Անգլիական ազգային երաժշտության մշակույթի վերածննդի շարժման նախաձեռնողն է։ 1883-1908 թվականներին դասավանդել է Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջում (1891 թվականից՝ պրոֆեսոր, 1894 թվականից՝ տնօրեն), միաժամանակ (1900-1908 թվականներին) եղել է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր։ Եղել է անգլիական երաժշտական բազմաթիվ ընկերությունների նախագահ։ Անտիկ և աստվածաշնչյան սյուժեներով իր օրատորիաներում, կանտատներում, խմբերգերում (տեսարաններ Պ․ Բ. Շելլիի «Ազատագրված Պրոմեթևս»-ից, «Հուդիթ», «Սավուղ արքա» և այլն) շարունակել է Գ․ Ֆ․ Հենևի ավանդույթները։ Գրել է նաև 5 սիմֆոնիա, նախերգանքներ, գործիքային և վոկալ անսամբլներ, եկեղեցական խմբերգեր, դրամատիկ թատրոնի երաժշտություն։ Հեղինակ է «Ուսումնասիրություններ մեծ կոմպոզիտորների մասին» (1886), «Երաժշտության արվեստը», «Երաժշտության արվեստի էվոլյուցիան» և այլ աշխատությունների։