Սթեն Լորել
Ծննդյան թիվ՝ | հունիսի 16, 1890[1][2][3][…] |
---|---|
Ծննդավայր՝ | Ulverston, Անգլիա[4] |
Վախճանի թիվ՝ | փետրվարի 23, 1965[1][2][3][…] (74 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Սանտա Մոնիկա, Կալիֆոռնիա[4] |
Քաղաքացիություն՝ | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն՝ | թատրոնի դերասան, սցենարիստ, կատակերգու, կինոդերասան, կասկադյոր, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0491048 |
Սթեն Լորել (անգլ.՝ Stan Laurel; իրական անուն՝ Արթուր Սթենլի Ջեֆերսոն, անգլ.՝ Arthur Stanley Jefferson; հունիսի 16, 1890[1][2][3][…], Ulverston, Անգլիա[4] - փետրվարի 23, 1965[1][2][3][…], Սանտա Մոնիկա, Կալիֆոռնիա[4]), կատակերգու դերասան, սցենարիստ և ռեժիսոր, որը հայտնի է դարձել «Լորել և Հարդի» կատակերգական դուետի շնորհիվ, որտեղ հանդես է եկել ավելի քան 30 տարի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթենի ծնողները՝ Արթուր ու Մարգարետ Ջեֆերսոնները, ակտիվորեն զբաղվում էին թատերական գործունեությամբ և գրեթե ժամանակ չէին հատկացնում որդուն։ Նա մանկության մեծ մասը անց է կացրել Բիշոփ-Օքլենդեում (Durham County), շրջապատված իր տատիկի՝ Սառա Մետքալֆի սիրով և հոգատարությամբ։ Նա սովորել է Բիշոփ-Օքլենդեի Յակով I դպրոցում[5], Թայնմուտի թագավորական դպրոցում, և որոշ ժամանակ հաճախել է Ռութերգլենի ակադեմիա[6]։ Սթենի հայրը ղեկավարել է տարբեր թատրոններ, որոնցից մեկը հետագայում Բիշոփ-Օքլենդեի «Էդեմ» թատրոնն էր։ Սթենին գրավել է թատրոնը, և 16 տարեկանում նա առաջին անգամ հայտնվել է Գլազգոյի «Բրիտանական պանոպաիկում» թատրոնի բեմում[7]։ 1910 թվականին միացել է Ֆրեդ Կառնոյի թատերախմբին, որի կազմում էր նաև երիտասարդ Չարլի Չապլինը (պահպանվել է թատերախմբի լուսանկարը, որտեղ դերասանները միասին են պատկերված)։ Որոշ ժամանակ Սթենը հանդես էր գալիս որպես Չապլինին փոխարինող։ Նրանք միասին մնացել են Ամերիկայում՝ Կառնոյի թատերախմբի հյուրախաղերի ժամանակ։ 1916-1918 թվականներին նա ելույթ է ունեցել Ալիսայի և Բոլդուին Քուքի հետ, որոնց ընկերացել է ողջ կյանքի ընթացքում, և այդ ժամանակ առաջին անգամ հանդիպել է Օլիվեր Հարդիի հետ՝ նրա հետ նկարահանվելով «Շուն-թալիսման» կարճամետրաժ ֆիլմում։
Միևնույն ժամանակ Սթենը հանդիպել է Մեյ Դալբերգին, որը մեծապես ազդել է նրա կյանքի վրա։ Նրա առաջարկով Սթենը վերցրել է «Լորել» կեղծանունը։ Զույգը միասին ելույթ է ունեցել, երբ Լորելին առաջարկել են ֆիլմ նկարահանել շաբաթական 75 դոլարով։ Նրա առաջին՝ «Մայիսյան ընկույզներ» ֆիլմի թողարկումից հետո «Universal Pictures»-ը նրան պայմանագիր է առաջարկել, որը շուտով խզվել է՝ ստուդիայի վերակազմավորման պատճառով։
1924 թվականին Լորելը հեռացել է բեմից և զբաղվել միայն կինոյով՝ 12 ֆիլմերի համար պայմանագիր կնքելով Ջո Ռոքի հետ, ընդ որում, պայմանագրի կետերից մեկն այն էր, որ Դալբերգը պետք է չնկարահանվեր այդ ֆիլմերում, քանի որ նրա խառնվածքը կարող էր խանգարել Լորելի գործունեությանը։ 1925 թվականին, երբ նա սկսել է միջամտել Լորելի աշխատանքին, Ռոքը նրան գումար և տոմս է առաջարկել դեպի Ավստրալիա, ինչին նա համաձայնել է։ 1926 թվականին Սթենն ամուսնացել է Լոիս Նիլսոնի հետ։
