Jump to content

Միլանի թագավորական պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլանի թագավորական պալատ
Տեսակպատկերասրահ, թանգարանի շենք, թագավորական պալատ, քաղաքային պալատ, պալացցո և ճարտարապետական անսամբլ
Երկիր Իտալիա[1][2]
ՏեղագրությունՄիլան[2][3]
Հասցեpiazza Duomo, 12[2] և Piazzetta Reale[3]
Ճարտարապետական ոճնեոդասական ճարտարապետություն
Հարկեր3
Կազմված էHall of Caryatids?
ՍեփականատերComune di Milano?
ՃարտարապետՋուզեպպե Պիերմարինի
ՊատվիրողՄարիա Թերեզա
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[2][3]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք
Պաշտոնական կայք

Միլանի թագավորական պալատ (իտալ.՝ Palazzo Reale di Milano), մշակութային կենտրոն, որտեղ կազմակերպվում են ցուցահանդեսներ։ Դարերի ընթացքում պալատը եղել է Միլանի կառավարական նստավայրը։

Ի սկզբանե նախագծված է եղել բակային երկու համակարգ, որը մասնակիորեն քանդվել է՝ տեղ հարթելով Միլանի տաճարի համար։ Պալատը գտնվում է տաճարի ճակատային հատվածի աջ կողմում՝ Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահի հակառակ կողմում։

Կառույցի առաջին հարկում է գտնվում «Hall of Caryatids», որը զբաղեցնում է 1776 թվականին այրված հին թատրոնի տեղը և միակ վայրն է, որ պահպանվել է 1943 թվականի ծանր ռմբակոծումից, երբ պալատը կորցրել է իր նեոդասական ներքին հարդարանքների մեծ մասը։

Ի սկզբանե պալատը կոչվել է Palazzo del Broletto Vecchio և եղել է քաղաքային կառավարման մարմնի նստավայրը միջնադարյան համայնքների ձևավորման ժամանակ։ Առանցքային քաղաքական կենտրոն պալատը դարձել է Տորիանիների, Վիսկոնտիների և Սֆորցաների օրոք։ Միլանի տաճարի կառուցումից հետո Ֆրանչեսկո Սֆորցայի ղեկավարությամբ իրականացվել է էական վերակառուցում։

Թագավորական պալատը և հրապարակը Միլանի տաճարի տանիքից

15-րդ դարի վերջում և 16-րդ դարի սկզբում, երբ Սֆորցա դինաստիան դադարեց գոյություն ունենալ և ֆրանսիացիները ներխուժեցին, Սֆորցա ամրոցը, որը մինչ այդ եղել էր Միլանի դուքսի պաշտոնական նստավայրը, դարձավ զինապահեստի ամրոց։ Ֆրանսիական տիրապետության օրոք պալատական նստավայրը տեղափոխվել է ներկայիս թագավորական պալատի շենք։

Պալատը բարգավաճեց, երբ 1546 թվականին Սիցիլիայի փոխարքա Ֆերրանտե I Գոնզագան մշտական բնակության տեղափոխվեց Միլան։ Նա քանդեց Sant'Andrea al Muro Rotto հին եկեղեցին՝ ավելացնելով կառույցի հողային տարածքը։

16-րդ դարի վերջում Այամոնտեի մարկիզ Անտոնիո դե Գուզման ի Զունիգան, կառույցի վերակառուցման աշխատանքներում ներգրավել է ճարտարապետ Պելլեգրինո Տիբալդիին, ով աշխատանքներ է իրականացրել 1573-1598 թվականներին, և այդ տարիների ընթացքում են կատարվել պալատի սենյակների սյունասրահների, մասնավոր մատուռի ձևավորումները, վերակառուցվել է Սան Գոտարդո եկեղեցին։ Այս աշխատանքին ձեռնամուխ են եղել ժամանակի խոշոր արվեստագետներ Աուրելիո Լուինին, Ամբրոսե Ֆիջինոն, Անտոնիո Ֆիլդզը, սվաղային և գրոտեսկային աշխատանքները կատարել է ֆլամանդացի նկարիչ-իմպրեսարիո Վալերիո Պրոֆոնդավալեն, ով ձևավորել է նաև Միլանի տաճարի մի քանի պատուհաններ։

Այս ժամանակաշրջանում է ավարտվել նաև առաջին թագավորական թատրոնի կառուցումը, որն ավարտվել է 18-րդ դարում Լա Սկալա թատրոնի կառուցմամբ։

Մարիա Թերեզայի դիմանկարը, նկարիչ՝ Անտոն ֆոն Մարոն, պահվում է թագավորական պալատում՝ ցույց տալով թագուհու կարևորությունը Միլան քաղաքի համար

