Jump to content

Լևոն Ռոտինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Ռոտինյան
Ծնվել էմայիսի 22 (հունիսի 3), 1879[1][2]
Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էդեկտեմբերի 30, 1964(1964-12-30)[1][2] (85 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Բնակության վայր(եր)Վրացական ԽՍՀ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս և դասախոս
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտ[2], Թբիլիսիի պետական համալսարան[2], Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատ[2], Երևանի պետական համալսարան[2], ՀԱՊՀ[2], ԱրմՖԱՆ[2], Վանաձորի քիմիական գործարան[2], Ադրբեջանի պետական գյուղատնտեսական ինստիտուտ[2] և Չեբոքսարիի պետական գյուղատնտեսական ակադեմիա[2]
Գործունեության ոլորտֆիզիկական քիմիա
Ալմա մատերQ27999141? (1903)[2]
Կոչումպրոֆեսոր[2]
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր[2] (1955)
Հայտնի աշակերտներՆիկողայոս Ենիկոլոպով
Երեխա(ներ)Ալեքսանդր Ռոտինյան

Լևոն Ալեքսանդրի Ռոտինյան (մայիսի 22 (հունիսի 3), 1879[1][2], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 30, 1964(1964-12-30)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1925)։ ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ։ ՀԽՍՀ ֆիզիկաքիմիական առաջին դպրոցի հիմնադիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1903 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտության բաժինը։ Աշակերտել է ակադեմիկոս Վ․ Ա․ Կիստյակովսկուն, աշխատել Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուի քիմիայի և տեսական էլեկտրաքիմիայի ամբիոնում, որտեղ կազմակերպել է Ռուսաստանում ֆիզիկական քիմիայի առաջին ուսումնական լաբորատորիան և գրել ֆիզիկական քիմիայի գործնական աշխատանքների ռուսերեն առաջին ձեռնարկը։ 1918 թվականին հրավիրվել է Թիֆլիսի նորաստեղծ համալսարան, որտեղ Լ․ Ա․ Ռոտինյանը քիմիա է դասավանդել։ 1921-1922 թվականներին Ալավերդու պղնձաձուլական գործարանի լաբորատորիայի ղեկավարն էր, 1922-1927 թվականներին՝ հողժողկոմատի և ժողտնտխորհի կենտրոնական միացյալ լաբորատորիայի անօրգանական քիմիայի բաժնի վարիչը։ Եղել է Երևանի համալսարանի ֆիզիկական քիմիայի և վերլուծական քիմիայի, պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիայի ամբիոնների և ԽՍՀՄ ԳԱ հայկական բաժանմունքի ֆիզիկական քիմիայի բաժնի, Ադրբեջանի գյուղատնտեսական ինստիտուտի անօրգանական և վերլուծական քիմիաների և Չուվաշական գյուղատնտեսական ինստիտուտի անօրգանական քիմիայի, ամբիոնների վարիչ։ 1943-1946 թվականներին աշխատել է Կիրովականի քիմիայի գործարանի կենտրոնական լաբորատորիայում, 1957-1960 թվականներին՝ ՀԽՍՀ ժողկոմխորհի քիմիայի ԳՀԻ-ում։ Ռուսաստանի հիմնական գիտական աշխատանքները վերաբերում են քիմիա թերմոդինամիկայի՝ մասնավորապես քիմիայի հավասարակշռված երևույթների, անիզոտրոպ հեղուկների, քիմիայի միացությունների և նրանց ելանյութերի կրիտիկական ջերմաստիճանների փոխադարձ կապի, մաքուր նյութերի մակերևույթների ուսումնասիրությանը։ Հալված ծծմբի նրա ուսումնասիրությունները կարևոր դեր խաղացին կառուցվածքային մածուցիկության տեսության ստեղծման համար։ Ռոտինյանը առաջին և մեծ ճշտությամբ որոշել է սնդիկի, ալյումինի և ծարիրի հալոգենիդների կրիտիկական ջերմաստիճանները, սնդիկիգոլորշիների առաձգականությունը։ Ցիկլոհեքսանի ածանցյալների ֆիզիկական հատկությունների նրա ուսումնասիրությունները և բաշխման օրենքի թերմոդինամիկական հետազոտությունները կարևոր ներդրում են գիտության մեջ։ Ուսումնասիրելով եռբաղադրամաս հեղուկ համակարգերի լուծելիության իզոթերմային դիագրամները և կիրառելով բաշխման օրենքը՝ Ռոտինյանը ստացավ լուծված նյութերի կոնցենտրացիաները և համասեռության տիրույթները կապող հավասարումները։ Ռոտինյանը կատարել է նաև մերձարաքսյան ճահիճների հողային և հիդրոլոգիական հետազոտություններ, որոնց հիման վրա իրականացվեց այդ ճահիճների մելիորացումը։ ՀԽՍՀ հանքային և ոչ հանքային ապարների նրա ուսումնասիրությունները հնարավոր դարձրին ցեմենտի և կարբիդի արտադրության ստեղծումը ՀԽՍՀ-ում[3]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոտինյանը զբաղվել է նաև հայկական բազալտների հատկությունների, նրանց հալման և բյուրեղացման օրինաչափությունների ուսումնասիրմամբ, առաջարկել է ապակեմանրաթելերի անընդհատ ստեղծման եղանակ, ստեղծել հեղուկների գոլորշիացման ջերմության որոշման ճշգրիտ սարք։ Ռոտինյանի ղեկավարությամբ և մասնակցությամբ են ստեղծվել ֆիզիկական վերլուծական և անօրգանական քիմիաների առաջին ուսումնական լաբորատորիաները ՀԽՍՀ-ում։ Ռոտինյանը ԽՍՀՄ ԳԱ հայկական բաժանմունքի քիմիայի ինստիտուտի ստեղծման նախաձեռնողներից և կազմակերպիչներից էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Исаев Ю. Н. Chuvash encyclopedia (ռուս.)Чувашское книжное издательство, 2006. — С. 2567. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-X
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 708—709.
  3. «ԼԵՎՈՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՌՈՏԻՆՅԱՆ». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Ռոտինյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։