Սիլենդ
Սիլենդ Principality of Sealand | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | չճանաչված երկիր | ||||
Մտնում է | Հարիջ | ||||
Պետական լեզու | անգլերեն | ||||
Պետական կարգ | Օլիգարխիա և սահմանափակ միապետություն | ||||
Երկրի ղեկավար | Prince Michael I of Sealand? | ||||
Մակերես | 0.001 կմ² | ||||
Ազգաբնակչություն | 27 մարդ (2002) | ||||
Հիմն | E Mare Libertas? | ||||
Կարգախոս | e mare libertas | ||||
Հիմնադրված է | 1967 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1967 թ. | ||||
Արժույթ | coins and postage stamps of Sealand? | ||||
Ժամային գոտի | UTC+0 | ||||
sealandgov.org(անգլ.) |
Սիլենդի կոմսություն (անգլ.՝ Principality of Sealand), կամ Սիլանդիան վիրտուալ պետություն է[1][2], որը 1967 թվականին հռչակել է բրիտանացի պաշտոնաթող մայոր Պեդի Ռոյ Բեյթսը։ Որոշ հրապարակումներում անվանվում է նաև չճանաչված պետություն[3][4]։ Հավակնում է Մեծ Բրիտանիայի ափերից 10 կմ հեռավորության վրա, Հյուսիսային ծովում գտնվող հենահարթակի տարածքի ինքնիշխանությանը։ Բեթսն իրեն Սիլենդի միապետ է հռչակել (դուքս), իսկ իր ընտանիքին՝ իշխող արքայատոհմ։ Նրանք և այն մարդիկ, ովքեր հանդիսանում են Սիլենդի հպատակներ, գործունեություն են ծավալում ստեղծելու և զարգացնելու Սիլենդի խորհրդանիշերը` դրոշը, զինանշանը, հիմնը, սահմանադրությունը, պետական կառուցվածքը, դիվանագիտությունը, ինչպես նաև կազմակերպում են նամականիշերի թողարկում, դրամահատում և այլն։ Սիլենդի առաջին սահմանադրությունը ուժի մեջ է մտել 1975 թվականին։ Ստեղծվել է դրոշը և զինանշանը։
Պետական կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիլենդը սահմանադրական միապետություն է։ Պետության ղեկավարն է հանդիսանում դուքս Մայքլ I Բեթսը։ Գործող սահմանադրությունը ընդունվել է 1975 թվականի սեպտեմբերի 25-ին, որը բաղկացած է նախաբանից և 7 հոդվածներից։ Միապետի կարգադրությունները ձևակերպվում են հրամանագրերի ձևով։ Կառավարությունը բաղկացած է երեք նախարարություններից` արտաքին և ներքին գործերի, ինչպես նաև հեռահաղորդակցական տեխնոլոգիաների։ Իրավական համակարգը հիմնված է բրիտանական օրենսգրքի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիլեդի նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենահարթակը, որի վրա գործում է պետությունը, ստեղծվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին։ 1942 թվականին բրիտանական ռազմածովային ուժերի կողմից, ափամերձ տարածքներում կառուցվեցին մի շարք հենահարթակներ։ Դրանցից մեկն էլ Ռոուս Թաուերն էր անգլ.՝ Roughs Tower։ Պատերազմի տարիներին այնտեղ տեղակայված էր զենիթային հրանոթներ և 200 հոգանոց կայազոր։ Պատերազմական գործողությունների ավարտից հետո աշտարակների մեծ մասն ավերվեց, սակայն Ռոուս Թաուերը, որը գտնվում էր բրիտանական ջրային տարածքներից դուրս, մնաց անվնաս։
Հարթակի գրավում և Սիլենդի հիմնում
