Խեսուս Լարանյագա
Խեսուս Լարանյագա Չուրուկա բասկ.՝ Jesus Larrañaga Txurruka | |
---|---|
Ծնվել է | 1901 թվականի ապրիլի 17 |
Ծննդավայր | Իսպանական կայսրություն, Վիլյառեալ դե Ուրեչա |
Մահացել է | 1942 թվականի հունվարի 21 |
Մահվան վայր | Ֆրանկիստական Իսպանիա, Մադրիդ |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Ազգություն | Բասկ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ |
Կուսակցություն | Իսպանիայի կոմունիստական կուսակցություն |
Անդամություն | Basque Workers' Solidarity? և Unión General de Trabajadores? |
Խեսուս Լարանյագա Չուրուկա (բասկ.՝ Jesus Larrañaga Txurruka, ապրիլի 17, 1901 թվական, Վիլյառեալ դե Ուրեչա, Իսպանական կայսրություն - հունվարի 21, 1942 թվական, Մադրիդ, Ֆրանկիստական Իսպանիա), բասկ հեղափոխական, ընդհատակյա գործիչ, հակաֆրանկիստ և Իսպանիայի կոմունիստական կուսակցության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խեսուս Լարանյագան ծնվել է 1901 թվականի ապրիլի 17-ին Բասկերի երկրի Վիլյառեալ դե Ուրեչա բնակավայրում շինարարական կապալառուի ընտանիքում։ Մի քանի տարի գերազանց առաջադիմությամբ սովորել է սեմինարիայում, սակայն կարգապահությունը չպահպանելու պատճառաբանությամբ հեռացվել է[1]։
Սեմինարիայից հեռացվելուց հետո Խեսուս Լարանյագան սկսել է աշխատել Բեասեյնի 2000 աշխատող ունեցող մեքենաշինական գործարանում որպես փականագործ։ Գործարանում նա անդամագրվում է Բասկյան աշխատավորների համերաշխություն արհմիութենական կազմակերպությանը։ Նա գործարանում կազմակերպում է գործադուլ, ինչի համար հեռացվում է աշխատանքից։ Այնուհետև Խեսուս Լարանյագան տեղափոխվում է Սան Սեբաստիան։ Պրիմո դե Ռիվերայի բռնապետության նկատմամբ ունեցած դիրքորոշման պատճառով 1926 թվականին Խեսուս Լարանյագան ստիպված էր արտագաղթել Ֆրանսիա։ Այնտեղ նա բնակություն է հաստատում Բուկոյում, որտեղ ծանոթանում է կոմունիստական գաղափարներին։ 1927 թվականիննա վերադառնում է Բասկերի երկիր՝ անդամագրվելով Աշխատավորների համընդհանուր միությանը, որում զբաղեցրեց ղեկավար պաշտոններ։ Այունհետև Խեսուս Լարանյագան անդամագրվում է Իսպանիայի կոմունիստական կուսակցությանը[1]։
1930 թվականին Խակա քաղաքի կայազորի խռովության ժամանակ Խեսուս Լարանյագան ձերբակալվում է և բանտից ազատ արձակվում 1931 թվականի փետրվարին։ Երբ նռչակվում է Իսպանիայի երկրորդ հանրապետությունը, Լարանյագան ընտրվում է Իսպանիայի կոմունիստական կուսակցության տեղական կառույցի քարտուղար։ Մեծ դերակատարում է ունեցել բազմաթիվ գործադուլների կազմակերպման գործում, որոնք տեղի են ունեցել Գիպուսկոա[1]։
1932 թվականին Սևիլյայում տեղի ունեցած կուսակցական համագումարում Խեսուս Լարանյագան ընտրվում է կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ։ Նույն թվականին գործուղվում է Մոսկվա[2]։ 1933 թվականին հիմնել է «Euskadi Roja» (Բասկերի Կարմիր Երկիր) թերթը։ 1935 թվականին մասնակցել է անօրինական համաժողովների, որոնց ժամանակ ձևավորվել է Բասկերի երկրի կոմունիստական կուսակցությունը (Partido Comunista de Euzkadi) և ընտրվել կուսակցության կենտրոնական կոմիտեի և բյուրոյի անդամ[1][2]։
Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1936 թվականի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Խեսուս Լարանյագան զբաղեցրեց նոր ձևավորված Սան Սեբաստիանի պաշտպանության խորհրդի ռազմական կոմիսարի պաշտոնը։ Մադրիդյան կառավարությունը հետագայում նրան անվանեց Բասկերի երկրի կոմիսար[1]։ Բասկերը չէին վստահում Լարանյագային որպես կոմունիստի, իսկ կոմունիստները նրան կասկածանքով էին վերաբերվում որպես բասկի[3]։ Խեսուս Լարանյագան ստանձնեց Խոսե Անտոնիո Ագուիրեյի բասկյան կառավարության բանակի մի մասը, որն ուներ 25000 զինվոր։ Նրա ղեկավարած բանակը 1936 թվականի դեկտեմբերին մասնակցեց Վիլյառեալի հարավային առաջխաղացմանը։ Բանակը չուներ օդային աջակցություն, սակայն զորքերը սկզբնական շրջանում ունեին բարձր մարտական ոգի[4]։
