Սինյոր Ռոբինզոն
Սինյոր Ռոբինզոն իտալ.՝ Il signor Robinson, mostruosa storia d'amore e d'avventure | |
---|---|
Երկիր | Իտալիա |
Ժանր | կինոկատակերգություն[1] և գրական ստեղծագործության էկրանավորում |
Հիմք | Ռոբինզոն Կրուզո |
Թվական | 1976 |
Լեզու | իտալերեն |
Ռեժիսոր | Սերջիո Կորբուչի[1] |
Պրոդյուսեր | Ֆրանկո Քրիստալդի |
Սցենարի հեղինակ | Սերջիո Կորբուչի, Պաոլո Վիլաջիո, Castellano and Pipolo?, Ֆրանկո Կաստելանո և Ջուզեպպե Մոչչա |
Դերակատարներ | Պաոլո Վիլաջիո և Զեուդի Արայա |
Օպերատոր | Մարչելլո Գատի |
Երաժշտություն | Գվիդո դե Անջելիս |
Մոնտաժ | Ամեդեո Սալֆա |
Տևողություն | 107 րոպե |
Սինյոր Ռոբինզոն (իտալ.` Il signor Robinson, mostruosa storia d'amore e d'avventure), իտալական կատակերգական ժանրի գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1976 թվականին, ռեժիսոր Սերջիո Կորբուչիի կողմից։ Այն Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» վեպի ծաղրանմանակումն է[2][3]։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլանցի տեքստիլային մագնատ և պատրաստի հագուստների խանութների ցանցի սեփականատեր Ռոբերտոն (Ռոբի), իր կնոջ` Մագդայի հետ միասին, նավով ուղևորվում է ճանապարհորդության։ Գիշերը, նավապետը կազմակերպում է ուսումնական տագնապ, որի պատճառով Ռոբին խուճապահար դուրս է գալիս տախտակամած։ Հաջորդ գիշեր կրկին տագնապ է հայտարարվում, սակայն Ռոբին արհամարհում է նավապետի հայտարարությունը։ Որոշ ժամանակ անց արթնանալով, նա հայտնաբերում է, որ գտնվում է խորտակված նավի փակված նավասենյակում։ Դուրս գալով նավից, նա ափ է ելնում անմարդաբնակ կղզում և հասկանում է, որ հայտնվել է Ռոբինզոն Կրուզոյի վիճակում։ Որևէ կերպ սնվելու ծիծաղելի փորձերից և ապարդյուն ջանքերից հետո, նա հայտնաբերում է իրական Ռոբինզոն Կրուզոյի տունը։
Շուտով կղզում հայտնվում է բնիկների ցեղից մի գեղեցիկ և թխամաշկ աղջիկ, ում Ռոբին անվանում է Ուրբաթ և ամեն կերպ ցանկանում է նրա հետ սեքսով զբաղվել։ Սակայն Ուրբաթը վախենալով Մագդու աստծո պատժից, մերժում է Ռոբիին։ Նա կարող է բավարարել Ռոբիին` միայն երկրորդ լուսնի ի հայտ գալուց հետո։
Շուտով լրանում է նաև երկրորդ լիալուսինը և սիրահարները գրկախառնվում են, բայց նրանց խանգարում է կղզի եկած Մանդինգոն` Ուրբաթի փեսացուն։ Նա Ռոբիին և Ուրբաթին տանում է այն կղզին, որտեղ ապրում էր նրանց ցեղը և որտեղ Ռոբին և Ուրբաթը կանգնում են առաջնորդի գահի առջև։ Ուրբաթը հայտնում է, որ սիրում է Ռոբիին, որից հետո առաջնորդը մրցույթ է հայտարարում Մանդինգոյի և Ռոբիի միջև։ Առնական Մանդինգոն հաղթում է բոլոր փորձություններում, սակայն առաջնորդը Ուրբաթին հանձնում է Ռոբիին, քանի որ վերջինս թույլ է և նրան խնամելու համար կին էր հարկավոր։
Ըստ սովորույթի, առաջին ամուսնական գիշերվա պարտականությունները պետք է կատարվեին ցեղակիցների ներկայությամբ, որպեսզի բոլորն ուրախանային նորապսակների հետ միասին։ Սակայն Ռոբին չէր կարող իր ամուսնական պարտականությունները կատարել նման իրավիճակում։ Բնիկները հետապնդում են նորապսակներին, խանգարելով նրանց` առանձնանալու փորձերին։ Այդ ժամանակ ձկնորսները ծովից գտնում են Ռոբիի ռադիոընդունիչը և նա, թողնելով իր երիտասարդ կնոջն առանց ուշադրության, սկսում է տնտղել ռադիոեթերը։
Որոշ ժամանակ անց նրանց կղզի է ժամանում Ռոբիի կինը` Մագդան և Ռոբին Ուրբաթին հրաժեշտ տալուց հետո բարձրանում է նավ։ Գիտակցելով, թե ինչ է կորցնում, Ռոբին ցատկում է դեպի ծովը, սակայն Մագդայի հրամանով նրան որսում են ուռկանով, որից հետո նա ուղևորվում է տուն։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Կերպար |
---|---|
Պաոլո Վիլաջիո | Ռոբի |
Զեուդի Արայա | Ուրբաթ |
Աննա Նոգարա | Մագդա |
Պերսի Հոգան | Մանդինգո |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Սերջիո Կորբուչի | ռեժիսոր |
Ֆրանկո Կրիստալդի | պրոդյուսեր |
Ֆրանկո Կաստելլանո, Պիպոլո, Սերջիո Կորբուչի | սցենարիստ |
Մարչելլո Գատտի | օպերատոր |
Գուիդո և Մաուրիցիո Դե Անջելիս | կոմպոզիտոր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0076632/
- ↑ Roberto Chiti; Roberto Poppi; Enrico Lancia (1996). Dizionario del cinema italiano: I film. Gremese, 1991. ISBN 8876059695.
- ↑ Paolo Mereghetti. Il Mereghetti. B.C. Dalai Editore, 2010. ISBN 8860736269.
|