1955-1960 թվականներին եղել է Լոնդոնի թագավորական ընկերության նախագահ։ Հիմնական աշխատանքները վերաբերում են շղթայական ռեակցիաների բնագավառին, ուսումնասիրել է դրանց համասեռ կատալիզը և մեխանիզմը։ 1928 թվականին ջրածնի օքսիդացումը հետազոտելիս հայտնաբերել է բոցավառման վերին սահմանը և բացատրել այդ երևույթը որպես փակ ծավալում մասնիկների եռակի փոխհարվածի դեպքում շղթաների կտրման արդյունք։ Միաժամանակ Ն. Ն. Սեմյոնովի հետ մշակել է շղթայական ռեակցիաների տեսության հիմունքները։ Նա հետազոտել է անօրգանական և օրգանակն նյութերի (օրինակ, կալիումի պերմանգանատի, ալդեհիդների, կետոնների են) քայքայման կինետիկան։ 1938 թվականից զբաղվել է տարբեր միջավայրերում բակտերիաների աճման պրոբլեմով, հաստատել է, որ միջավայրին բակտերիաների հարմարվողականությունը ինքնաբերաբար կարգավորվում է բջիջների ֆերմենտային հաշվեկշռով։ Հայտնաբերել է բջիջների աճման արագության կախումը շրջապատող միջավայրում ածխաթթու գազի, ամինաթթուների և այլ նյութերի պարունակությունից։ Նոբելյան մրցանակի դափնեկիր (1956 թ., Ն. Ն. Սեմյոնովի հետ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 413)։