Սովորել է Օքսֆորդի համալսարանում (1853-1856)։ 1857-1862 թվականներին զբաղվել է գեղանկարչությամբ։ 1861-1862 թվականներին Պ․ Մարշալի և Չ. Ֆոլկների հետ կազմակերպել է Գեղարվեստա-արդյունաբերական ընկերություն (զարդարվեստի, կահույքի, գործվածքների և այլ տնայնագործական արհեստանոցներ)։ Մորիսի գեղագիտական հայացքները ձևավորվել են Թ․ Կարլեյլի ուսմունքի, Ջ․ Ռասկինի դասախոսությունների, ինչպես և պրեռաֆայելիտնների գաղափարների ազդեցությամբ։ Համագործակցելով առաջադեմ արվեստագետների հետ՝ Մորիսը ձգտել է վերականգնել ժողովրդական արհեստները՝ կապիտալիստական մեքենայական արտադրությանը հակադրելով անհատական ստեղծագործությունը։ 1877 թվականին հիմնադրել է Հնագույն շենքերի պահպանության ընկերություն, 1890-1891 թվականներին՝ Քելմսկոտյան հրատարակչությունը (լույս են ընծայվել անգլ․ գոթական մանրանկարչության ոգով Մորիսի և այլոց կատարած պատկերազարդումներով գրքեր)։ Ռոմանտիկական ոճավորումով առանձնանում են նաև Մորիսի «Գինեվրայի պաշտպանությունը» (1858), «Երկրային դրախտ» (1868-1870) պոեմները։ Խոշոր դեր է խաղացել 1880-ական թվականների անգլիական բանվորական շարժման մեջ։ 1883 թվականից եղել է Դեմոկրատական ֆեդերացիայի անդամ, Սոցիալիստական լիգայի (1884) հիմնադիրներից, նրա «Քոմընուել» («Commonweal») օրգանի՝ հրատարակիչն ու խմբագիրը (1884-1890)։ Մորիսի սոցիալիստական հայացքները արտացոլվել են նրա բազմաթիվ հոդվածներում, հեղափոխական բանաստեղծություններում, սոցիալ-ուտոպիստական վեպում («Լուրեր ոչ մի տեղից կամ Երջանկության դարաշրջանը» 1891)[11]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 24)։