Լորել և Հարդի
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուտով Լորելը սկսել է աշխատել «Hal Roach Studios» կինոստուդիայում՝ որպես ռեժիսոր և սցենարիստ, և 1925 թվականին՝ «Այո՛, այո՛, Նանետ» ֆիլմի նկարահանումների ժամանակ կրկին հանդիպել է Հարդիի հետ, որը խաղացել է ֆիլմի դերերից մեկը։ Լորելը չի մտածել դերասանական գործունեությանը վերադառնալու մասին, սակայն 1927 թվականին Հարդիի հետ դժբախտ պատահար է տեղի ունեցել, և Լորելին առաջարկել են վերադառնալ նկարահանման հրապարակ՝ որպես դերասան։ Լորելի և Հարդիի սերտ համագործակցությունը սկսվել է «Բադի ապուր» և «Սայթաքուն կանայք» ֆիլմերի նկարահանումներից։ «Hal Roach Studios»-ի տնօրեն Լեո Մակերին նկատել է հանդիսատեսի մեծ հետաքրքրությունը Հարդիի և Լորելի համատեղ աշխատանքի նկատմամբ և հետագայում միտումնավոր նրանց նկարահանել է միասին, ինչի արդյունքում այդ տարվա վերջին հրապարակվել է «Լորել և Հարդի» դուետը։
Այս դուետի մասնակցությամբ մեծ թվով ֆիլմեր են թողարկվել, այդ թվում՝ «Դարի ճակատամարտը», «Արդյո՞ք ամուսինները շտապում են տուն», «Եղե՛ք ավելին», «Շահավետ բիզնես» և այլն։ 1929 թվականին Լորելն ու Հարդին հաջողությամբ նկարահանվել են ձայնային՝ «Դրան մենք սովոր չենք» ֆիլմում։ Նույն թվականին նրանց ֆիլմը դարձել է «1929 թվականի հոլիվուդյան ռևյու» կինոդահլիճի հիթը, իսկ հաջորդ տարի թողարկվել է նրանց առաջին գունավոր ֆիլմը ՝ «Խաբեբայի երգը»։ 1931 թվականին նրանք առաջին անգամ հայտնվել են «Ներեցեք մեզ» լիամետրաժ ֆիլմում, թեև մինչև 1935 թվականը նկարահանվել էին նաև կարճամետրաժ ֆիլմերում, որոնցից մեկը՝ «Երաժշտական արկղիկը», 1932 թվականին «Օսկար» է ստացել՝ «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում։
1928 թվականին Սթենը դուստր է ունեցել, որին անվանել են Լոիս՝ մոր պատվին, իսկ 1930 թվականին ծնված որդին՝ Սթեն կրտսերը, 9 օր անց մահացել է[8]։ Ցնցումից ապաքինվելուց հետո Լորելն ավելի շատ է կապվել դստեր հետ, և այդ կապվածությունը եղել է փոխադարձ։ Նույնիսկ կնոջ հետ ամուսնալուծությունից հետո Սթենը փորձել է աղջկան որքան հնարավոր է հաճախ այցելել։
1930-ական թվականներին Լորելի և Հոլա Ռոուչի հարաբերությունները լարվել են՝ ի վերջո բերելով պայմանագրի խզման։ Դրանից հետո Լորելը դատապարտվել է հարբած վիճակում մեքենա վարելու համար, իսկ հետո դատական հայց է ներկայացրել «Hal Roach Studios»-ի դեմ։ Ի վերջո գործը կարճվել է, և Լորելը վերադարձել է Ռոուչիի մոտ։
1935 թվականին Լորելը ամուսնալուծվել է առաջին կնոջից և ամուսնացել Վիրջինիա Ռութ Ռոջերսի հետ։ 1937 թվականին նրանք ամուսնալուծվել են, և 1938 թվականին Լորելն ամուսնացել է Վերա Շուվալովայի հետ։
1939 թվականին Լորելն ու Հարդին պայմանագիր են կնքել «20th Century Fox» ստուդիայի հետ, ինչի արդյունքում հինգ ամսվա ընթացքում նկարահանվել են 10 ֆիլմերում։
«Hal Roach Studios» վերադառնալուց հետո դուետը նկարահանվել է «Օլուխը Օքսֆորդից» և «Պրոստակները ծովում» ֆիլմերում։ 1940 թվականի ապրիլին Լորելի պայմանագիրը ստուդիայի հետ վերջնականապես դադարեցվել է։
