Առանցքային արմատով, սպիտակավուն կամ դեղնավուն, կարճ, փափուկ մազիկներով ծածկված ցողունով, մեղրատու երկամյա խոտաբույս է։ Թևավոր կոթուններով, արմատամերձ տերևներն ունեն խոշոր, երկարավուն-նշտարաձև, սրածայր, ամբողջաեզր տերևաթիթեղներ։ Վերին ցողունային, սրածայր, սրտաձև-կլորավուն տերևներն ալիքաձև են։ Ստորին ցողունային տերևներն համեմատաբար փոքր են։ Հաստ, ամուր ճյուղերի վրա խիտ դասավորված ծաղիկների փնջերով ծաղկաբույլը հուրանաձև ողկույզ է։ 5 մասերի բաժանված բաժակաթերթիկներով խոշոր, հնգանդամ, դեղին ծաղիկներն ունեն նշտարաձև-ձվաձև ծաղկակիցներ։ 5 սպիտակ, թավով պատված, անհավասար առէջներով պսակը հիմքային մասում ունի կարճ խողովակ և 5 լայն բլթակավոր վերին մաս։ Խիտ, փափուկ մազիկներով ծածկված պտուղը երկարավուն-ձվաձև, բազմասերմ տուփիկ է[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են եթերային յուղեր, կարոտին, ֆլավոնոիդներ, ասկորբինաթթու, խեժ, կումարին, դաբաղանյութեր, դառնանյութեր պարունակող ծաղիկները։ Պսակաթերթերն ունեն հաճելի հոտ և քաղցր համ։ Ծաղիկների թուրմն ունի հակաջղաձգական ազդեցություն։ Կիրառում են նաև անասնաբուժության մեջ[1]։