1695 թվականի հունվարի 24-25-ին բռնկված հրդեհը ոչնչացրել է պալատի թատրոնը։ Նոր թատրոնի վերակառուցման և ընդլայնման աշխատանքները չեն սկսվել մինչև 1717 թվականը, երբ Իսպանական ժառանգության համար պատերազմից հետո Միլան է ժամանել առաջին ավստրիացի կառավարիչ Լովենստեյնի կոմսը։ Նոր թատրոնը նախագծել է Ֆրանչեսկո Գալլի Բիբբիենան իր աշակերտների՝ Ջիանդոմենիկո Բարբիերիի և Դոմենիկո Վալմաջինիի հետ։ Թատրոնն ընդարձակ էր, ուներ չորս օթյակներ, ձիու պայտի տեսքով պատկերասրահ, խաղալու և խմելու «Riddotino» անկյուն։ 1717 թվականի դեկտեմբերի 26-ին թատրոնը բացվել է Ֆրանչեսկո Գասպարինիի «Կոստանտինո» օպերայով։

1723 թվականին պալատի թատերական սրահը կրկին հրդեհվել է։ Ավստրիացի իշխան Վիրիխ Ֆիլիպ ֆոն Դաունի հանձնարարությամբ սկսվել են վերականգնման աշխատանքները, վերականգնվել է «Cortile d'Onore» (Պատվո բակ), սպիտակեցվել են պատերը, պատուհանները շրջանակվել են բարոկկո ոճով։ Բարոկկո ոճով է վերակառուցվել Սան Գոտտարդո եկեղեցին և անվանվել է թագավորական մատուռ։

Կառույցի «cortile d'onore» հատվածում էին գտնվում գրասենյակները, դրամահատարանը, այլ կառավարական գրասենյակներ։ Կառավարիչն ու գաղտնի խորհուրդը հանդիպում էին պարտեզի հյուսիսային կողմում կառուցված նոր սրահներում։ Վերականգնվել են «Salone dei Festine» և «Salone di Audienzia» (այժմ՝ Կայսրերի սրահ)։ Կառավարչի սենյակները գտնվում էին բակի հյուսիսային և հարավային թևերում։

1745 թվականին Գիան Լուկա Պալլավիչինին դարձել է Միլանի մարզպանն ու լիազոր նախարարը։ Իր միջոցներով նա վերանորոգվել է կառույցի ներսի կողմը, աշխատել է ճարտարապետ Ֆրանչեսկո Գրոչեի հետ, ով վերարտադրել է Ռաֆայելի աշխատանքները Ֆրանսիայի «Գոբելենի մանուֆակտուրայից»։ Ֆեստինի և Օդիենցա դահլիճները միավորվել են՝ ստանալու ներկայիս մեծ պարահանդեսային սրահը՝ «Hall of the Caryatids», որտեղ օթյակ կա նաև նվագախմբի համար։ Պալավաչինին հանձնարարել է ստեղծել սրահ գալա ընթրիքների համար։ Երբ 1752 թվականին Պալավաչինին հեռացավ, իր կահույքն ու դեկորացիաները նա վաճառեց պետությանը։

21-րդ դարի սկզբում, պատերազմական ավերածություններից ավելի քան 50 տարի անց, Թագավորական պալատը Միլանի սոցիալ մշակութային կյանքում կենտրոնական դեր է զբաղեցնում։ Թեև պալատը գտնվում է վերականգնման երրորդ փուլում, այցելուները հնարավորություն ունեն հիանալ պատմական պալատի սրահներով՝ Մարիա Թերեզայի ժամանակաշրջան և նեոդասականություն, Նապոլեոնյան դարաշրջան, Վերականգնման և Իտալիայի միավորման ժամանակաշրջաններ։

Մշակութային կենտրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական պալատը քաղաքի սրտում գործող մշակութային կենտրոն է, որը համագործակցում է երեք ցուցահանդեսային վայրերի հետ՝ Ռոտոնդա դելլա Բեզանա (Rotonda della Besana), Պիրելլոնե աշտարակ (Grattacielo Pirelli) և Արենջարիո պալատ (Palazzo dell'Arengario)։

Միլանում արվեստի զարգացման գործում կառույցը մեծ դեր է խաղում։ Այստեղ կազմակերպվել են Կլոդ Մոնեի, Պաբլո Պիկասոյի և այլ նկարիչների ու քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսներ։ 2009 թվականին այստեղ բացվել է ֆուտուրիզմի 100-ամյա հոբելյանին նվիրված ցուցադրությունը։

2013 թվականի նոյեմբերի 4-ին Միլանի տաճարի թանգարանի (Grande Museo del Duomo di Milano) հավաքածուն ցուցադրվել է պալատի մասնաշենքում[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 dati.beniculturali.it — 2014.
  3. 3,0 3,1 3,2 SIRBeC (իտալ.)
  4. Inauguration of the refurbishment of the Archive and of the new Grande Museo del Duomo in Milan
  • Melano, Oscar Pedro Milano di terracotta e mattoni, Mazzotta, 2002.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլանի թագավորական պալատ» հոդվածին։