Ծնվել է հոկտեմբերի 12-ին, Ակնա գավառակի Բինկյան գյուղում։ Ավարտել է Մարզվանի «Անատոլիա» քոլեջը՝ ստանալով «պսակավոր արվեստից» տիտղոսը (1907)։ Եղել է տնօրեն-ուսուցիչ Մարզվանի Ավետարանական քոլեջում (1907-1909) ապա՝ ուսուցիչ (1909-1915) Վանի Ամերիկյան վարժարանում։ 1911-1912 թվականներին «Վան-Տոսպ»-ի խմբագրապետն էր, 1917-1919 թվականներին «Ազգ» օրաթերթի (Բոստոն, ԱՄՆ) օգնական խմբագիրը, 1919-1944 թվականներին՝ «Հայաստանի կոչնակ»ի (Նյու Յորք, ԱՄՆ) օգնական խմբագիր, 1944-1958 թվականներին՝ խմբագրապետ։ Ավագյանը զբաղվել է հայ նոր և սփյուռքահայ գրականության ուսումնասիրությամբ («Գրական դէմքեր», 1925)։ Գրել է վիպակներ, պատմվածքներ։ Կատարել է նաև թարգմանություններ, որոնցից ուշագրավ է Ալեքսեյ Տոլստոյի «Ցար Ֆեոդոր Իվանովիչ» դրաման («Հայաստանի կոչնակ», 1928)։ Մահացել է հունիսի 10-ին, Նյու Յորքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 600)։