Յուրի Պետրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Յուրի Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 20, 1941 (83 տարեկան) |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1961) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1966) |
Ստեղծագործություն(ներ) | Արամ Խաչատրյանի հուշարձան, Զարթոնք, Հովհաննես Այվազովսկու հուշարձան և Մխիթար Հերացու կիսանդրի |
Մասնագիտություն | քանդակագործ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն |
Yuri Petrosyan Վիքիպահեստում |
Յուրի Գուրգենի Պետրոսյան (հունիսի 20, 1941), քանդակագործ։ Հայաստանի վաստակավոր նկարիչ (2012)։ Հայաստանի ժողովրդական նկարիչ (2019)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Երեւանում 1941 թվականին, մեծացել մոր հոգածությամբ, չի տեսել հորը, ով զոհվել էր երկրորդ աշխարհամարտում։ Մանուկ հասակից է նկարել-արտանկարել տարբեր պատկերներ, 4-5-րդ դասարանից սկսել է փոքրիկ քանդակներ անել։ Հորեղբայրը, որ մտերիմ էր արվեստի աշխարհի մարդկանց հետ, հատկապես՝ Արա Սարգսյանի, կինոաշխարհի մարդկանց, խորհուրդ է տալիս հաճախել պիոներ պալատի քանդակի խմբակ։ Այնուհետեւ ուսումնառություն գեղարվեստի ուսումնարանում։ Նպատակն հստակ էր՝ ընդունվել գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժին։ Այստեղ նրա կուրսընկերներից մի քանիսը հետագայում կայանալու էին որպես անվանի արվեստագետներ՝ Հրանտ Հովսեփյան, Երվանդ Գոջաբաշյան, Արա Շիրազ, այլ անուններ։ Մտերմությունը վերջինիս հետ բաղձալի առիթ էր ծանոթանալու նաեւ նրա հորը՝ հանճարեղ Շիրազին, բանաստեղծի հարկի տակ հաճախակի հանդիպել ժամանակի մեծ հայերից մեկին, լսել նրա հայրենաշունչ ընթերցումներն ու ասմունքը, սնուցվել հայրենասիրության ու ազգային ոգով։ Քսանչորս տարեկանից պարբերաբար մասնակցում է հանրապետական ու միջազգային ցուցահանդեսների, քսանյոթում՝ անդամակցում նկարիչների միությանը։ Իսկ ստեղծագործություններն արդեն գրավել էին արվեստաբանների, արվեստասերների ուշադրությունը։ Դրանք դրամատիզմով շնչող գործեր էին՝ դիմաքանդակներ, մանրաքանդակներ, թեմատիկ հորինվածքներ, խեցեգործական մանրաձեւեր, գրաֆիկական թերթեր։
1961 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1966 թվականին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժինը։
1968 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։
Յուրի Պետրոսյանի աշխատանքները ցուցադրվել են Կանադայում, Հոլանդիայում, Փարիզում, Մոսկվայում և Ռիգայում։ Աշխատանքները պահպանվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան, Արևելքի ժողովուրդների արվեստի և Ռիգայի արտասահմանյաներկրների արվեստի թանգարաններում[2]։
Ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծել է դիմաքանդակներ («Պոետն ու մուսան», 1982, «Արքան», 1995, «Իշխանուհին», 1995), մանրաքանդակներ, թեմատիկ հորինվածքներ, խեցեգործական մանրաձևեր, գրաֆիկական թերթեր։ Նրա ստեղծագործությունը բնորոշվում է ձևերի մոնումենտալ ընդհանրացումներով, ընդգծված խորհրդանշական մեկնաբանումով։ 1965 թվականից մասնակցում է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։ 1977 թվականին Պրահայի քանդակի միջազգային սիմպոզիումում արժանացել է մրցանակի (կրաքարային տուֆից նրա «Կենաց ծառ» մոնումենտալ քանդակը տեղադրվել է Պրահայում)։ «Ռեքվիեմը»՝ նվիրված Սումգայիթի զոհերի հիշատակին, «Զարթոնքը»՝ խաչաձեւ կոմպոզիցիա՝ խորը արտահայտչականությամբ, «Մխիթար Հերացու» դիմաքանդակը՝ կենդանի ու