Կարապետ Ռուբենի Ռուբինյան (սեպտեմբերի 14, 1957(1957-09-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ (1995-1998), Հայաստանի Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար (1993-1995), Երևանի փոխքաղաքապետ (1992-1993), Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի նախագահ (1991-1992)։
1979-1991 թվականներին աշխատել է «Հայհաստոց» գիտաարտադրական միավորումում որպես ճարտարագետ, ԽՍՀՄ «ՎՆԻԻ Ստանդարտէլեկտրո» ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղում՝ ավագ ճարտարագետ, «Տրանզիստոր» գիտաարտադրական միավորումում՝ ավագ ճարտարագետ, առաջին կարգի ճարտարագետ-կոնստրուկտոր, սեկտորի վարիչ, ապա՝ հաշվողական-տեղեկատվական կենտրոնի պետ։
1990 թվականին ընտրվել է ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, աշխատել տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում։
1991 թվականի հունվարին ընտրվել է Երևանի Շենգավիթի շրջանի շրջխորհրդի նախագահ։
1992 թվականի հունիսին նշանակվել է Երևանի քաղգործկոմի նախագահի տեղակալ, իսկ դեկտեմբերին հրաժարական է տվել՝ քաղգործկոմի նախագահ Համբարձում Գալստյանի հրաժարականի կապակցությամբ։
1993 թվականի հունվարին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահին առընթեր վերահսկողական ծառայության ղեկավար։
1997 թվականի հունիսին, հանդիսանալով Սևծովյան տնտեսական համագործակցության (Organization of the Black Sea Economic Cooperation - OBSEC) միջխորհրդարանական վեհաժողովի հայաստանյան խորհրդարանական պատվիրակության ղեկավար, ընտրվել է Սևծովյան տնտեսական համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ։
1998 թվականի փետրվարին հրաժարական է տվել Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից և ընդգրկվել ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ Նույն օրերին կասեցրել է իր անդամությունը Հայոց Համազգային Շարժման վարչությանը՝ վարչության նախագահի հետ սկզբունքային տարաձայնություններ ունենալու և որդեգրված ուղու հետ չհամաձայնվելու պատճառով։ Դեկտեմբերի 22-ին ընտրվել է Շենգավիթի ՀՀՇ խորհրդի նախագահ։
1999 թվականի հունվարի 16-ին մի խումբ համախոհներով հիմնել են «ԵվրոՈւղի» հասարակական կազմակերպությունը և ընտրվել է այդ կազմակերպության խորհրդի նախագահ։ Մայիսին մի խումբ համախոհներով հիմնել են «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կենտրոնը։
2006 թվականին մի խումբ համախոհներով հիմնել են «Քաղաքացիական անհնազանդություն» շարժումը։
2007 թվականին ակտիվորեն մասնակցել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահական մրցարշավին, եղել է Շենգավիթի նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալ։
2009 թվականի մայիսին, չառաջադրվելով թեկնածու, ակտիվորեն մասնակցել է Երևանի Ավագանու ընտրությունների Հայ Ազգային Կոնգրեսի մրցարշավին, եղել է Շենգավիթի նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալ։ Հուլիսին, ՀՀՇ համագումարից հետո, բաց նամակով դիմել է ՀՀՇ անդամներին ու դուրս եկել Հայոց համազգային շարժում կուսակցությունից։
2011 թվականի հունվարին նախաձեռնել է Առցանց Ազատականների Ալյանսը՝ 3Ա։ Ապրիլի 15-ին հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսին իր անդամությունը դադարեցնելու մասին։ Սեպտեմբերից սկսել է թղթակցել EJournal էլեկտրոնային ամսագրին[3]։
2012 թվականի մարտին «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների հրավերով ընդգրկվել է այդ կուսակցությունների անդամներից և հասարակական հատվածի ներկայացուցիչներից կազմված «Ժառանգություն» կուսակցությանՀՀ Ազգային ժողովի ընտրությունների համամասնական ցուցակում։ Ընդգրկվել է նաև «Ժառանգություն» կուսակցության ընտրական շտաբի կազմում՝ որպես քաղաքական խորհրդական։
2015 թվականի օգոստոսի 28-ին դադարեցրել է իր անդամակցությունը «Հայոց համազգային շարժում» կուսակցությանը։
Ընտանյոք ապրում է Երևանում, հայրական տանը։ Հայրը՝ Ռուբեն Ռուբինյան (1923-1999), մայրը՝ Մարիամ Կարապետյան (1924-2012)։ Ավագ որդին՝ Լևոնը (ծնված 1982 թ․), տնտեսագետ է, ամուսնացած է։ Կրտսեր որդին՝ Ռուբենը (ծնված 1990 թ․), քաղաքագետ է, ավարտել ԵՊՀ-ն, Լոնդոնի UCL-ի ու Կրակովի Յագելոնյան համալսարանների մագիստրատուրաները և 2018 թվականի մայիս ամսին նշանակվել է ԱԳ փոխնախարար։ Աղջիկը՝ Մարիամ Լուսեն ծնվել է 2014 թ.: