Յան Ասելինը ծնվել է 1610 թվականին ֆրանսիական Դեպ քաղաքում ֆրանսիացիհուգենոտ Ժան Ասելինի ընտանիքում։ 1621 թվականին ընտանիքը Ֆրանսիայից տեղափոխվել է Ամստերդամ։ Յան Ասելինը սովորել է Էսայս վան դե Վելդեի (1587-1630) մոտ։ Ճամփորդել է Ֆրանսիայում, Իտալիայում, 1635-1642 թվականներին եղել է Հռոմում, որտեղ դարձել է «Չվող թռչուններ» նկարիչների ընկերության (Bentvueghels) անդամ։ Յան Ասելինի աշակերտներից են եղել Ժակ Կուրտուան, որին 1640 թվականին դասավանդել է ռազմական գեղանկարչություն և Ֆրեդերիկ դե Մուշերոն։
Ստեղծագործական գործունեության սկզբում հիմնականում ստեղծել է ձիերով, հեծելազորային հարձակումներով տեսարաններ։ Ավելի ուշ շարունակել է ռազմական, ինչպես նաև անիմալիստական նկարչության թեման` ստեղծելով կենդանիների և թռչունների կտավներ։ Բնապատկերներում հայրենի բնության մոտիվները միավորել է իտալական տեսարանների տարրերի հետ։ Ասելինի աշխատանքներում զգալի է Կլոդ Լորենի ազդեցությունը, որի հետ ընկերներ էին դարձել Հռոմում։ Ասելինի գունագեղ և ոսկեգույն կոլորիտներով բնանկարները հիշեցնում են Յան Բոտի ոճը[7]։