Խլածաղկազգիներ (լատին․՝ Scrophulariaceae), երկշաքիլավոր բույսերի ընտանիք։ Հիմնականում բազմամյա խոտաբույսեր են, կիսաթփեր, հազվադեպ՝ թփեր։ Տերևները պարզ են, ամբողջական կամ փետրաձև, հերթադիր կամ հանդիպակաց։ Ծաղիկները երկսեռ են, անկանոն, երբեմն համարյա կանոնավոր։ Առէջքները 4-ն են կամ 2-ը, հազվադեպ՝ 5-ը։ Վարսանդը երկբուն է, վերնադիր։ Պտուղը տուփիկ է կամ հատապտուղ։ Հայտնի է մոտ 3 000 տեսակ՝ տարածված ամբողջ երկրագնդում։ Հայաստանում աճում են հիմնականում նախալեռնային, լեռնային և անտառային գոտիներում։ Կան կիսամակաբույծ տեսակներ, որոնք աճելով մարգագետիններում, իջեցնում են կերաբույսերի արժեքը։ Խլածաղկազգիների որոշ տեսակներ պարունակում են բարդ գլյուկոզիդներ, որոշները թունավոր են։ Մատնոցուկը (լատին․՝ Digitalis purpureae) արժեքավոր դեղաբույս է և լայնորեն կիրառվում է դեղագործության մեջ։ Առանձին տեսակներ դեկորատիվ են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 54)։