Մայիսին նա բաժանվել է կնոջից և 1941 թվականի հունվարին կրկին ամուսնացել Վիրջինիայի հետ։
Պատերազմի տարիներին նրանց ֆիլմերն ավելի միօրինակ են դարձել, ինչը պատճառ է դարձել դուետի հանրամատչելիության անկման, թեև «Մեծ թնդանոթները», «Հետապնդումից փրկվածները» և «Տորեադորները» ֆիլմերը որոշ դրական արձագանքներ են գտել։ Այդ ժամանակ Լորելի մոտ շաքարախտ են հայտնաբերել, և երկու ֆիլմերում Հարդին՝ Լորելի խնդրանքով, նկարահանվել է առանց նրա։ 1946 թվականին Լորելը կրկին ամուսնալուծվել Է Վիրջինիայի հետ և ամուսնացել է Իդա Կիտաևայեվա-Ռաֆայելի հետ, որի հետ երջանիկ ապրել է մինչև իր մահը։
1950 թվականին Լորելին և Հարդիին հրավիրել են Ֆրանսիա՝ նկարահանելու ֆրանս-իտալական համատեղ «Ատոլլ Կ» կինոնկարում (ամերիկյան վարձույթում՝ «Ուտոպիա»), սակայն ֆիլմը ձախողվել է։ Նկարահանումների ժամանակ դուետը լուրջ հիվանդացել է, և տուն վերադառնալուց հետո երկար ժամանակ վերականգնել է ուժերը։ 1952 թվականին Լորելն ու Հարդին հաջողությամբ շրջել են Եվրոպայում։
Հաջորդ տարի նրանք նույն ցուցանիշով կրկնել են իրենց շրջագայությունները, չնայած այն բանին, որ Լորելը հիվանդացել էր շրջագայության ընթացքում և մի քանի շաբաթ ելույթ չէր ունեցել։ 1954 թվականի մայիսին Հարդին ինֆարկտ է ստացել, և հերթական հյուրախաղերը չեղյալ են հայտարարվել։
1955 թվականին նրանք ծրագրել են նկարահանել «Լորելի և Հարդիի զվարճալի պատմությունները» հեռուստասերիալը՝ հիմնված երեխաների համար պատմությունների վրա, սակայն դա չի հաջողվել։ Լորելը կաթված է ստացել։ Ապաքինվելուց հետո նրանք սկսել են նորովի պատրաստվել նկարահանումներին, սակայն 1956 թվականի սեպտեմբերի 15-ին Հարդին, իր հերթին, ինսուլտ է ստացել։ Մահճակալին գամված՝ նա մի քանի ամիս չի խոսել ու չի շարժվել։
Հարդիի մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]1957 թվականի օգոստոսի 7-ին մահացել է Օլիվեր Հարդին։ Լորելը, որին բժիշկներն արգելել են ներկա գտնվել հուղարկավորությանը, այս առիթով ասել է՝ «Փոքրիկը կհասկանա»։ Լորելին քաջածանոթ մարդկանց խոսքով՝ Հարդիի մահն ամբողջությամբ դատարկել է նրան, և նա չի ապաքինվել դրանից մինչև իր կյանքի վերջը։
Հետագա կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանքի վերջին տարիները նա ապրել է Սանտա-Մոնիկայի «Օվկիանոս» հյուրանոցի փոքրիկ համարում։ Միշտ սիրալիր է եղել իր երկրպագուների հետ, ծախսել է շատ ժամանակ՝ պատասխանելով նրանց նամակներին։ Նրա հեռախոսահամարը նշված էր հեռախոսային տեղեկատուի մեջ, և նրա երկրպագուները զարմանում էին, որ նրանք կարող են հավաքել համարը և անձամբ խոսել Լորելի հետ։ 1960 թվականին Լորելը «Օսկար» է ստացել կինոարվեստի զարգացման գործում ունեցած ակնառու ավանդի համար, և նույն թվականին լույս է տեսել Ջերի Լյուիսի «Սուրհանդակ» ֆիլմը, որտեղ Լորելի դերում նկարահանվել է Բիլ Ռիչմոնդը։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լորելը մոլի ծխող էր, բայց մոտ 70 տարեկանում հրաժարվել է ծխելուց։ Նա մահացել է 1965 թվականի փետրվարի 23-ին ՝ սրտի կաթված ստանալուց օրեր անց[9]։ Մահվանից մի քանի րոպե առաջ Լորելը բուժքույրին ասել է. «Ես հիմա դեմ չէի լինի դահուկավազքին»։ Ինչ-որ տարակուսանքով, բուժքույրը պատասխանել է. «Բայց ես չէի կարծում, որ Դուք դահուկներ եք վարում»։ Լորելը պատասախնել է. «Ո՛չ։ Ես կգերադասեի դահուկներով սահել, միայն թե այս ասեղները չծակեին ինձ ներսից»։ Մի քանի րոպե անց նա մահացել է։
