Հյուզը թողել է չափազանց հարուստ ժառանգություն ամենատարբեր ժանրերում՝ բանաստեղծություներ, վեպեր, ինքնակենսագրական արձակ, պատմվածքներ, պիեսներ։ Համագործակցել է թերթերի հետ՝ այնտեղ հաճախ տպագրելով երգիծական ակնարկներ, որտեղ գլխավոր գործող անձը սևամորթ քաղաքացի Սիմփլն է (անգլ.՝ Simple)։
Ծնվել է Միսսուրի նահանգի Ջոպլին քաղաքում՝ սևամորթ ընտանիքում։ Լենգսթոնը դպրոցական ուսուցչուհի Քերրի (Կարոլինա) Մերսեր Լենգստոնի և նրա ամուսին Ջեյմս Նատանիել Հյուզի (1871—1934) երկրորդ երեխան էր։ Հյուզը ծնողներից ժառանգել է աֆրոամերիկյան, եվրոպական և նույնիսկ հնդկական արմատներ։ 1929 թվականին ավարտել է ՖիլադելֆիայիԼինքոլնի անվան համալսարանը։ Նեգրական բանահյուսության ավանդույթներով են գրված Հյուզի վաղ շրջանի բանաստեղծությունները (ժողովածուներ 1926, 1927, 1932)։ 1932-1933 թվականներին Հյուզը եղել է ԱՍՀՄ-ում («Նեգրը նայում է սովետական Միջին Ասիային», 1934)։ 30-ական թվականներից սկսած գրել է արձակ, գլխավորապես, ամերիկյան նեգրերի կյանքից («Ծիծաղ՝ արցունքների միջից», 1930, վեպ, «Սպիտակների բարքերը», 1934, պատմվածքների ժողովածու են)։ Պրոլետարական, ինտերնացիոնալիզմի գաղափարներն են հնչում «Աքոթսբորո» (1932, ) չափածո պիեսում և «Նոր երգ» (1938) ժողովածուում։ Տպագրել է նաև «Հովազն ու մտրակը» (1967) բանաստեղծությունների ժողովածուն, «Հաղթական ծնծղաներ» (1958) վեպը, մի քանի պիեսներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 440)։