Հելենա Վայգել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելենա Վայգել
գերմ.՝ Helene Weigel
Ծնվել էմայիսի 12, 1900(1900-05-12)[1][2][3][…]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[4]
Մահացել էմայիսի 6, 1971(1971-05-06)[1][2][3][…] (70 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Արևելյան Գերմանիա[4]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի տնօրեն
Քաղաքացիություն Ավստրիա և  Արևելյան Գերմանիա
Պարգևներ
IMDbID 0917832
 Helene Weigel Վիքիպահեստ

Հելենա Վայգել (գերմ.՝ Helene Weigel, մայիսի 12, 1900(1900-05-12)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - մայիսի 6, 1971(1971-05-06)[1][2][3][…], Բեռլին, Արևելյան Գերմանիա[4]), գերմանացի դերասանուհի և թատրոնի ադմինիստրատոր։

Բերտոլդ Բրեխտի երկրորդ կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելենա Վայգելը ծնվել է 1900 թվականի մայիսի 12-ին Վիեննայում՝ ունևոր ընտանիքում։ Նրա հայրը տեքստիլ ձեռնարկության կառավարիչ էր, մայրն ունեցել է խաղալիքների խանութ։ Վայգելը դերասանական վարպետություն սովորել է Վիեննայում՝ դերասան Ռ. Շիլդկրաուտի մոտ։ 1919 թվականին ընդունվել է Մայնի Ֆրանկֆուրտի Դրամատիկական թատրոնի թատերախումբ, որտեղ խաղացել է, մասնավորապես, Մարիայի դերը Գեորգ Բյուխների «Վոյցեկ» ներկայացման մեջ և Պիպերկարկայի դերը Գերհարդ Հաուպտմանի «Առնետներ» ներկայացման մեջ[5], Ա. Բրոննենի «Հայրասպանություն» պիեսում կատարելով կանացի գլխավոր դերը՝ ցնցել է անգամ հեղինակին՝ այդ ժամանակ իր ամենամոտ ընկեր Բերտոլդ Բրեխտին[6]։

1923 թվականին Հելենա Վայգելն ընդունվել է Բեռլինի պետական թատրոնի թատերախումբ, որը ղեկավարում է Լ. Եսները։ 1925 թվականին տեղափոխվել է Գերմանական թատրոն, որն այդ տարիներին ղեկավարում էր Մաքս Ռայնհարդը։ Միաժամանակ խաղացել է մայրաքաղաքի այլ բեմերում՝ «Ֆոլկսբյունե» և փորձարարական «Յունգե բյունե»[5]։

1924 թվականին «Թմբուկներ գիշերը» ներկայացման վրա աշխատելու ընթացքում Վայգելը հանդիպել է պիեսի հեղինակ Բրեխտին։ Նույն թվականի նոյեմբերին ծնվել է նրանց որդին՝ Ստեֆանը։ 1929 թվականին, երբ Բրեխտն արդեն բաժանվել էր իր առաջին կնոջից՝ օպերային երգչուհի Մարիաննա Ցոֆֆից, նրանք ամուսնացել են, և 1930 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Բարբարան։

Բեռլինում Վայգելը խաղացել է իր առաջին դերերը Բրեխտի պիեսներում` «Թմբուկները գիշերը»,«Բարձրագույն չափանիշ», «Քաղաքների ջունգլիներում», «Մարդը մարդ է»։ 20-ական թվականների վերջից խաղացել է Շիֆբաուերդամի թատրոնում, որտեղ Բրեխտը փորձել է իրականացնել իր «Էպիկական թատրոնի» սկզբունքները, այստեղ Վայգելը, մասնավորապես, խաղացել է Պելագեյա Վլասովի դերը Բրեխտի «Մայր» պիեսում (Մաքսիմ Գորկու վեպի մոտիվներով)[5]։

