Պրիտի Պատել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրիտի Պատել
անգլ.՝ Priti Patel
 
Կուսակցություն՝ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Կրթություն՝ Watford Grammar School for Girls?, University of Keele?[2] և Էսեքսի համալսարան[2]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր մարտի 29, 1972(1972-03-29) (52 տարեկան)
Ծննդավայր Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն
Ի ծնե անուն անգլ.՝ Priti Sushil Patel[1]
 
Կայք՝ priti4witham.com
 
Ինքնագիր Изображение автографа

Պրիտի Պատել (անգլ.՝ Priti Sushil Patel, մարտի 29, 1972(1972-03-29), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի Աշխատանքի և կենսաթոշակի նախարարության զբաղվածության հարցերով նախկին կրտսեր նախարար (2015 թվականի մայիսի 11-ից մինչև 2016 թվականի հուլիսի 14-ը)։ 2016 թվականի հուլիսի 14-ից մինչև 2017 թվականի նոյեմբերի 8-ը Թերեզա Մեյի առաջին և երկրորդ կաբինետներում եղել է Միջազգային զարգացման նախարար։ 2019 թվականի հուլիսի 24-ից Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1972 թվականին Լոնդոնի շրջան Իսլինգտոնում, Ուգանդայից հնդիկ միգրանտների ընտանիքում։ Ավարտել է Ուոթֆորդի միջնակարգ դպրոցը (Watford Grammar School For Girls), ստացել Քիլի համալսարանի տնտեսագիտության դիպլոմ և Էսսեքսի համալսարանում քաղաքագիտություն մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան[3]։

1995-1997 թվականներին եղել է հանրաքվեի եվրասկեպտիկ կուսակցության մամուլի քարտուղար, որը 1997 թվականի ընտրություններում ստացել է ձայների 2,6 տոկոսը։ Երբ 1997 թվականին Պահպանողական կուսակցությունը փոխել է իր դիրքորոշումը Եվրոպական արժույթի վերաբերյալ, Պատելն անցել է պահպանողականների շարքերը։

2005 թվականին Պատելը Հյուսիսային Նոթինգհեմ (Nottingham North) ընտրատարածքում Պահպանողական կուսակցությունից Համայնքների պալատ ընտրվելու անհաջող փորձ է արել։ 2010 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում հաջողության է հասել Էսսեքս կոմսության Ուիթեմ (Witham) ընտրատարածքում։ 2013 թվականից Միացյալ Թագավորության հնդկական սփյուռքի ակտիվիստուհի է, իսկ 2013-2014 թվականներին եղել է Քաղաքական խորհրդատվական խորհրդում (Policy Advisory Board)[4]։

2014 թվականի հուլիսի 15-ին վարչապետ Դևիդ Քեմերոնը մի շարք կադրային տեղաշարժեր է կատարել իր առաջին կաբինետում և ընդունած որոշումներից մեկը դարձել է Պրիտի Պիթելի նշանակումը ֆինանսների նախարարությունում գանձապետարանի քարտուղարի պաշտոնում՝ հարկային քաղաքականության բնագավառում պատասխանատվության ոլորտով։ Քեմերոնի քաղաքական քայլը քննարկվել է մամուլում, քանի որ Պաթելը պատկանում էր պահպանողականների աջ թևին և, հատկապես, կողմ էր մահապատժի վերականգնմանը[5]։

2015 թվականի մայիսի 7-ի հերթական խորհրդարանական ընտրություններում՝ Պրիտի Պատելը համոզիչ հաղթանակ է տարել իր նախկին Ուիթեմ շրջանում ընտրողների ձայների 57,5%-ի արդյունքով՝ Անկախություն կուսակցության ուժեղագույն մրցակից Գերի Կոկրիլի 16%-ի դիմաց[6]։

2015 թվականի մայիսի 11-ին Քեմերոնը ձևավորել է իր երկրորդ կաբինետը և Պրիտի Պատելին նշանակել Աշխատանքի և կենսաթոշակների նախարարությունում զբաղվածության հարցերով կրտսեր նախարար, որը նրան իրավունք է տվել մասնակցել կառավարության նիստերին[7]։

2016 թվականի հուլիսի 13-ին Դևիդ Քեմերոնը պաշտոնաթող Է եղել վարչապետի պաշտոնից՝ Մեծ Բրիտանիայի անդամակցությունը Եվրամիությանը հանրաքվեի արդյունքների կապակցությամբ, որտեղ ընտրողները քվեարկել են ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին։ Քեմերոնի իրավահաջորդը դարձել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, իսկ Պրիտի Պատելը նրա կաբինետում նշանակվել է Միջազգային զարգացման նախարար[8]։

