Վան-Տոսպ (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Վան-Տոսպ» (1911-1912 թվականներին՝ «Վան-Տոսբ»), գրական, գիտական, հասարակական-քաղաքական թերթ (կիսամսյա, շաբաթական, եռօրյա և այլն)։ Սահմանադիր ռամկավար կուսակցության (հետագայում՝ Ռամկավար ազատական կուսակցության) Վասպուրականի շրջանի, 1919 թվականին՝ ՌԱԿ-ի Հայաստանի կենտրոնական խորհրդի հրատարակություն։ Լույս է տեսել 1911-1919 թվականներին, Վանում (1911-1915), Թիֆլիսում (1915-1918), Երևանում (1919)։ Խմբագիրներ՝ Հ․ Ավագյան, Կ․ Սիտալ (Շահինյան), Մ․ Պալոյան, Պ․ Հովնանյան, Ս․ ժամկոչյան, Ա․ Դարբինյան, Վ․ Պապիկյան, Ա․ Ավետիսյան։

Քաղաքական իրադարձությունների և խմբագիրների փոփոխման հետևանքով հաճախ կրել է բովանդակային փոփոխություններ։ Առաջին շրջանի (Վան) սկզբի ընդգծված գրական-բանասիրական, պատմաազգագրական բնույթը 1913-1915 թվականներին իր տեղը զիջել է երիտթուրքերի հայահալած գործելակերպի, գոյատևման համար արևմտահայության մղած պայքարի և ազատության ուղիների որոնումների լուսաբանմանը։ Երկրորդ շրջանում (Թիֆլիս, Երևան) ներկայացրել է առաջին աշխարհամարտի ընթացքը, Արևմտյան Հայաստանի ազատագրված շրջանների կյանքը, փրկված արևմտահայության տեղավորմանն ու որբերի պատսպարմանն ուղղված հայկական և օտար ընկերությունների գործունեությունը։ Այս շրջանում պարբերականը կարևորել է հայ ժողովրդի երկու հատվածների փոխադարձ ճանաչումն ու մերձեցումը։

Նկատի ունենալով հայ ազգային շարժման հանդեպ Ռուսաստանի վարած քաղաքականությունը՝ ազատագրական հույսեր չի կապել Արևմտյան Հայաստանի ոուսական գրավման հետ։ Թերթը չի հավատացել երիտթուրքերի՝ բարենորոգումներ իրագործելու խոստումներին, քննադատել է է նրանց ներքին և արտաքին քաղաքականությունը, դատապարտել հայկական կոտորածների գաղափարական նախապատրաստությունը և հայկական հարցի լուծումը տեսել հայերի պայքարի մեջ։

Թիֆլիսում հրատարակվելիս «Վան-Տոսպը» հանդես է եկել իբրև արևմտյան Հայաստանից փախստականների իղձերի արտահայտիչ, մեծ տեղ հատկացրել դեռևս Վանում մնացած հայերի վիճակի, արևելյան Հայաստանում հաստատված վանեցիների կյանքի լուսաբանմանը, փորձել է կազմակերպված բնույթ հաղորդել գաղթականներին օգնություն ցույց տալու գործին, բացահայտել Վանի շրջանում ռուսական հրամանատարության հակահայկական տրամադրվածությունը։ Դրական է արտահայտվել 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության և Ռուսաստանի ցարական իշխանության տապալման հանդեպ։ Քննադատել է «Թուրքահայաստանի մասին» խորհրդային դեկրետը՝ գտնելով, որ «կործանման եզրին կանգնած և իր հայրենիքից արտաքսվող ու կոտորվող հայ ժողովրդի համար ավելորդ է դառնում ազգային ինքնորոշման իրավունքը»։

հայկական հարցի վերջնական լուծումն առնչել է Անտանտի քաղաքականության, հայ դատը բոլշևիկյան կառավարությանը հանգամանորեն ներկայացնելու և վերջինիս կողմից ըմբռնողություն գտնելու հետ։

Ունեցել է «Ներքին տեսություն», «Արտաքին տեսություն», «Շաբաթական լուրեր», «Մամուլ», «Այլևայլք» մշտական բաժինները, գրական, գիտական և հասարակական երկամսյա հավելված (1919 թվականին)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 279 CC-BY-SA-icon-80x15.png