Ժան Շարդեն
Ժան Շարդեն ֆր.՝ Jean Chardin | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 16, 1643[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Մահացել է | հունվարի 26, 1713[5] (69 տարեկան) |
Մահվան վայր | Չիզիկ, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Չիզիկ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող և պատմաբան |
Ամուսին | Esther de Lardiniere Peigné? |
Ծնողներ | հայր՝ Daniel Chardin?[6], մայր՝ Jeanne Guiselin?[6] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն |
Երեխաներ | Julia Chardin?[7], Jeanne Emilie Chardin?[7], Marie Charlot Chardin?[7] և Sir John Chardin, 1st and last Bt.?[7] |
Jean Chardin Վիքիպահեստում |
Ժան Շարդեն (ֆր.՝ Jean Chardin, նոյեմբերի 16, 1643[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - հունվարի 26, 1713[5], Չիզիկ, Միացյալ Թագավորություն), ֆրանսիացի ոսկերիչ և ճանապարհորդ, ում 10 հատորից բաղկացած «Ժան Շարդենի ճանապարհորդությունները» գիրքը համարվում է իր ժամանակների արևմտյան ամենաարժեքավոր աշխատություններից մեկը՝ Պարսկաստանի և Մերձավոր Արևելքի երկրների մասին։
Կյանքը և գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժան Շարդենը ծնվել է մեծահարուստ վաճառականի ընտանիքում։ Նրա հայրը ոսկերիչ էր Դոֆինի հրապարակում, և ինքը շարունակեց հոր գործը։ Նա 1664 թվականին ձեռնարկում է մի ճանապարհորդություն՝ ընկերակից ունենալով լիոնցի վաճառական Մ. Ռեսինին։ Նրանք ճամփորդում են Կոստանդնուպոլիսով և Սև ծովով՝ հասնելով Պարսկաստան 1666 թվականի սկզբներին։ Նույն թվականին Շահ Աբբաս II-ը Շարդենին նշանակում է իր ոսկե արդուզարդի ձեռքբերման գործակալ։ 1667 թվականի կեսերին Շարդենն այցելում է Հնդկաստան և վերադառնում Պարսկաստան մոտ երկու տարի անց։ 1670-ին վերադառնում է հայրենի Փարիզ։ Այնտեղ նա հրատարակում է «Սուլեյման Գ-ի գահակալությունը» գիրքը, որտեղ պատմում է Պարսկաստանում տեղի ունեցած որոշ իրադարձությունների մասին՝ որպես ականատես։ Սպահանցի Միրզա Սեֆյանը՝ մի ուսյալ ազնվական, որ բանտարկված էր սեփական պալատում, Ժան Շարդենին հրավիրել էր իր մոտ, պատվել, ցուցումներ տվել պարսկերենով և օգնել նրան այդ աշխատանքում։ Պետեր դը լա Քրուան և Թավերնիեն խիստ քննադատում են այդ գիրքը, մինչդեռ Անժ դը լա Բրոսը մեծ դրվատանքով է արտահայտվում դրա մասին։
1671 թվականի օգոստոսին Ժան Շարդենը դարձյալ ճանապարհ է ընկնում դեպի Արևելք։ Այս անգամ Կոստանդնուպոլսից Սև Ծովով անցել է Վրաստան, Արևելյան Հայաստան և Պարսկաստան (1672-1673 թվականներին)։ Նրան ուղեկցել է նկարիչ Ժոզեֆ Գրելոն, ով ճանապարհորդության ընթացքում կատարել է արժեքավոր նկարներ, որոնք հետագայում արտատպվեցին որպես գրավյուրներ՝ փորագրանկարներ, որոնցից են նաև Էջմիածնի և Երևանի հայտնի փորագրանկարները։ Նրանց ճանապարհորդության մասին պատմող ուշագրավ տեղեկություններով հարուստ, ինչպես նաև Գրելոյի՝ պատմական մեծ արժեք ներկայացնող փորագրանկարներով գիրքը տպագրվեց 1686 թվականին Լոնդոնում, ֆրանսերենով։ Արդեն լրացված և ամբողջական տարբերակը լույս տեսավ 1711 թվականին՝ Ամստերդամում։ Գիրքը ռուսերեն թարգմանվեց և հրատարակվեց 1902 թվականին՝ Թիֆլիսում, Մ. Մարտիրոսյանցի տպարանում։
