Խեսուս Լարանյագա
Խեսուս Լարանյագա Չուրուկա բասկ.՝ Jesus Larrañaga Txurruka | |
---|---|
Ծնվել է | 1901 թվականի ապրիլի 17 |
Ծննդավայր | Իսպանական կայսրություն, Վիլյառեալ դե Ուրեչա |
Մահացել է | 1942 թվականի հունվարի 21 |
Մահվան վայր | Ֆրանկիստական Իսպանիա, Մադրիդ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Բասկ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ |
Կուսակցություն | Իսպանիայի կոմունիստական կուսակցություն |
Անդամություն | Basque Workers' Solidarity? և Unión General de Trabajadores? |
Խեսուս Լարանյագա Չուրուկա (բասկ.՝ Jesus Larrañaga Txurruka, ապրիլի 17, 1901 թվական, Վիլյառեալ դե Ուրեչա, Իսպանական կայսրություն - հունվարի 21, 1942 թվական, Մադրիդ, Ֆրանկիստական Իսպանիա), բասկ հեղափոխական, ընդհատակյա գործիչ, հակաֆրանկիստ և Իսպանիայի կոմունիստական կուսակցության անդամ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խեսուս Լարանյագան ծնվել է 1901 թվականի ապրիլի 17-ին Բասկերի երկրի Վիլյառեալ դե Ուրեչա բնակավայրում շինարարական կապալառուի ընտանիքում: Մի քանի տարի գերազանց առաջադիմությամբ սովորել է սեմինարիայում, սակայն կարգապահությունը չպահպանելու պատճառաբանությամբ հեռացվել է[1]:
Սեմինարիայից հեռացվելուց հետո Խեսուս Լարանյագան սկսել է աշխատել Բեասեյնի 2000 աշխատող ունեցող մեքենաշինական գործարանում որպես փականագործ: Գործարանում նա անդամագրվում է Բասկյան աշխատավորների համերաշխություն արհմիութենական կազմակերպությանը: Նա գործարանում կազմակերպում է գործադուլ, ինչի համար հեռացվում է աշխատանքից: Այնուհետև Խեսուս Լարանյագան տեղափոխվում է Սան Սեբաստիան: Պրիմո դե Ռիվերայի բռնապետության նկատմամբ ունեցած դիրքորոշման պատճառով 1926 թվականին Խեսուս Լարանյագան ստիպված էր արտագաղթել Ֆրանսիա: Այնտեղ նա բնակություն է հաստատում Բուկոյում, որտեղ ծանոթանում է կոմունիստական գաղափարներին: 1927 թվականիննա վերադառնում է Բասկերի երկիր՝ անդամագրվելով Աշխատավորների համընդհանուր միությանը, որում զբաղեցրեց ղեկավար պաշտոններ: Այունհետև Խեսուս Լարանյագան անդամագրվում է Իսպանիայի կոմունիստական կուսակցությանը[1]:
1930 թվականին Խակա քաղաքի կայազորի խռովության ժամանակ Խեսուս Լարանյագան ձերբակալվում է և բանտից ազատ արձակվում 1931 թվականի փետրվարին: Երբ նռչակվում է Իսպանիայի երկրորդ հանրապետությունը, Լարանյագան ընտրվում է Իսպանիայի կոմունիստական կուսակցության տեղական կառույցի քարտուղար: Մեծ դերակատարում է ունեցել բազմաթիվ գործադուլների կազմակերպման գործում, որոնք տեղի են ունեցել Գիպուսկոա[1]:
1932 թվականին Սևիլյայում տեղի ունեցած կուսակցական համագումարում Խեսուս Լարանյագան ընտրվում է կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ: Նույն թվականին գործուղվում է Մոսկվա[2]: 1933 թվականին հիմնել է «Euskadi Roja» (Բասկերի Կարմիր Երկիր) թերթը: 1935 թվականին մասնակցել է անօրինական համաժողովների, որոնց ժամանակ ձևավորվել է Բասկերի երկրի կոմունիստական կուսակցությունը (Partido Comunista de Euzkadi) և ընտրվել կուսակցության կենտրոնական կոմիտեի և բյուրոյի անդամ[1][2]:
Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
1936 թվականի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Խեսուս Լարանյագան զբաղեցրեց նոր ձևավորված Սան Սեբաստիանի պաշտպանության խորհրդի ռազմական կոմիսարի պաշտոնը: Մադրիդյան կառավարությունը հետագայում նրան անվանեց Բասկերի երկրի կոմիսար[1]: Բասկերը չէին վստահում Լարանյագային որպես կոմունիստի, իսկ կոմունիստները նրան կասկածանքով էին վերաբերվում որպես բասկի[3]: Խեսուս Լարանյագան ստանձնեց Խոսե Անտոնիո Ագուիրեյի բասկյան կառավարության բանակի մի մասը, որն ուներ 25000 զինվոր: Նրա ղեկավարած բանակը 1936 թվականի դեկտեմբերին մասնակցեց Վիլյառեալի հարավային առաջխաղացմանը: Բանակը չուներ օդային աջակցություն, սակայն զորքերը սկզբնական շրջանում ունեին բարձր մարտական ոգի[4]:
Բասկերի երկրի կառավարությունը պաշտոնապես չէր ընդունում Լարանյագայի նշանակումը մինչև 1937 թվականի մայիսը: Այդ ժամանակաշրջանում Իսպանիայի կոմունիստական կուսակցությունը բասկյան իշխանության հետ դժվարին հարաբերություններ ուներ: 1937 թվականի հուլիսի 27-ին տեղի ունեցած կուսակցության համագումարի ժամանակ Լարանյագան բուռն քննադատության արժանացավ Բասկերի Երկրի կառավարության կողմից, բայց նույն թվականի օգոստոսի 4-ին նա հաստատվեց Հյուսիսային բանակի բրիգադի կոմիսարի պաշտոնում[1]:
1937 թվականին Հյուսիսային հատվածի անկումից հետո Խեսուս Լարանյագան տարհանվում է Ֆրանսիա, սակայն որոշ ժամանակ անց վերադառնում է Իսպանիա, որտեղ ձերբակալվում է Ալիկանտեի իր ընկերների կողմից: Նա արդարացվում է և շարունակում գործել արագոնյան ճակատում, որտեղ հանդիսանում էր կուսակցության կենտրոնական կոմիտեի ռազմա-քաղաքական հանձնաժողովի անդամ[1]: Երկրորդ հանրապետության անկումից հետո նրան հաջողվում է փախչել և թաքնվել Բուկոյում[5]:
Հետագա տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին՝ 1939 թվականի սեպտեմբերին, Խեսուս Լարանյագան Փարիզում էր[5], այնուհետև տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ հանդիպում է բասկյան կոմունիստների առաջնորդ Ռամոն Օրմասաբլին:
1941 թվականի սեպտեմբերին նա որպես կամավոր ընկերների հետ նավարկում է դեպի Եվրոպա, որպեսզի Իսպանիայում վերականգնի կուսակցության կառույցները[1][6]:
1941 թվականի հոկտեմբերի 5-ին խումբը պորտուգալական ոստիկանության կողմից Լիսաբոնում ձերբակալվում է և հանձնվում իսպանական իշխանություններին[7]: 1942 թվականի հունվարի 19-ին գնդապետ Ֆելիքս Գարսիա Նավախասայի ղեկավարությամբ ռազմական դատարանը Լարանյագային ու նրա երեք ընկերներին խռովությանը մասնակցելու և «Պետական անվտանգության մասին» օրենքը խախտելու համար դատապարտում է մահվան: Խեսուս Լարանյագան գնդակահարվում է 1942 թվականի հունվարի 21-ի առավոտյան[8][9][2]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Estornés Zubizarreta, 2015
- ↑ 2,0 2,1 2,2 Garai Bengoa, 2008, էջ 129
- ↑ Thomas, 2001, էջ 597
- ↑ Beevor, 2012, էջ 173
- ↑ 5,0 5,1 Arrozarena, 2003, էջ 331
- ↑ Arrozarena, 2003, էջ 332
- ↑ Garai Bengoa, 2008, էջ 126
- ↑ Garai, 2009
- ↑ R.D., 2007
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Arrozarena Cecilia (2003)։ El roble y la ceiba: historia de los vascos en Cuba։ Txalaparta։ ISBN 978-84-8136-357-9։ Վերցված է 2015-06-20
- Beevor Antony (2012)։ The Battle for Spain: The Spanish Civil War 1936-1939։ Orion Publishing Group։ ISBN 978-1-78022-453-4։ Վերցված է 2015-06-20
- Estornés Zubizarreta Idoia (2015)։ «Jesús Larrañaga Churruca»։ Auñamendi Eusko Entziklopedia (Spanish)։ Վերցված է 2015-06-19
- Garai Juan Ramon (2009)։ «Homenajean en Madrid a Jesús Larrañaga»։ Gara (Spanish)։ Վերցված է 2015-06-20
- Garai Bengoa Juan Ramón (2008)։ Celestino Uriarte։ Txalaparta։ ISBN 978-84-8136-524-5։ Վերցված է 2015-06-20
- R.D. (2007)։ «DIEGUEZ DUEÑAS, Isidoro»։ Los de la sierra (French)։ Վերցված է 2015-06-26
- Thomas Hugh (2001)։ The Spanish Civil War։ Modern Library։ ISBN 978-0-375-75515-6։ Վերցված է 2015-06-20
- Egido José Antonio (1994)։ Jesús Larrañaga, Comunista y Abertzale։ Vosa։ ISBN 978-84-86293-95-6