1933 թվականին՝ նացիստների իշխանության գալուց հետո, Վայգելը Բրեխտի հետ արտագաղթել է սկզբում Դանիա, այնուհետև՝ Շվեդիա, Ֆինլանդիա և վերջապես ԱՄՆ[5]։ Առանց օտար լեզուների լավ իմացության՝ արտասահմանում դերասանուհու հաջող կարիերան անհնար էր, Բրեխտը հատուկ կնոջ համար «Մայրիկ Կուրաժն ու նրա երեխաները» պիեսում ստեղծել է համր Կատրինի դերը։ Սակայն եվրոպական թատրոնները չեն ընդունել գերմանացի դրամատուրգի այս հակաֆաշիստական ներկայացումը։ 15 տարվա ընթացքում Վայգելը խաղացել է առավելապես «կանանց» «մայրերի» դերեր։ 1938 թվականին մանկական բեմում նա խաղացել է Բրեխտի «Տերեսա Կարրարի հրացանները» պիեսի գլխավոր դերը։ Պիեսում նա խաղացել է գերմանացի վտարանդի սիրողական դերասանների հետ։ Միացյալ նահանգներում Բրեխտը սցենար է գրել Ֆրից Լանգի «Դահիճները նույնպես մահանում են» հակաֆաշիստական ֆիլմի համար, որտեղ դեր էր տրվել նաև Վայգելին։ Սակայն վերջին պահին Լանգը նրան փոխարինել է մեկ այլ դերասանուհու հետ։ Դա վերջ է դրել Բրեխտի և Լանգի միջև եղած հարաբերություններին, նրանք այլևս չեն հանդիպել։ ԱՄՆ-ում Վայգելը 1944 թվականին համր դեր է խաղացել «Յոթերորդ խաչ» հոլիվուդյան ֆիլում, որը հիմնված էր Աննա Զեգերսի հանրաճանաչ վեպի վրա։

Եվրոպա վերադառնալուց հետո՝ 1948 թվականին, Վայգելը Շվեյցրիայի Կուր քաղաքում խաղացել է Բրեխտի կողմից բեմադրված Սոֆոկլեսի «Անտիգոններ» ներկայացման գլխավոր դերը։ Նույն թվականի հոկտեմբերին Բրեխտը և Վայգելը տեղափոխվել են Բեռլինի արևելյան հատված, որտեղ վերջապես իրենց թատրոնը՝ «Բեռլիներ Անսամբլ», ստեղծելու հնարավորություն են ստացել։ Այն բացել են 1949 թվականի հունվարին «Մայրիկ Կուրաժն ու նրա երեխաները» ներկայացումով, որի գլխավոր դերակատարը Վայգելն էր։ Վայգելը թատրոնի հիմնադրման օրվանից մինչև իր մահը՝ 1971 թվականը, պաշտոնապես, որպես ինտենդանտ, գլխավորել է թատրոնը և արդեն 50-ական թվականներին հասել համաշխարհային ճանաչման՝ սկսելով 1954 թվականին Փարիզի Համաշխարհային թատրոնի փառատոնից, որտեղ «Մայրիկ Կուրաժը» արժանացել է առաջին մրցանակի[7]։

1950 թվականին Հելենա Վայգելը դարձել է ԳԴՀ գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրներից մեկը։ Դառնալով ԳՍՄԿ անդամ՝ նա 1954 թվականին իր թեկնածությունը քվեարկության է դրել Բեռլինի խորհրդի ընտրություններում։ Դերասանուհին երեք անգամ արժանացել է ԳԴՀ ազգային մրցանակի։ 1960 թվականին Վայգելն ստացել է արվեստի պրոֆեսորի կոչում, 1964 թվականին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» ոսկե շքանշանով։

Հելենա Վայգելը մահացել է 1971 թվականի մայիսի 6-ին Բեռլինում։ Թաղված է Դորոտեենշտադի գերեզմանատանը՝ ամուսնու կողքին, որը մահացել է 1956 թվականին։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերտոլդ Բրեխտի պիեսներում կանացի բազմաթիվ կերպարներ ստեղծվել են Վայգելի ազդեցության տակ, որն ուժեղ ներքին խառնվածքով դերասանուհի էր, խաղում էր արտաքին զսպվածությամբ, հատկապես հաջող էր հանդես գալիս վառ արտահայտված դերերում[5]։ Դերասանուհու լավագույն դերերից են Պելագեյա Վլասովան, Տերեսա Կարրարը, «Վախն ու հուսահատությունը Երրորդ կայսրությունում» պիեսի հրեա կինը, Նաթելլա Աբաշվիլին Բրեխտի «Կովկասի կավճային շրջանում»։ Հելենա Վայգելի ստեղծագործության գագաթնակետը Անննա Ֆիրլինգն է՝ մայրիկ Կուրաժը, Բրեխտի հանրահայտ պիեսում[5]։