Հայաստանի մասին ուղեգրությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր գրքում Ժան Շարդենը Արևելյան Հայաստանը ներկայացնում է բացառապես «Արմենիա» տեղանունով, նշելով, որ Երևանը, որն իր ժամանակ համանուն կուսակալության վարչական կենտրոնն էր, «շատ բարեբեր բնակլիմայական պայմաններով խոշոր քաղաք է»։ Նա հաղորդում է, որ բուն քաղաքում ապրում են հայեր, իսկ բերդում՝ կուսակալի նստավայրն է ու տեղակայված է պարսկական կայազորը։ Դվինից մինչև Նախիջևան ճանապարհը Շարդենը նկարագրում է այսպես. «Մենք անցանք Արփա մեծ գետը, որի ջրերով ոռոգվում են այստեղի հողատարածքները։ Այդ գետը բաժանում է Հայաստանը երկու մասի. Հայաստանի վերին հատվածի մայրաքաղաքն է Երևանը, իսկ ներքին մասինն արդեն՝ Նախիջևանը»։ Մի հետաքրքիր հատված էլ մեջբերենք Շարդենի գրառումներից. «Այդ պետության (նկատի ունի Երևանի կուսակալությունը) մեծահարուստները սիրում են անցկացնել իրենց ամառային հանգիստը քաղաքից դուրս՝ գյուղում, գեղատեսիլ լեռնային շրջաններում։ Այստեղ նրանք հանգստանում են քաղաքային կյանքից, զբաղվում են որսորդությամբ, ձկնորսությամբ, ձիավարությամբ կամ ուղղակի զբոսնում են, մի խոսքով՝ վայելում են բնության զովությունն ու գեղեցկությունը»։ Ի դեպ, Ժան Շարդենի և Ժոզեֆ Գրելոյի այցելությունից հետո 1679 թվականին Երևանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, և բարեբախտաբար նրանք հասցրին Երևանը տեսնել ծաղկուն վիճակում և մեզ ավանդել քաղաքի այդ ժամանակների համայնապատկերը։
Երևանից հետո ֆրանսիացի ճանապարհորդներն այցելել են Էջմիածին, որի մասին Շարդենն իր ուղեգրություններում այսպես է պատմում. «Երևանից երեք մղոն հեռավորության վրա է գտնվում Երեք եկեղեցիների նշանավոր վանքը՝ հայ քրիստոնյաների սրբություն սրբոցը, եթե ես համարձակվեմ այսպես այսպես կոչել այն, որին նրանք վերաբերվում են առանձնակի բարեպաշտությամբ» (խոսքը Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե և Սուրբ Շողակաթ եկեղեցիների մասին է)։ Այնուհետև Շարդենը բերում է եկեղեցու հատակագիծը և ավելացնում գծագիրը, ինչպես նաև գլխավոր եկեղեցու արտաքին տեսքի փոքրիկ ուրվանկարը, վանքի ավելի հստակ նկարագրությունը՝ ավելի պարզ պատկերացում տալու համար։ Ժան Շարդենը նաև պատմում է, թե ինչու ենք մենք՝ հայերս այն անվանում Էջմիածին (քանի որ այդ վայրում Հիսուս Քրիստոս տեսանելիորեն իրեն ցույց տվեց Սուրբ Գրիգորին, որ հայերի առաջին պատրիարքն էր) և թե ինչ է նշանակում այդ բառը։ Հետո Շարդենի գրածից իմանում ենք, որ մուսուլմանները, որոնց տիրապետության տակ էր գտնվում այն ժամանակ Հայաստանը, վանքը կոչում էին Ուչ Քիլիսե, որ նշանակում է Երեք Եկեղեցի։ Այնուհետև Շարդենը բավականին մանրամասն տալիս է Էջմիածին՝ նույն Շողակաթ եկեղեցու ներքին և արտաքին նկարագրությունը։