[խմբագրել | խմբագրել կոդը]1966 թվականին բրիտանական բանակի պաշտոնաթող մայոր Պեդի Ռոյ Թեթսը և նրա ընկեր Ռոնան Օ'Ռեյլին ընտրեցին վաղուց լքված Ռոուս Թաուեր հենահարթակը զվարճանքի այգի կառուցելու համար[5]։ Սակայն շատ չանցած նրանք վիճեցին և Բեթսը մնաց հենահարթակի միակ տերը։ 1967 թվականին Օ'Ռեյլին փորձեց ուժով զավթել տարածքը, սակայն Բեթսը որսորդական հրացանի, հրանետի և հրահեղուկով լցված շշերի միջոցով կարողացավ հակահարված տալ Օ'Ռեյլին։
Ռոյը զվարճանքի այգի չկառուցեց, բայց որոշեց այնտեղ հիմնել իր Britain’s Better Music Station չարտոնագրված ռադիոկայանը։ Սակայ ռադիոկայանը այդպես էլ ոչ մի անգամ չհեռարձակվեց[6]։
1967 թվականի սեպտեմբերի 2-ին Ռոյը հայտարարեց ինքնիշխան պետության և իրեն դուքս Ռոյ I հռչակման մասին։ Այս օրը նշվում է, որպես պետության ամենակարևոր տոն։
Բախում Մեծ Բրիտանիայի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]1968 թվականին բրիտանական իշխանությունը փորձեց գրավել Հենահարթակը։ Նրան մոտեցան պարակային նավակներ, սակայն Բեթսերը նրանց պատասխանեցին օդում նախազգուշական կրակոցներով։ Գործը արյունահեղության չհասավ, բայց Բեթսի նկատմամբ, որպես բրիտանիայի քաղաքացի քրեական գործ հարուցվեց։
Պետական հեղաշրջման փորձ
[խմբագրել | խմբագրել կոդը]1978 թվականի օգոստոսին երկրում հեղաշրջման փորձ կատարվեց։ Սրան նախորդեց դուքսի և նրա մոտ դաշնակից, երկրի վարչապետ կոմս Ալեքսանդր Գոթֆրիդ Ախենբախի (անգլ.՝ Alexander Gottfried Achenbach) միջև ծագած լարվածությունը, որը կապված էր երկիր ներգրավվող ներդրումների հետ։ Նրանք միմյանց մեղադրեցին հակասահմանադրական մտադրություններ ունենալու մեջ։ Օգտվելով դուքսի բացակայությունից, որն Ավստրիայում հանդիպում էր ունենում ներդրողների հետ, Ախենբախը մի խումբ հոլանդացիների հետ իջավ հենահարթակ։ Զավթիչները երիտասարդ արքայազն Մայքլին փակեցին նկուղում, ապա տեղափոխեցին Նիդերլանդներ։ Բայց Մայքլը փախավ գերությունից և հանդիպեց հոր հետ։ Հավատարիմ քաղաքացիների աջակցությամբ միապետին հաջողվեց ջախջախել զավթիչներին և վերադառնալ իշխանության։
Կառավարությունը հանդես եկավ համաձայն միջազգային իրավունքի։ Գերված օտարերկրյա վարձկանները շուտով ազատ արձակվեցին, քանի որ ըստ ժնևյան կոնվենցիայի ռազմագերիների հետ վարվելակերպի պահանջվում էր ռազմական գործողությունների ավարտից հետո դատապարտյալներին ազատ արձակել։ Հեղաշրջման կազմակերպիչը ազատվեց զբաղեցրած բոլոր պաշտոններից և դատապարտվեց դավաճանության համար` համաձայն սիլենդյան օրենքի։ Բայց քանի որ նա երկրորդ` գերմանական քաղաքացիություն ուներ, նրա ճակատագրով սկսեց հետաքրքրվել Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության իշխանությունը։ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հրաժարվեց միջամտել այս գործին, և գերմանական դիվանագետները ստիպված էին բանակցություններ սկսել անձամբ Սիլենդի հետ։ Կղզի ժամանեց Լոնդոնում գերմանական դեսպանության ավագ իրավախորհրդատու դոկտոր Նիմյուլերը։ Դուքս Ռոյը պահանջեց Սիլենդի դիվանագիտական ճանաչումը, սակայն ի վերջո, հաշվի առնելով անարյուն հեղաշրջման բնույթը, ազատ արձակեց Ախենբախին։ Պարտվողները շարունակում էին պնդել իրենց իրավունքները։ Նրանք ձևավորեցին Սիլենդի վտարանդի կառավարությունը (ԳՖՀ)։ Ախենբախը պնդում էր, որ հանդիսանում է սիլենդյան Գաղտնի Խորհրդի նախագահը։ 1989 թվականի նա ձերբակալվեց ԳՖՀ-ի իշխանությունների կողմից, որոնք իհարկե չէին ճանաչում նրա դիվանագիտական կարգավիճակը, և իր պաշտոնը հանձնեց տնտեսական համագործակցության նախարար Իոհան Զեյգերին (անգլ.