Բասկերի երկրի կառավարությունը պաշտոնապես չէր ընդունում Լարանյագայի նշանակումը մինչև 1937 թվականի մայիսը։ Այդ ժամանակաշրջանում Իսպանիայի կոմունիստական կուսակցությունը բասկյան իշխանության հետ դժվարին հարաբերություններ ուներ։ 1937 թվականի հուլիսի 27-ին տեղի ունեցած կուսակցության համագումարի ժամանակ Լարանյագան բուռն քննադատության արժանացավ Բասկերի Երկրի կառավարության կողմից, բայց նույն թվականի օգոստոսի 4-ին նա հաստատվեց Հյուսիսային բանակի բրիգադի կոմիսարի պաշտոնում[1]։
1937 թվականին Հյուսիսային հատվածի անկումից հետո Խեսուս Լարանյագան տարհանվում է Ֆրանսիա, սակայն որոշ ժամանակ անց վերադառնում է Իսպանիա, որտեղ ձերբակալվում է Ալիկանտեի իր ընկերների կողմից։ Նա արդարացվում է և շարունակում գործել արագոնյան ճակատում, որտեղ հանդիսանում էր կուսակցության կենտրոնական կոմիտեի ռազմա-քաղաքական հանձնաժողովի անդամ[1]։ Երկրորդ հանրապետության անկումից հետո նրան հաջողվում է փախչել և թաքնվել Բուկոյում[5]։
Հետագա տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին՝ 1939 թվականի սեպտեմբերին, Խեսուս Լարանյագան Փարիզում էր[5], այնուհետև տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ հանդիպում է բասկյան կոմունիստների առաջնորդ Ռամոն Օրմասաբլին։
1941 թվականի սեպտեմբերին նա որպես կամավոր ընկերների հետ նավարկում է դեպի Եվրոպա, որպեսզի Իսպանիայում վերականգնի կուսակցության կառույցները[1][6]։
1941 թվականի հոկտեմբերի 5-ին խումբը պորտուգալական ոստիկանության կողմից Լիսաբոնում ձերբակալվում է և հանձնվում իսպանական իշխանություններին[7]։ 1942 թվականի հունվարի 19-ին գնդապետ Ֆելիքս Գարսիա Նավախասայի ղեկավարությամբ ռազմական դատարանը Լարանյագային ու նրա երեք ընկերներին խռովությանը մասնակցելու և «Պետական անվտանգության մասին» օրենքը խախտելու համար դատապարտում է մահվան։ Խեսուս Լարանյագան գնդակահարվում է 1942 թվականի հունվարի 21-ի առավոտյան[8][9][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Estornés Zubizarreta, 2015
- ↑ 2,0 2,1 2,2 Garai Bengoa, 2008, էջ 129
- ↑ Thomas, 2001, էջ 597
- ↑ Beevor, 2012, էջ 173
- ↑ 5,0 5,1 Arrozarena, 2003, էջ 331
- ↑ Arrozarena, 2003, էջ 332
- ↑ Garai Bengoa, 2008, էջ 126
- ↑ Garai, 2009
- ↑ R.D., 2007
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Arrozarena, Cecilia (2003). El roble y la ceiba: historia de los vascos en Cuba. Txalaparta. ISBN 978-84-8136-357-9. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
- Beevor, Antony (2012). The Battle for Spain: The Spanish Civil War 1936-1939. Orion Publishing Group. ISBN 978-1-78022-453-4. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
- Estornés Zubizarreta, Idoia (2015). «Jesús Larrañaga Churruca». Auñamendi Eusko Entziklopedia (Spanish). Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Garai, Juan Ramon (2009). «Homenajean en Madrid a Jesús Larrañaga». Gara (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Garai Bengoa, Juan Ramón (2008). Celestino Uriarte. Txalaparta. ISBN 978-84-8136-524-5. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
- R.D. (2007). «DIEGUEZ DUEÑAS, Isidoro». Los de la sierra (French). Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Thomas, Hugh (2001). The Spanish Civil War. Modern Library. ISBN 978-0-375-75515-6. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
- Egido, José Antonio (1994). Jesús Larrañaga, Comunista y Abertzale. Vosa. ISBN 978-84-86293-95-6.