Սլուբիցե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սլուբիցե
լեհ.՝ Słubice
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Մակերես19,2 կմ²
ԲԾՄ160±1 մետր
Բնակչություն16 495 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիԿենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2
Փոստային դասիչ69-100
Ավտոմոբիլային կոդFSL
Պաշտոնական կայքslubice.pl
Սլուբիցե (Լեհաստան)##
Սլուբիցե (Լեհաստան)

Սլուբիցե (լեհ.՝ Słubice, գերմ.՝ Dammvorstadt), քաղաք Օդեր գետի ափին, Լեհաստանի Լյուբուշյայի վոյևոդությունում (մարզում)։ Քաղաքը հանդիսանում է առանձին գմինա (գավառ)։ 2008 թվականի հունիսի 30֊ի տվյալներով՝ քաղաքում բնակվում է 18.148 մարդ։ Քաղաքում է գտնվում պատմական Օլիմպիական ստադիոնը, ինչպես նաև՝ զբոսաշրջային այլ օբյեկտներ, ինչպես օրինակ, Եվրոպայում ամենահին հրեական գերեզմանոցներից մեկը, ճարտարապետական հուշարձաններ, բնական արգելոցներ։ Քաղաքի կրթական կենտրոնը Լեհերենի ինստիտուտն է կամ «Պոլոնիկում Կոլլեգիում»֊ը (Collegium Polonicum)։ Այն կրթական հաստատություն է, որն ստեղծվել է Միցկևիչի անվան համալսարանի և Օդերի եվրոպական համալսարանի կողմից։ Սլուբիցեն հանդիսանում է Լեհական քաղաքների միության անդամ։

Կոլլեգիում Պոլոնիկում համալսարանը Սլուբիցեում

Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է լեհաստանա֊գերմանական սահմանին, Օդեր գետի արևելյան ափին։ Սլուբիցեի հարավով անցնում է հանրապետական նշանակության «2» ավտոճանապարհը։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլուբիցե քաղաքի անվանման ծագումը շատ վեճերի տեղիք է տալիս։ Հնարավոր է, անվանումը ծագել է սլավոնական սլուպին ցեղերի անունից, որոնք Շպրեեի ու Օդերի միջև ընկած տարածքներն են զբաղեցրել։ Գոյություն ունի 992 թվականի փաստաթուղթ, որտեղ այլ անվանումների կողքին հիշատակվում է նաև Զուլբիցեն (Zulbica): Այլ աղբյուրներում կարելի է կարդալ, որ Օդեր գետի աջ ափին միջնադարում եղել է Զբիվից, Զբիրվից կամ Զլիվից անունով բնակավայր։ «Սլուբիցե»-ն կարող է նաև ծագել լեհերեն «ślub»` հարսանիք և «słup»` սյուն բառերից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլուբիցեն առաջին անգամ հիշատակվում է տասներորդ դարում որպես Սլիվիցի (Śliwice) գյուղ։ 1555-1945 թվականների ընթացքում քաղաքը գերմանական Օդերի Ֆրանկֆուրտի մասն էր։ Երկրորդ Աշխարհամարտից հետո ավերակներից սկսեց վերականգնվել արդեն որպես ինքնուրույն քաղաք Լեհաստանի կազմում։ 1950 թվականին ստացավ Ռժեպինյան շրջանի կենտրոնի կարգավիճակ, որը 1959 թվականին վերածվեց Սլուբիցեի շրջանի։ 1972 թվականին Սլուբիցեն սկսում է հարաբերություններ հաստատել Օդերի Ֆրանկֆուրտի հետ. այդ ժամանակվանից երկու քաղաքների միջև սահմանը բացվում է։ Երեք տարի հետո, 1975 թվականին, շրջանը վեր է ածվում համատեղ քաղաք-գմինայի։ 1981 թվականին քաղաքի մշակույթի տանը բացվում է «Պատուհան» պատկերասրահը։ 1987 թվականին քաղաքն ստանում է տնտեսության զարգացման առաջամարտիկի տիտղոս։ 1993 թվականին անց է կացվում ընդհանուր քաղաքային սեսսիա Սլուբիցեի ու Օդերի Ֆրանկֆուրտի միջև։ 1994 թվականին սկսվում է ակադեմիական տների (այսինքն, համալսարանական հանրակացարանների) շինարարությունը, իսկ 1995 թվականին սկսվում է Լեհերենի ինստիտուտի շինարարությունը, որը բացվում է 1998 թվականին։ 2006 թվականին սկսվում է նոր` «Ֆորում» ակադեմիական տան շինարարությունը։ 2008 թվականին Սլուբիցեի մշակույթի տանը բացվում են թատրոն և կինոթատրոն։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլուբիցեի քույր քաղաքների գերբերը

