Ծնվել է ուսուցիչ Ուիլյամ Պարկեր Բրուքի և Ռութ Մերի Բրուքի (ծննդյամբ Կոտտերիլ) ընտանիքում, երեք երեխաներից երկրորդն էր։ Կրթություն է ստացել Հիլլբրոուի և Ռագբիի դպրոցներում։ Եվրոպայով շրջագայելու ընթացքում Բրուկը գրել է «Ջոն Ուեբստեր և Ելիզավետյան ողբերգությունը» վերնագրով թեզը, որի շնորհիվ ստացել է կրթաթոշակ Քեմբրիջի թագավորական քոլեջում սովորելու համար, որտեղ դարձել է «Քեմբրիջի առաքյալներ» ինտելեկտուալ ընկերության անդամ և մասնակցել թատերական «Մարլոյի ընկերության» ստեղծմանը։ Բրուկն ընկերներ և գաղափարակիցներ է գտել Բլումսբերրի խմբում, որի անդամներից ոմանք բացահայտորեն հիանում էին երիտասարդ պոետի տաղանդով։ Նա նաև պոետների գեորգյանց (մինչմոդեռնիստական գրական ուղղություն Անգլիայում 1910-ական թթ) ընկերության անդամ էր։ 1913 թվականին Բրուկը լուրջ էմոցիոնալ ճգնաժամ է ապրել՝ իր ընկերուհի՝ Քեթրին Լերդ Կոկսի հետ երկարատև հարաբերությունների խզման պատճառով։ Ուժերը վերականգնելու համար՝ նա ճամփորդել է ԱՄՆ-ում և Կանադայում՝ կատարելով ճանապարհորդական նշումներ «Westminster Gazette»-ի համար։ Այդ նույն ժամանակահատվածում նա ծանոթացել է անգլիացի դերասանուհի Քեթլին Նեսբիթթի հետ, ում էլ նվիրել է մի քանի սիրային սոնատներ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա ընդգրկվել է ռազմածովային ուժերի պահեստազորում, որտեղ էլ ստացել է կրտսեր լեյտենանտի կոչում։ 1914 թվականի հոկտեմբերին Բրուկը մասնակցել է դեպի Անթվերբեն արշավին։ 1915 թվականին միացել է միջերկրածովյան արշավախմբի ուժերին Դարդանելի ռազմական գործողությանը մասնակցելու համար։ Սակայն փետրվարին սեպսիսով հիվանդանում է։ 1915 թվականի ապրիլի 23-ին Բրուկը մահանում է ֆրանսիական լողացող հիվանդանոցում, որը գտնվում է Սկիրոս կղզուց ոչ հեռու, որտեղ էլ թաղվել է։ Բրուկի հիշատակին ծառայակիցներից մեկը՝ երգահան Ֆրեդերիկ Կելլին, նվիրել է եղերերգություն (էլեգիա) լարային երգչախմբի համար։ Ռուպերտ Բրուկ կյանքից վաղ է հեռացել՝ թողնելով մի շարք վառ ստեղծագործություններ։ Առավել հայտնի են Առաջին աշխարհամարտի տարիներին գրված սոնետները, որոնցից, հատկապես, աչքի է ընկնում «Զինվոր» վերնագրով սոնետը (անգլ.՝ The Soldier):