Թատերական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1933 թվական
  • 1928 – Բ. Բրեխտի «Մարդը մարդ է»։ Բեմադրությունը՝ Էրիխ Էնգելի – այրի Բեգբիկ («Ֆոլկոբյունե», Բեռլին)
  • 1930 – Բ. Բրեխտի «Միջոցառում»։ Բեմադրությունը՝ Զլատան Դուդովի – Ագիտատոր (Բեռլինի ֆիլհարմոնիա)
  • 1931 – Բ. Բրեխտի «Մարդը մարդ է»։ Բեմադրությունը՝ Բերտոլդ Բրեխտի – այրի Բեգբիկ (Պետական թատրոն, Բեռլին)
  • 1932 – Բ. Բրեխտի «Մայր»՝ ըստ Մաքսիմ Գորկու վեպի։ Բեադրությունը՝ Էմիլ Բուրրի – Պելագեյա Վլասովա (Շիֆբաուերդամի թատրոն)
«Բեռլիներ Անսամբլ»
  • 1949 – Բ. Բրեխտի «Մայրիկ Կուրաժն ու նրա երեխաները»։ Բեմադրությունը՝ Էրիխ Էնգելի և Բ. Բրեխտի – Աննա Ֆիրլինգ
  • 1952 – Բ. Բրեխտի «Մայրը»՝ Ա. Մ. Գորկու պիեսի մոտիվներով – Պելագեյա Վլասովա
  • 1952 – Բ. Բրեխտի «Տերեսա Կարրարի հրացանները» – Տերեսա Կարրար
  • 1954 – Բ. Բրեխտի «Կովկասի կավճային շրջան»։ Բեմադրությունը՝ Բ. Բրեխտի – Նաթելլա Աբաշվիլի
  • 1964 – Ու. Շեքսպիրի «Կորիոլան»։ Բեմադրությունը՝ Մանֆրեդ Վեկվերտի և Տենշերտի – Վոլումնիա
  • Բ. Բրեխտի «Վախն ու հուսահատությունը Երրորդ կայսրությունում» –հրեա կին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Gadzinski A. KALLIOPE Austria (գերմ.): Frauen in Gesellschaft, Kultur und WissenschaftWien: Bundesministerium für Europa, Integration und Äußeres, 2015. — S. 171. — ISBN 978-3-9503655-5-9
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Глумова Э. И. Вейгель, Елена // Театральная энциклопедия (под ред. С. С. Мокульского). — М.: Советская энциклопедия, 1961—1965. — Т. 1.
  6. Шумахер Э. Жизнь Брехта. — М.: Радуга, 1988. — С. 42—43.
  7. Эткинд Е. Мамаша Кураж и её дети // Бертольт Брехт. Театр. Пьесы. Статьи. Высказывания. В пяти томах. — М.: Искусство, 1964. — Т. 3.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Werner Hecht: Helene Weigel. Eine große Frau des 20. Jahrhunderts. Suhrkamp, Frankfurt am Main 2000 ISBN 3-518-41129-2
  • Christine Herold: Mutter des Ensembles. Helene Weigel — ein Leben mit Bertolt Brecht. Ars Vivendi, Cadolzburg 2001 ISBN 3-89716-230-X
  • Sabine Kebir: Abstieg in den Ruhm. Helene Weigel. Eine Biographie. Aufbau, Berlin 2000 ISBN 3-351-02501-7
  • Wolfgang Pintzka (изд.): Die Schauspielerin Helene Weigel. Ein Fotobuch. Mit Texten von Bertolt Brecht und Fotografien von Gerda Goedhart. Henschel, Berlin 1959
  • Carola Stern: Männer lieben anders. Helene Weigel und Bertolt Brecht. Rowohlt Berlin, Berlin 2000 ISBN 3-87134-411-7
  • Vera Tenschert: Helene Weigel in Fotografien von Vera Tenschert. Henschel, Berlin 2000 ISBN 3-89487-342-6
  • Anita Wünschmann: Helene Weigel. Wiener Jüdin, große Mimin des Epischen Theaters, Hentrich & Hentrich Verlag Berlin 2006, ISBN 978-3-938485-29-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելենա Վայգել» հոդվածին։