Նռնենի սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նռնենի սովորական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Բակլածաղկավորներ
Ընտանիք Նռնազգիներ
Ցեղ Նռնենի
Տեսակ Նռնենի սովորական
Լատիներեն անվանում
Punica granatum


Նռնենի սովորական (լատին․՝ Punica granatum), նռնազգիներ ընտանիքի, նռնենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ փոքր ծառ է 5 մ (երբեմն՝ 10 մ) բարձրությամբ, գնդաձև սաղարթով և մինչև 40 սմ բնի տրամագծով։ Բունը ծածկված է դարչնագորշավուն, ճաքճքված կեղևով։ Հին ճյուղերը ծածկված են բարակ, մոխրավուն կամ դարչնադեղնավուն կեղևով։ Ընձյուղները 4-6 անկյունանի են, դարչնամոխրավուն, ծածկված նոսր, մանր մազմզուկներով և նոսր, դեղին կետանման ոսպնյակներով։ Կարճացած ընձյուղները հաճախ ավարտվում են փշերով։ Բողբոջները մանր են, 2 զույգ արտաքին թեփուկներով ծածկված։ Տերևները հակադիր են, կարճացած ընձյուղների վրա՝ փնջերով, էլիպսաձև են, նշտարաձև (անցողիկ բոլոր ձևերով) 1—8 սմ երկարությամբ և 1—2 սմ լայնությամբ, նեղ, սեպաձև հիմքով, համարյա ամբողջաեզր, կաշվեկերպ, վերևի կողմից փայլուն, ներքևի կողմից դուրս ցցված կենտրոնական ջղով, կարճ կոթուններով։ Ծաղիկները միայնակ են կամ 2-5-ական, ծայրային, 2-5 սմ տրամագծով, կարճ կոթունավոր, տերևածոցային։ Բաժակը 1-2 սմ երկարություն ունի, կարմրավուն է, կաշվեկերպ, 5-7 լայն, եռանկյունի հաստ բլթակներով։ Սերտաճած է սերմնարանի հետ և պահպանվում է պտղի գագաթին։ Պսակը վառ կարմիր է, հազվադեպ՝ սպիտակ կամ դեղնավուն, կազմված է 5-7 հակառակ-ձվաձև, 5 սմ երկարությամբ պսակաթերթիկներից, որոնք բաժակից զգալիորեն երկար են։ Առէջները բազմաթիվ են, սռնակը մեկն է։ Սերմնարանը ցածրադիր է, բների 2 շարքով, 5-7 վերնադիր և 3 ցածրադիր սերմնաբողբոջներով։ Սերմնաբողբոջները բազմաթիվ են։ Ծաղիկները դիմորֆ են (երկձև), որոնցից մեկը անպտուղ է և սափորաձև, իսկ մյուսը՝ երկսռնակավոր, պտղաբերող։ Մյուսները զանգականման են, կարճևռնակավոր, անպտուղ։ Պտուղները կեղծ են, հատապտղանման, այս կամ այն չափով գնդաձև, մինչև 8 սմ (հազվադեպ 18) տրամագծով, երբեմն թույլ անկյունավոր, վառ կարմիր, կանաչավուն կամ սպիտակավուն, կաշվեկերպ պտղապատով։ Սերմերը անկյունավոր են, շրջապատված հյութալի ծածկոցով, պտղի մեջ՝ բազմաթիվ։ Ծաղկում է մայիս-օգոստոս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Փոքր Ասիայում, Իրանում և դեպի արևելք՝ մինչև Հիմալայներ։ Աճում է ժայռուտներում, մանրահող բերվածքներում, կիրճերում, Միջին Ասիայում՝ 300-1000, Հարավային Կովկասում՝ 300-500 մ բարձրությունների վրա։ Առաջացնում է մաքուր մացառուտներ կամ զկեռենու, մասրենու, ցաքու, դրախտածառի և մոշենու հետ խառը։ Քսերոֆիտ է։ Լավ է տանում հողի թեթևակի աղիությունը և մինչև -20 °C սառնամանիքները։

