Մատենադարան (հիմնարկություն)
Մատենադարան, ձեռագիր ու տպագիր մատյանների (գրքերի) պահպանումն ու հասարակական օգտագործումը կազմակերպող հիմնարկություն։ Ունի նույն կիրառությունը, ինչ գրադարանը։ Միջնադարյան Հայաստանի գրադարանները կոչվել են գրատուն, գրանոց, արկեղք գրոց, գանձատուն, նշխարանոց, դիվան, ջամբռ, նաև մատենադարան։ Եղել են հիմնականում վանքերում, հաճախ ունեցել են հատուկ շինություններ, ասպատակություններից ապահով լինելու նպատակով տեղավորվել են նաև քարանձավներում։
Մինչև 1512 թվականի տպագրության գյուտը մատենադարաններում պահվել են միայն ձեռագիր մատյաններ, ընդօրինակվել են ձեռագրեր։ Միջնադարում մատենադարաններ եղել են էջմիածնում, Հաղպատում, Սանահինում, Սաղմոսավանքում, Տաթևում, Գեղարդում, Կեչառիսում, Գլաձորում, Բաղեշում, Սիսում, Հռոմկլայում, Բարձրբերդում, Ակներում։ Ներկայումս Մատենադարան անվանումը արևմտահայերենում շարունակում է նշանակել ընդհանրապես գրադարան։
Հայտնի են Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան, Երուսաղեմի սրբոց Հակոբյանց մատենադարանները։ Արևելահայերենում վերջին 60 տարվա ընթացքում մատենադարանի փոխարեն նույն իմաստով գործածվում է գրադարան։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, որը հիմնադրվել է 1958 թվականին, ավանդաբար կոչվում է Մատենադարան՝ էջմիածնից Երևան տեղափոխվելուց հետո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 283)։ |