Ոսկե աքաղաղը և հավը
Ոսկե աքաղաղը և հավը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | անհայտ |
տարի | 19-րդ դար |
բարձրություն | 114,3 սանտիմետր |
լայնություն | 45,7 սանտիմետր |
ստեղծման երկիր | Կորեա[1] |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան[1] |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան[1] |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Ոսկե աքաղաղը և հավը» (《金黄公鸡与母鸡), զարդանկար ուղղահայաց թղթագլանի վրա, որը ստեղծվել է կորեացի անհայտ նկարչի կողմից 19-րդ դարում Չոսոնի դինաստիայի կառավարման օրոք։ Աշխատանքը ստեղծվել է թղթի վրա թանաքի և ներկերի օգնությամբ։ Դեկորատիվ տարրերի հետ միասին ստեղծագործության բարձրությունը կազմում է 200,7 սանտիմետր, լայնությունը` 62,7 սանտիմետր։ Աշխատանքը չինական գեղանկարչությունից հարմարեցված «ծաղիկներ և թռչուններ» հանրաճանաչ թեմայի զարգացման օրինակ է։ Այն իր մեջ պարունակում է նաև անմահության առասպելական խորհրդանիշեր`արև, սարեր, ամպեր, եղևնիներ, կռունկներ, կրիաներ, եղնիկներ և սնկեր[2]։ Կոմպոզիցիայի կենտրոնում գտնվում են աքաղաղը և հավը, որոնք նստած են ադամածառի և ժայռի վրա համապատասխանաբար։ Նրանք խորհրդանշում են հարստությունը և ապագան։ Ստեղծագործությունը գտնվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում[2]։
Տեղեկատվություն նկարի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտիկ ժամանակներից աքաղաղը որոշ մշակույթներում համարվում էր սուրբ կենդանի[3], որը խորապես արմատավորված է տարբեր կրոնական հավատալիքներում և պաշտամունքներում։ Աքաղաղը համարվում է չինական մշակույթի և արվեստի կարևորագույն և ավանդական խորհրդանիշերից մեկը և ընդգրկված է չինական կենդանակերպի 12 նշանների մեջ (կորեական կենդանակերպը գրեթե նույնական է չինականին)։ Հին չինացիք կարծում էին, որ աքաղաղը բարձր բարոյականության խորհրդանիշ է և անձի լավագույն հատկանիշերի կրողը։ Այդ պաշտամունքը վերաբերվում էր նաև հարևան ասիական երկրների բնակիչներին[4]։ Չոսոն դինաստիայի կառավարման ընթացքում կորեական գեղանկարչության և մշակույթի մեջ սկսեցին ի հայտ գալ խորհրդանշական կենդանիներ, որոնք չինական դիցաբանության մեջ օժտված էին դրական և բարենպաստ հատկանիշներով, դրանցից էին վագրը, վիշապը, կռունկը, եղնիկը և այլն։ «Ոսկե աքաղաղը և հավը» թղթագլանը ստեղծվել է 19-րդ դարի սկզբին։ Պաշտոնական փաստաթղթերի և հիշատակությունների բացակայության պատճառով, գեղանկարի հեղինակի անունը և ստեղծման ամսաթիվը անհայտ են[2]։ Թղթագլանի կոմպոզիցիայի կենտրոնում ոսկեգույն և կարմիր երանգներով պատկերված աքաղաղն ու հավն են։ Աքաղաղը նստած է ադամածառի բնին, արևի և ամպերի տակ։ Քիչ ներքև, ժայռի վրա աճող անմահության սնկերի մոտ գտնվում է հավը[2]։ Թռչունների այս զույգը դիցաբանական ոսկե փասիանի կերպարի ոճաբանական ակնարկն է (որը, չնայած անվանմանը ունի դեղին կատարով կարմրավուն մարմին), որը խորհրդանշում է հաջողությունը[2]։
1919 թվականին «Ոսկե աքաղաղը և հավը» թղթագլանը Ռոջերսի հիմնադրամի կողմից նվիրաբերվել է Մետրոպոլիտեն թանգարանին։ Ստեղծագործությունը ցուցադրվել է Նյու Յորքում, Նոր Օռլեանում, Հոնոլուլուում, Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում և Թալսայում կազմակերպված ցուցահանդեսներում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.metmuseum.org/art/collection/search/40073
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Golden Cock and Hen». Metropolitan Museum of Art. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Jerry Adler; Andrew Lawler (June 2012). «How the Chicken Conquered the World». Smithsonian magazine.
- ↑ 倪方六 (2017 թ․ հունվարի 19). «"鸡文化"对古人生活的影响». 北京晚报、网易新闻. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Metropolitan Museum of Art website
- Korean Art from 19th to the 20th century - Metropolitan Museum of Art
- Korean Art – Nary Griggs Berke Collection, Mary and Jackson Berke Foundation