Քաղաքի գլխավոր մշակութային հաստատությունը Մշակույթի տունն է (Słubicki Miejski Ośrodek Kultury), որտեղ գտնվում են «Պատուհան» պատկերասրահը, երիտասարդական մշակութային տունը, թատրոնը, կինոն։ «Բոհեմ» պարային ստուդիայում ուսանում են բալետ, բրեյք-դենս։ Քաղաքում գործում է ժամանակակից պարի «Ֆրայդա» խումբը, «Ռիթմ» վոկալի խումբը և «Վոլֆ» կինեմատոգրաֆիական խումբը։ Սուրբ Ծննդյան տոնից առաջ մշակույթի տանն անց են կացվում հանդիպում-սեմինարներ, որոնց մասնակիցները զբաղվում են նկարչությամբ, լուսանկարչությամբ, քանդակագործությամբ։ Այսպիսի սեմինարներից հետո կազմակերպվում են մասնակիցների աշխատանքների ցուցադրություններ։ Սլուբիցեում կա նաև երաժշտական համայնք, որը պարբերաբար կազմակերպում է ժամանակակից երաժշտության համերգներ, ինչպես նաև` «Աշնանային երաժշտություն» միջազգային երաժշտական հանդիպումներ, որոնք քաղաքի մշակութային իրադարձությունների օրացույցի մի կարևոր մասն են։ Ամեն տարի մշակույթի տունը կազմակերպում է Օդերի Տոն։ Քաղաքում գործում է քաղաքային գրադարան` ութ մասնաճյուղերով, մանկավարժական գրադարան և համալսարանական գրադարան։ Սլուբիցեում և Օդերի Ֆրանկֆուրտում ամեն տարի անց է կացվում «UNITHEA» թատերական փառատոնը։

Քաղաքում գործում է «Պոլոնիա» ֆուտբոլային ակումբը։

Օլիմպիական ստադիոնը Սլուբիցեում

Զանգվածային լրատվամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլուբիցեում լույս է տեսնում երեք թերթ. «Սլուբիցեի թերթ» («Gazeta Słubicka»), «Լյուբուշյայի սյունակ» («Pogranicze Lubuskie») և «Սլյուբիցեի սուրհանդակ» («Kurier Słubicki»): Քաղաքում կա նաև «Լյուբուշյայի թերթ»-ի շրջանային ներկայացուցչություն, «Վեկտրա» հեռուստատեսության բաժին։ Գործում է տեղական «Հորիզոն-ԹիՎի Սլուբիցե» («Horyzont TV Słubice») քաղաքային հեռուստաընկերությունը, ինչպես նաև` slubice24.pl օնլայն պորտալը, որը հաղորդում է տեղական նորություններ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլուբիցեում կա 7 մանկապարտեզ, 5 նախնական (այդ թվում և` հատուկ) դպրոց, երկու գիմնազիա, հինգ միջնակարգ դպրոց, մեկ համալսարան, մեկ երաժշտական դպրոց, հինգ այլ դպրոցներ, երկու ինտերնատ, յոթ ուսանողական հանրակացարան։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հին հրեական գերեզմանատուն (հիշատակվում է 1399 թվականին),
  • Սենկևիչի փողոցի 50-րդ տունը, քաղաքի ամենահին շինությունը,
  • 1710 թվականի կառույց, Կադաստրային պալատի շենքը,
  • 1770-1773 թվականներին կառուցված քաղաքապետարանի շենքը,
  • Սուրբ Տիրամոր տաճարը, 1775 թվական
  • «Պեկաո» բանկի շենքը, 1812 թվական
  • Կաթոլիկ ուսանողական կենտրոնի շենքը, 1855 թվական
  • Օլիմպիական ստադիոնը, կառուցված 1914-1927 թվականներին, Լեհաստանում պահպանված ամենահին ստադիոններից մեկը
  • 18, 19 դարերից և 20-րդ դարի սկզբից պահպանված քաղաքային տներ
  • Հուշարձաններ հերոսներին,
  • Վիքիպեդիայի հուշարձան։

Քաղաքի տեսարժան վայր են համարվում նաև զբոսաշրջային մի շարք օբյեկտներ, ինչպես, օրինակ, քաղաքից դուրս կառուցված հեծանվային ճանապարհները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Frankfurt (Oder) und Słubice — Topographischer Stadtplan, 2007, ISBN 978-3-7490-4170-1.
  • Walter Hausdorf, Siegrid Noack, Słubice — Ulice, drogi i place a ich rozwój historyczny we: Frankfurter Jahrbuch 2005, S. 95-191, ISBN 3-933416-61-2.
  • A. Jermaczek (red.): Wstępna inwentaryzacja przyrodnicza gminy Słubice (mscr.). Projekt WWF «Zielona wstęga Odra — Nysa». Lubuski Klub Przyrodników. Świebodzin 1993.
  • A. Jermaczek, P. Pawlaczyk: Koncepcja ochrony przyrody obszaru objętego projektem WWF «Zielona wstęga Odra — Nysa» — synteza (mscr.). Lubuski Klub Przyrodników, Świebodzin 1996.
  • R. Stańko, A. Jermaczek: Inwentaryzacja i waloryzacja przyrodnicza oraz projekt ochrony przyrody obszarów zalewowych doliny Odry w rejonie Słubic (mscr.) Projekt WWF «Zielona wstęga Odra — Nysa». Lubuski Klub Przyrodników. Świebodzin 1998.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի պաշտոնական կայք-էջը

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլուբիցե» հոդվածին։