՝ Johannes W. F. Seiger), որը շուտով դարձավ վարչապետ (վերընտրվեց 1994 և 1999 թվականներին)։
Ջրային տարածքների ընդլայնում
[խմբագրել | խմբագրել կոդը]1987 թվականի սեպտեմբերի 30-ին Մեծ Բրիտանիան հայտարարեց իր ջրային տարածքների` 3-ից 12 ծովային մղոն ընդլայնման մասին։ Հաջորդ օրը համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ Սիլենդը։ Բրիտանական կառավարության կողմից ոչ մի արձագանք չեղավ, կապված Սիլենդի ջրային տարածքների ընդլայնման հետ։ Այս փաստը Սիլենդի անկախության կողմնակիցների կողմից համարվում է որպես ըստ էության ճանաչում։
Սիլենդյան անձնագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականին Սիլենդի անունը, առանց կառավարութան իմացության, ներքաշվեց հանցավոր խարդախության մեջ։ Ինտերպոլի ուշադրության կենտրոնում հայտնվեց մի միջազգային ճյուղավորված հացավոր խումբ, որը զբաղվում էր սիլենդյան կեղծ անձնագրերի առևտրով (Սիլենդը երբեք չի վաճառել անձնագրեր կամ տրամադրել քաղաքական ապաստան)։ Ավելի քան 150 հազար կեղծ անձնագրեր (այդ թվում դիվանագիտական), վարորդական իրավունքի վկայականներ, ինչպես նաև համալսարանական դիպլոմներ և այլ կեղծ փաստաթղթեր էին վաճառվել Հոնկոնգի և արևելյան Եվրոպայի քաղաքացիներին։ Մի շարք եվրոպական երկրներում փորձեր էին արվել սիլենդյան անձնագրերով բանկային հաշիվներ բացել և նույնիսկ զենք ձեռք բերել։ Հանցախմբի կենտրոնը գտնվել էր Գերմանիայում, գործունեության շրջանակները ընդգրկել` Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Սլովենիան, Ռումինիան և Ռուսաստանը։
Համագործակցությունը HavenCo-ի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականին HavenCo ընկերությունը իր հոսթինգը տեղակայելով Սիլենդում, հույս ուներ խույս տալ բրիտանական ինտերնետ-օրենսդրության սահմանափակումներից։ Սիլենդի կառավարությունը խոստացավ տեղեկատվության ազատության անձեռնմխելիություն (ինտերնետի առնչությամբ Սիլենդում թույլատրվում է ամեն ինչ, բացի սպամից, հաքերային հարձակումից և մանկական պոռնոգրաֆիայից)։ 2008 թվականին HavenCo ընկերությունը դադարեցրեց իր գործունեությունը[7]։
Հրդեհ Սիլենդում
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի հունիսի 23-ին Սիլենդում տեղի ունեցավ իր պատմության մեջ ամենամեծ բնական աղետը։ Հենահարթակում հրդեհ սկսվեց, որի պատճառը կարճ միացումն էր։ Կրակը ոչնչացրեց գրեթե ողջ շինությունը։ Հրդեհի արդյունքում միակ տուժածին փրկարարական ուղղաթիռով տեղափոխեցին բրիտանական հիվանդանոց։ Պետությունը բավականին արագ, արդեն նույն տարվա նոյեմբերին վերականգնվեց։