Լորելի հուղարկավորության ժամանակ ելույթ են ունեցել Դիք Վան Դայքը՝ նրա ընկերն ու հովանավորը, վերջին տարիներին, երբեմն նրա ելույթների կազմակերպիչը և Բաստեր Քիթոնը, որը, մասնավորապես, ասել է՝ «Չապլինը ծիծաղելի չէր։ Ծիծաղելի չէի ես։ Ծիծաղելի էր այդ մարդը»։
Լորելն ինքն է հորինել իր տապանագիրը՝ «Եթե իմ հուղարկավորության ժամանակ ինչ-որ մեկը ձգված դեմքով լինի, ես այլևս նրա հետ չեմ խոսի»։ Նա թաղվել Է Հոլիվուդ Հիլսի գերեզմանատանը։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989 թվականին Լորելի արձանը կանգնեցվել է Նորթշիլդսի Դոկրեյ-սքվերում՝ թիվ 8 տան մոտ, որտեղ նա ապրել է 1897-1902 թվականներին։
- 2006 թվականին «Բի-Բի-Սի 4» հեռուստաալիքով ցուցադրվել է «Սթեն» ֆիլմը, որը հիմնված է Լորելի և Հարդիի վերջին հանդիպումների և նրանց գործունեության վերհուշերի վրա[10]։
- Սթեն Լորելի պատվին կոչվել է (2865) Լաուրելը աստղակերպը։
- 2008 թվականին Լորելի արձանը տեղադրվել է Բիշոփ-Օքլենդում, որտեղ նախկինում գտնվում էր «Էդեմ» թատրոնը[11]։
- 2009 թվականի ապրիլին Լորելի և Հարդիի բրոնզե քանդակը տեղադրվել է Ալվերստոնայում[12]։
- Այն տան վրա, որտեղ ապրում էր Լորելը, կա հուշատախտակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118570196 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «The Laurel & Hardy Forum :: View topic — Plea to save Stan Laurel's school». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «A Few Famous Ruglonians 1». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Bowers, Judith Stan Laurel and other stars of the Panopticon. — 2007. — С. 143—147. — ISBN 184158617X
- ↑ Find A Grave
- ↑ «Stan Laurel Dies. Teamed With Oliver Hardy in 200 Slapstick Films-Played 'Simple' Foil». New York Times. 1965 թ․ փետրվարի 24. Վերցված է 2008 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «BBC — BBC Four Cinema — Silent Cinema Season». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին.
- ↑ http://www.thenorthernecho.co.uk/news/3590723.Laurel_proves_Hardy_after_disaster_delays/ - Statue of Laurel arrives in Bishop Auckland
- ↑ BBC NEWS | UK | England | Cumbria | Statue honours Laurel and Hardy
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթեն Լորել» հոդվածին։ |
|
- Հունիսի 16 ծնունդներ
- 1890 ծնունդներ
- Փետրվարի 23 մահեր
- 1965 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 1891 ծնունդներ
- 20-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի կատակերգուներ
- Անգլիացի դերասաններ
- Անգլիացի կինոդերասաններ
- Անգլիացի կինոպրոդյուսերներ
- Անգլիացի ռեժիսորներ
- Անգլիացի սցենարիստներ
- Անգլիացի տղամարդ թատրոնի դերասաններ
- Անգլիացի տղամարդ կինոդերասաններ
- Դերասաններ այբբենական կարգով
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