խոսուն դիմագծերով, «Պար աղավնիով»-ը՝ տերեւաձեւ կոմպոզիցիայով, որի կենտրոնում հոլանի բազուկներով կին է՝ «պարային նազանքով ու աղավնաթեւ սլացքով»:1979 թվականին կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձանի մրցույթում շահել է 1-ին մրցանակը (1999 թվականին կոմպոզիտորի արձանը տեղադրվել է «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի առջև)։ 2005 թվականին Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրել է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արձանը (բարերար Սենիկ Գևորգյան հովանավորությամբ)[3]։Քանդակագործի մոնումենտալ բազմաթիվ աշխատանքներ են այսօր զարդարում մեր քաղաքներն ու գյուղական բնակավայրերը։ Ուշագրավ են ու տպավորիչ ճարտարապետական շինությունների հետ քանդակային համադրումների պետրոսյանական լուծումները՝ «Մոսկվա» կինոթատրոնի ճակատ, Գյումրիի դրամատիկական թատրոնի շքամուտք, Սեւանի ու Եղեգնաձորի մշակույթի տների ճակատամասերի հարթաքանդակներ, ձեռագիր, որ նոր տեսք ու հմայք են հաղորդում կառույցներին։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենաց ծառ, կրաքարային տուֆ, 1977 թ. (տեղադրված է Պրահայում)
- Տղամարդու դիմաքանդակ, հրակավ, 1979
- Եղբորս հիշատակին, հրակավ, 1983
- Գովք հողին, հրակավ, 1983
- Ողբ, հրակավ, 1983
- Ճիչ, 1983
- Ռեքվիեմ, 1984
- 1915 թիվ, հրակավ, 1985
- Հարդարանք, 1994
- Կյանքի անիվ, 1994
- Մուսա, 1995
- Իշխանուհի, 1995
- Նկարիչը, 1996
- Արամ Խաչատրյան, բրոնզ, գրանիտ, 1999 թ., ճարտարապետ Ռ.Մարտիրոսյան (տեղադրված է Երևանում)
- Զարթոնք հուշարձան (Երևան), 2004
- Հովհաննես Այվազովսկի, բրոնզ, գրանիտ, 2005 թ. (տեղադրված է Երևանում)
- Մխիթար Հերացի, բրոնզ (տեղադրված է Երևանում)
- Տղամարդու դիմաքանդակ, 2011
- Երաժշտություն, 2011
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի վաստակավոր նկարիչ (2012)[4]։
- Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ (2019)։
Մեջբերումներ Յուրի Պետրոսյանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]«Յուրի Պետրոսյանի տարբեր ժամանակներում ստեղծած մոնումենտալ քանդակները, խստագույնս պահպանելով իր ոճաձևային հատկանիշնրը, երբեք չեն տրվել կոնյուկտուրային, այլ ամեն գործի մեջ նա աշխատել է ապավինել ներքին ձայնին, հուզաարտահայտչական մղումներին, հարազատ մնացյալ իր գեղագիտական դավանանքին»։
Պողոս Հայթայան
Արվեստաբան
«Հինգ տասնամյակից ավելի Յուրի Պետրոսյանը հետևողականորեն խորացնում է իր հաջողությունները նոր ձևերի յուրացման մեջ, զարգացնում նախասիրած թեմաները։ Իսկ դրանք քանդակային սգերգերն են «Ռեքվիեմ» ու «Ողբեր» շարքը։ Այս շարքերով հեղինակն ամենևին էլ նպատակ չունի հուսահատական տրամադրություններ առաջացնել։ Ընդհակառակը՝ դրանք ուժեղ մարդ-անհատի, ճակատագրի ծանր հարվածներ կրած ժողովրդի ոգու ամրության դրսևորումներ են, ապագայի հանդեպ հավատ ներշնչող կերպավորումներ»։
Լևոն Լաճիկյան
Արվեստաբան
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Արամ Խաչատրյանի հուշարձանը Երևանում
-
Հովհաննես Այվազովսկու հուշարձանը Երևանում
-
Մխիթար Հերացու կիսանդրին Երևանում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Կոթողայնություն՝ փոքր չափերի մեջ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունիսի 20 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Հայաստանի վաստակավոր նկարիչներ
- ՀՀ ժողովրդական նկարիչներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Հայ քանդակագործներ