Սիլենդի վաճառքը
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին սեփականատերերը հայտարարեցին երկրի հնարավոր վաճառքի մասին[8]։ Անմիջապես դրանից հետո The Pirate Bay տորենտ-կայքը սկսեց գումար հայթայթել Սիլենդի ձեռքբերման համար[9]։ 2009 թվականի հունվարին իսպանական Inmo-Naranja անշարժ գույքի գործակալությունը հայտարարեց, որ պատրաստվում է վաճառքի հանել Սիլենդը 750 միլիոն եվրոյով[10][11]։
Մայքլ I Բեթս
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հոկտեմբերի 9-ին, 91 տարեկան հասակում մահացավ Սիլենդի ինքնահռչակ իշխանը, որը երկար տարիներ տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ[12][13][14][15][16]։ Սակայն արդեն 1999 թվականից Սիլենդի ժամանակավոր գահապահ էր համարվում Մայքլ I Բեթսը, որը Ռոյ Բեթսի որդին էր։ Նա քաղաքական գործիչ էր և բնակվում էր Մեծ բրիտանիայում։ 2012 թվականից ժառանգեց Սիլենդի գեներալ-ադմիրալ իշխան Մայքլ I Բեթս տիտղոսը։
Տնտեսական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիլենդը մասնակցել է մի շարք առևտրային գործարքների, այդ թվում մետաղադրամների և նամականիշերի թողարկման, տարածք է տրամադրել HavenCo ընկերությանը։
1972 թվականին Սիլենդը դրամագիտության նպատակով սկսեց մետաղադրամներ հատել։ 1990 թվականի դրամների երեսակողմի վրա միապետի դիմանկարն է, դարձերեսին` Սիլենդի զինանշանը։
Արժեք | Նյութ | Երեսակողմ | Դարձերես | Արտադրման տարեթիվ |
---|---|---|---|---|
¼ դոլար | բրոնզ | Սիլենդի զինանշան | 1994 | |
¼ դոլար | արծաթ | Սիլենդի զինանշան | 1994 | |
½ դոլար | պղնձանիկելային համաձուլվածք | Սիլենդի զինանշան | 1994 | |
½ դոլար | բրոնզ | Սիլենդի զինանշան | դելֆին | 1994 |
1 դոլար | արծաթ | Սիլենդի զինանշան | դելֆին | 1994 |
1 դոլար | ոսկի | Սիլենդի զինանշան | դելֆին | 1994 |
2½ դոլար | բրոնզ | Սիլենդի զինանշան | դելֆին | 1994 |
2½ դոլար | արծաթ | Սիլենդի զինանշան | դելֆին | 1994 |
2½ դոլար | ոսկի | Սիլենդի զինանշան | դելֆին | 1994 |
5 դոլար | ոսկի | Սիլենդի զինանշան | դելֆին | 1994 |
10 դոլար | արծաթ | Յոհաննա Բեթս | առագաստանավ | 1972 |
10 դոլար | արծաթ | Յոհաննա Բեթս | Սիլենդի զինանշան | 1977 |
10 դոլար | արծաթ | Ռոյ Բեթս | Սիլենդի զինանշան | 1977 |
20 դոլար | արծաթ | Յոհաննա Բեթս | Սիլենդի զինանշան | 1975 |
100 դոլար | ոսկի | Ռոյ Բեթս | Սիլենդի զինանշան | 1977 |
«Վտարանդի կառավարությունը» 1991 թվականին թողարկեց արծաթյա 100 դոլարանոցներ Իոհան Զայգերի դիմապատկերով։
Սիլենդում առաջին անգամ նամականիշեր թողարկվեցին 1968 թվականին՝ մեծ ծովագնացների դիմանկարներով։ Ռոյ I-ը մտադրվել էր միանալ Համաշխարհային փոստային միությանը։ Այդ նպատակով նա 1969 թվականին Բրյուսել ուղարկեց իր գործակալին` 980 նամակի փոստային բեռով։
Կրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիլենդում գործում է Սիլենդյան Անգլիկան եկեղեցին, որը հիմնվել է 2006 թվականի օգոստոսի 15-ին[17]։ Սիլենդի տարածքում կա սուրբ Բրենդանի մատուռ[10][18],`օծված մետրոպոլիտի կողմից[17]։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած նրա, որ Սիլենդում չկա բավականաչափ բնակչություն որևէ սպորտային հավաքական կազմելու համար, այնուամենայնիվ կան մարդիկ, որոնք զբաղվում են տարբեր սպորտաձևերով։ Այս մարզիկները զբաղվում են տարբեր մարզաձևերով, ինչպիսիք են կյոռլինգ, մինի-գոլֆ, ֆուտբոլ, սեղանի ֆուտբոլ, թեթև աթլետիկա և այլն։ Սիլենդն ունի նաև ֆուտբոլի հավաքական չճանաչված պետությունների հավաքականների կազմում[19]։ 2004 թվականին ազգային հավաքականն անցկացրեց առաջին միջազգային խաղը Ալանդյան կղզիների ֆուտբոլի ազգային հավաքականի հետ[20]։ 2013 թվականի մայիսի 22-ին լեռնագնաց Կենթոն Քուլը Էվերեստի գագաթին տեղադրեց Սիլենդի դրոշը[21]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ All Hail Sealand. The New York Times
- ↑ Идеальный офшор.
- ↑ Князь морской платформы
- ↑ «Непризнанные государства Европейской периферии и пограничья». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Продам государство, быстро, дёшево — «Вокруг света»
- ↑ «Radio Essex». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Сам себе король, сам себе страна, Павел Овчинников, «ZONAKZ», 29 апреля 2009 г.
- ↑ Welcome to buysealand.com
- ↑ http://www.theregister.co.uk/2007/01/17/piratebay_sealand_nationhood/
- ↑ 10,0 10,1 «По соседству с Англией продается государство». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Испанцы продают страну
- ↑ «Prince Roy of Sealand aka Roy Bates (passed away 9th October 2012) Obituary». sealandgov.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Yardley, William (2012 թ․ հոկտեմբերի 13). «Roy Bates, Bigger-Than-Life Founder of a Micronation, Dies at 91». The New York Times. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «'Prince Roy of Sealand' dies, aged 91». The Australian. Sydney. 2012 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Van Gilder Cooke, Sonia (2012 թ․ հոկտեմբերի 12). «RIP Paddy Roy Bates, the Prince of Sealand». Time. New York. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Woo, Elaine (2012 թ․ հոկտեմբերի 14). «Prince Roy Bates dies at 91; adventuring monarch of Sealand». Los Angeles Times. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ 17,0 17,1 Англиканское независимое сообщество — международное
- ↑ Часовня на Силенде
- ↑ «Football Associations Members of the N.F.-Board». Արխիվացված է օրիգինալից 2016-06-15-ին. Վերցված է 2017-05-18-ին.
- ↑ «Sealand vs Alderney football result». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Ben Fogle [@Benfogle] (May 31, 2013). «Lord Fogle of Sealand thanks @kentoncool for taking the @sealandgov flag to Everest. @edsheeran gig next? Please Ed» (Թվիթ) – via Թվիթթեր.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլենդ» հոդվածին։ |
|