2017 թվականի նոյեմբերի 8-ին, Աֆրիկա կատարած այցից հետ կանչվելով վարչապետի կողմից, հրաժարական է տվել՝ ճանաչելով Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչների, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ իր չարտոնված հանդիպումների փաստը, որը տեղի է ունեցել այդ տարվա օգոստոսին և ավելի ուշ[9]։ Նոյեմբերի 9-ին Միջազգային զարգացման նախարարի պաշտոնում Պատելի իրավահաջորդ է նշանակվել Պենի Մորդոնտը, որն ավելի վաղ զբաղեցնում էր աշխատանքի և կենսաթոշակների հարցերի նախարարության փոխնախարարի պաշտոնը[10]։

2019 թվականի հուլիսի 24-ին Բորիս Ջոնսոնի կաբինետում նշանակվել է ներքին գործերի նախարար[11]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիտի Պատելը Սուշիլ և Անժանի Պատելների դուստրն է։ Նրա մոր ընտանիքը Հնդկաստանի Գուջարաթ նահանգից Ուգանդա է գաղթել դեռևս 20-րդ դարի սկզբին և մեծ կարողություն են ստեղծել թեյի, սուրճի եւ բամբակի տնկարկների վրա։ Հոր ընտանիքը նույնպես գաղթել է Գուջարաթից Ուգանդա, բայց այն պատկանում էր բնակչության աղքատ խավին և նրա ամուսնությունը Անջանայի հետ չի ընդունվել նրա հարազատների կողմից։ Մինչև 1972 թվականը, երբ Ուգանդայի նախագահ Իդի Ամինը հայտարարեց հարավասիական ծագում ունեցող բնակչության զանգվածային արտաքսման մասին, ընտանիքն արդեն զրկվեց ամբողջ կարողությունից և տեղափոխվեց Մեծ Բրիտանիա, որտեղ Սուշիլ Պատելը ստեղծեց թերթերի կրպակների ցանց (Newsagent's shops)[12]։

2004 թվականին Պատելն ամուսնացել է Մարքեթինգի և հանրային կապերի գծով խորհրդատու Ալեքս Սոյերի հետ, որն սկսել է իր ժամանակի մի մասը նվիրել իր կնոջ գրասենյակում աշխատանքին։ 2008 թվականին նրանք ունեցել են որդի՝ Ֆրեդին։ 2013 թվականին Սուշիլ Պատելը իր թեկնածությունն է առաջադրել Հերտֆորդշիր կոմսության Հարավային Բուշի օկրուգում՝ Համայնքների պալատի լրացուցիչ ընտրություններում։ Այդ իրադարձությանը սկանդալային երանգ է հաղորդել այն հանգամանքը, որ Պատելը դարձել է Միացյալ Թագավորության անկախության կուսակցության թեկնածու և ընտրությունների արդյունքում հայտնվել երկրորդ տեղում՝ զիջելով պահպանողականին, սակայն առաջ է անցնել լեյբորիստներից և լիբերալ-դեմոկրատներից։ Քանի որ Պրիտի Պատելը նույնպես հայտնի է իր եվրասկեպտիցիզմով, նրա հոր արարքը վերլուծաբանների կարծիքով կարող էր լրացուցիչ քաղաքական խնդիրներ ստեղծել Դևիդ Քեմերոնի համար[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 House of Commons Hansard Debates for 19 May 2015 (pt 0001)House of Commons, 2015.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  3. Tom Peck (2016 թ․ փետրվարի 20). «Priti Patel, profile: Tory 'robot' poised for anti-EU reboot» (անգլերեն). Independent. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  4. «Priti Patel MP». Democracy Live (անգլերեն). BBC News. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  5. Rowena Mason (2015 թ․ հուլիսի 15). «Tory rightwinger Priti Patel promoted to Treasury» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  6. «Witham». Election 2015 (անգլերեն). BBC News. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  7. «Cabinet reshuffle: Amber Rudd and Sajid Javid promoted» (անգլերեն). BBC News. 2015 թ․ մայիսի 11. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  8. Dan Bloom, Stephen Jones (2016 թ․ հուլիսի 14). «Who is in Theresa May's new Cabinet? Full line-up after Tory Prime Minister's bombshell reshuffle» (անգլերեն). Mirror. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  9. «Priti Patel quits cabinet over Israel meetings row» (անգլերեն). BBC News. 2017 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  10. «Пенни Мордонт назначена министром по вопросам международного развития Великобритании». ТАСС. 9 ноября 2017. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  11. «Первые назначения Бориса Джонсона. Кто вошел в новый кабмин Великобритании». ТАСС. 2019 թ․ հուլիսի 24.
  12. Jane Fryer (2016 թ․ մարտի 5). «Meet the Minister born to an immigrant newsagent, who says Britain MUST regain control of its borders» (անգլերեն). MailOnline. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
  13. Dominic Midgley (2016 թ․ փետրվարի 8). «Why Priti Patel could be the poster girl the Brexit campaign needs» (անգլերեն). Express. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրիտի Պատել» հոդվածին։