Հայաստանում մշակվում է Մեղրու շրջանում (որտեղ արդյունաբերական նշանակություն ունի), Զանգեզուրի ցածրադիր շրջաններում։ Այստեղ ոչ միայն առատորեն ծաղկում և պտղաբերում է, այլև վայրիանում է։ Մեղրու ցածրադիր անտառների եզրերին մշտապես հանդիպում են Նռնենու և թզենու վայրիացած մացառուտներ։ Լավ է աճում նաև Հայաստանի հյուսիսարևելյան՝ Նոյեմբերյանի, Թումանյանի, Իջևանի և Շամշադինի շրջաններում, ծովի մակերևույթից մինչև 1000 մետր բարձրությունների վրա։ Այստեղ ճիշտ է, նռնենին արդյունաբերական նշանակություն չունի, սակայն լայնորեն է մշակվում տեղի բնակչության կողմից։ Հանդիպում է նաև Արարատյան դաշտի բնակավայրերում, որտեղ առատորեն ծաղկում և պտղաբերում է միայն ցածրադիր, պաշտպանված ու տաք միկրոշրջաններում։ Երևանում հազվադեպ է հանդիպում, քանի որ ցրտահարվում է։ Այն վայրերում, որտեղ հնարավոր է մշակել նռնենի, խորհուրդ է տրվում մշակել միաժամանակ որպես դեկորատիվ բույս, քանի որ օժտված է անզուգական դեկորատիվ հատկանիշներով, հատկապես ծաղկման և պտղակալման շրջանում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արխեոֆիտ է։ Հայաստանում մշակվել է անհիշելի վաղ ժամանակներից և՛ որպես պտղատու և՛ որպես դեկորատիվ բուսատեսակ։ Բազմանում է սերմերով, կտրոններով և անդալիսով, կուլտուրական սորտերը՝ պատվաստով։ Ծաղկում և պտղաբերում է կյանքի 3-4 տարում։ Նռան հյութը հակալնդախտային միջոց է, պարունակում է 8,22-19,7 % մոնոսախարիդներ, 0,20—9,05 % մաքուր կիտրոնաթթու և փոքր քանակությամբ խնձորաթթու, 3—13,6 մգ/տոկոս C վիտամին։ Պտուղներն օգտագործվում են թարմ և մշակված վիճակում, դրանցից գինի և պունշ են պատրաստում։ Պտղակեղևից և ծառի կեղևից ստանում են լիմոնաթթու։ Բնի և բազմամյա ճյուղերի չոր կեղևը պարունակում է 26-32 % դաբաղանյութեր։ Պտղակեղևից և ճյուղերի կեղևից ստացված դաբաղանյութերով մշակում են բարակ կաշիները (սաֆյանա), որից վերջինները սև գույն են ստանում։ Պտղակեղևից դարչնագույն ներկ են պատրաստում, որն օգտագործում են գորգագործության մեջ։ Սերմերից յուղ են ստանում։ Ծաղիկներից ստացված թուրմը օգտագործում են ողողումների համար՝ կոկորդի հիվանդությունների դեպքում։ Պտղակեղևի թուրմը օգտագործում են տենդի, արյունոտ լուծի դեպքում և որպես հակաճիճվային միջոց, քանի որ ալկալոիդներ է պարունակում։ Տերևներից թեյի սուռոգատ են պատրաստում։ Ունի մի շարք պարտիզային ձևեր, որոնք միմյանցից տարբերվում են սաղարթի ձևով (ցածրաաճ), ծաղիկների գույնով և բնույթով (լիաթերթիկ, բծավոր և շերտավոր, սպիտակ, դեղին), ճյուղերի բնույթով (մոխրագույն, դարչնադեղնավուն) և այլն։ Պարտիզային ձևերը լայնորեն են օգտագործվում կանաչապատման բնագավառում։ Որպես պտղատու և դեկորատիվ տեսակ հեռանկարային է հանրապետության մերձարևադարձային շրջանների համար։ Որպես դեկորատիվ տեսակ կարելի է օգտագործել նաև Արարատյան դաշտի, Վայքի, հյուսիսարևելյան շրջանների ու Զանգեզուրի ցածրադիր շրջաններում (ծ. մ. մինչև 1000 մ բարձրությունների վրա)։ [1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 74։