Jump to content

Շանդոր Կիշֆալուդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շանդոր Կիշֆալուդի
հունգ.՝ Kisfaludy Sándor
Ծնվել էսեպտեմբերի 27, 1772(1772-09-27)[1]
ԾննդավայրSümeg, Հունգարիա
Վախճանվել էհոկտեմբերի 28, 1844(1844-10-28)[1] (72 տարեկան)
Վախճանի վայրSümeg, Հունգարիա
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և դրամատուրգ
Լեզուհունգարերեն
Քաղաքացիություն Հունգարիա
ԱնդամակցությունՀունգարիայի գիտությունների ակադեմիա և Կիշֆալուդիի միություն
ԱմուսինRóza Szegedy?
 Sándor Kisfaludy Վիքիպահեստում

Շանդոր Կիշֆալուդի (հունգ.՝ Kisfaludy Sándor, սեպտեմբերի 27, 1772(1772-09-27)[1], Sümeg, Հունգարիա - հոկտեմբերի 28, 1844(1844-10-28)[1], Sümeg, Հունգարիա), հունգարացի բանաստեղծ և թատերագիր։ Համարվում է հունգար առաջին ռոմանտիկ բանաստեղծը։

Թատերագիր և նկարիչ Քարոյ Կիշֆալուդիի ավագ եղբայրն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հունգարական Շյումեգ ոչ մեծ քաղաքում, ազնվականի ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Պրեսբուրգի (ներկայումս՝ Բրատիսլավա) համալսարանում, որտեղ ուսումնասիրել է իրավունք և փիլիսոփայություն։ 1792 թվականին հրաժեշտ է տվել համալսարանին և միացել Վիեննայում կանգ առած հունգարական բանակին։ Զինվորական ծառայության ընթացքում հաճախակի շփվել է[2] հունգար գրողների հետ, ովքեր այդ ժամանակ Վիեննայում էին ապրում։

Որոշ ժամանակ ծառայել է Միլանում։ 1796 թվականին, երբ քաղաքը հանձնվել է Նապոլեոնին, Շանդորը գերի է ընկել ֆրանսիացիներին, տարվել Պրովանս, բայց կարճ ժամանակ անց ազատ է արձակվել գերիների փոխանակության արդյունքում։ Ծառայությունը շարունակելու է ուղարկվել Վյուրտեմբուրգում կայանած ավստրիական գնդում, որտեղ ոչ մի հունգարացի չկար[3]։ 1799 թվականին՝ Շվեյցարիայում ֆրանսիացիների դեմ ավստրա-ռուսական զորքերի մի քանի հաջողված արշավանքներից հետո, զորացրվել է, վերադարձել Հունգարիա, ամուսնացել սիրած աղջկա հետ[3]։

1802 թվականին մասնակցել է հունգարական ազնվականության ապստամբությանը։ 1830 թվականին ընտրվել է հունգարական ակադեմիայի անդամ, հինգ տարի անց նրան շնորհվել է ակադեմիայի պատվավոր անդամի կոչում։

Կյանքի վերջին տարիները Շանդոր Կիշֆալուդին անցկացրել է իր ծննդավայրում, որտեղ ներկայումս գտնվում է նրա տուն-թանգարանը։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանդոր Կիշֆալուդին իրավամբ համարվում է հունգարերենի վերածնունդն ապահոված բանաստեղծներից մեկը. նա բացառապես մայրենի լեզվով է ստեղծագործել մի ժամանակաշրջանում, երբ Հունգարիայում պաշտոնական լեզուն գերմաներենն էր, եկեղեցում էլ լատիներենն էր գործածվում[4]։

Հունգար ընթերցողներն առանձնակի ջերմությամբ են ընդունել նրա «Himfy Szerelmei» («Հիմֆիի սիրերգերը») բանաստեղծական ժողովածուն, որ նվիրված էր սիրած աղջկան։ Այդ գրքում տեղ գտած չափածո ստեղծագործություններն աչքի են ընկնում վառ ու հարուստ երևակայության դրսևորումներով, արտահայտչաձևերի թարմությամբ, երաժշտականությամբ (ի դեպ, հեղինակը երկու հարյուրից ավելի այդ երգերը գրել էր ֆրանսիական գերության մեջ գտնված ժամանակամիջոցում[5]. որոշ քննադատներ մատնացույց էին անում իտալական Վերածննդի մեծ քնարերգու Պետրարկայի հսկայական ազդեցությունը Կիշֆալուդիի բանաստեղծությունների վրա[2]): Նրա հաջողված երկերից են համարվում «Regék a magyar előidőből» («Հունգարական վաղ անցյալի ավանդազրույցներ») շարքի էպիկական պոեմները, որոնք ռոմանտիկ պատմություններ ու կենցաղային տեսարաններ են և գովերգում, փառաբանում են ազնվականների քաջագործությունները։ 

Ռոմանտիկ հեղինակի սիրային շատ բանաստեղծություններ սիրված երգերի են վերածվել, որոնց երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Զոլտան Կոդայն է[6]։

Շանդոր Կիշֆալուդին իր ուժերը փորձել է նաև թատերագրության ասպարեզում, բայց առանձնապես մեծ հաջողության չի հասել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 «Биография Шандора Кишфалуди на страницах католической энциклопедии». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 13-ին.
  3. 3,0 3,1 «Биография Шандора Кишфалуди». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  4. Музей имени Шандора Кишфалуди(չաշխատող հղում)
  5. Европейская поэзия девятнадцатого века. — М.: Художественная литература, 1977. — Т. 85. — 928 с. — (Библиотека Всемирной Литературы, серия вторая).
  6. Public Domain Herbermann, Charles, ed. (1913). «Kisfaludy». Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանդոր Կիշֆալուդի» հոդվածին։