ ունեինք, դպրոցը տասը խումբ ուներ։ Ինձ ամենից շատ հետաքրքրում էին ֆիզիկա և կենսաբանություն առարկաները։ Ես հետաքրքրվում էի կենդանիներով, թռչուններով։ Կամաց-կամաց սեր առաջացավ դեպի մարդկային կառուցվածքը, մարդու կեցվածքը, և ես կարծես՝ որոշեցի, որ երբ դպրոցն ավարտեմ, անպայման գնամ բժշկության ուղղությամբ։
- Սուրեն Զոհրաբյան[3]

Ստեղծագործություններ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են երևակայական ցավերի (կաուզալգիա) համախտանիշի, Էպիլեպսիայի տարբեր ձևերի ախտածնության, կլինիկայի և բուժման, գլխուղեղի անոթային հիվանդությունների և գանգագլխուղեղային վնասվածքների, համաճարակաբանության հարցերին։

Նյարդաբանության և նյարդավիրաբուժության արդիական խնդիրներին նվիրված 4 մենագրությունների և 247 գիտական աշխատանքների հեղինակ է։

Զորաբյանի անունով Է կոչվել Երևանի «Շտապ օգնություն» գիտաբժշկական կենտրոնի նրա նախաձեռնությամբ հիմնադրված նյարդավիրաբուժական կլինիկան։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Լարիսա Մելիք-Մկրտչյան, բժշկուհի
  • Որդին՝ Արշակ Զոհրաբյան, բժիշկ
    • Թոռը՝ Սուրեն Արշակի Զոհրաբյան, առողջապահության կազմակերպիչ
  • Դուստրը՝ Անահիտ Զոհրաբյան, նյարդահոգեբան
  • Դուստրը՝ Նարինե Զոհրաբյան, բժշկուհի

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կաուզալգիա-կլինիկան և բուժումը»
  • «Գլխուղեղի և ողնուղեղի հիվանդությունների ախտորոշիչ վիրահատությունները»
  • «Գանգուղեղային վնասվածք»
  • «Նյարդաբանության և նյարդավիրաբուժության մեջ ներվիզմի գաղափարը»

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Патогенез и терапия каузальгического I синдрома, М., 1950;
  • Диагностические операции при заболеваниях головного и спинного мозга, М., 1955;
  • Черепно-мозговая травма, М., 1965.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Սուրեն Գեղամի Զոհրաբյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.
  3. «Կոչումով բժիշկ». Զոհրաբյաններ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]