Տեղի վանականները ցույց են տալիս այնտեղ պահվող գեղեցիկ և շատ շքեղ եկեղեցական սպասքի տարբեր առարկաներ, - գրում է Ժան Շարդենը, - խաչեր, ոսկե սկիհներ, արծաթե կանթեղներ և մոմի աշտանակներ։ Այս հարստության գլխավոր մասը պապերի նվերներն են, որը մի կողմից ցույց է տալիս նրանց դյուրահավատությունը, մյուս կողմից՝ հայերի ճարպկությունը։ Գանձատանը կան արծաթյա և ոսկեզօծ տարբեր մասնատուփեր։ Ըստ տեղի վանականների վկայության, - շարունակում է Շարդենը, - վանքում պահվող գլխավոր մասունքներն են սորրբ Հռիփսիմեի իրանի վերին մասը, սուրբ Գայանեի բազուկը, Աջը սուրբ Գրիգոր Լուսավորչի, ով այսպես է անվանվում, որովհետև դարձի բերեց Հայաստանը, Երուսաղեմի եպիսկոպոս սուրբ Հակոբի կողոսկրը, սուրբ Պետրոսի ճկույթը և սուրբ Հովհաննես Մկրտչի երկու մատները, ում մարմինը, ինչպես պնդում են վանքի վանականները, ամփոփված է իրենց ուխտին պատկանող և Էրզրումին մոտ գտնվող միաբանության վանքում։ Ասում են, որ Կեսարիայի եպիսկոպոս Ղևոնդիոսը այս մասունքները տվել է իրենց առաջին պատրիարքին (Գրիգոր Լուսավորչին) և Հովհաննես Մկրտչի մարմինը 300 տարի թաղված մնալուց հետո տեղափոխվել է այն վայրը, ուր ամփոփված է այժմ։ |
Էջմիածնի վանականներից լսած այս պատմությունները մեջբերելուց հետո Շարդենը գրում է, որ իրականում, պատմական վկայությունների համաձայն, Հովհաննես Մկրտչի մարմինը այրվել և մոխրի էր վերածվել Հուլիանոս Ուրացող կայսեր հրամանով։ Քիչ ավելի ներքև Ժան Շարդենը մեզ է ավանդում իր ժամանակներում հայերի մոտ պահպանված մի լեգենդ, որ Էջմիածնում է գտնվում այն վայրը, որտեղ ջրհեղեղից հետո Նոյը կառուցեց զոհասեղանը և մատուցեց զոհը, որը հիշատակված է Ծննդոց գրքի 8-րդ գլխում։ Սուրբ Էջմիածին եկեղեցու մասին նկարագրություններից հետո Շարդենը խոսում է Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիների մասին, պատմում հռոմեացի Հռիփսիմյան կույսերի մասին, ովքերը նահատակվեցին Հայաստանում, հենց այն վայրերում, որտեղ այժմ կանգնած են եկեղեցիները։
Ֆրանսիացի ճանապարհորդը խոսում է նաև Խոր Վիրապի մասին. «Առավել նշանակալի մենաստաններից է Խոր Վիրապը, որը հայերեն տառացիորեն նշանակում է եկեղեցի՝ գբի վրա։ Հետագայում այս անվանումը տրվել է այդ վայրին՝ որպես վիրապի վրա կառուցված, որի մեջ, ինչպես մեզ հայոց պատմությունն է հաղորդում, սուրբ Գրիգորը նետվեց և կենդանի մնաց՝ կերակրվելով նույն ձևով, ինչպես Դանիելը կերակրվեց առյուծի գբում։ Այս վանքը գտնվում է Երևանի սահմանագծին՝ Էջմիածնից հարավ, ուր, ինչպես այդ գյուղի բնակիչներն են ասում, կարելի է տեսնել Արտաքսադի ավերակները։ Քաղաքը, որը նրանք կոչում են Արտաշատ, Պարսից Արտարքսերս թագավորի անունից է ծագում, ում արևելցիները կոչում են Արդեշիր»։ Ինչպես երևում է, Շարդենը տեղեկություններ չի ունեցել հայոց Արտաշես Ա Բարեպաշտ արքայի մասին։ Դրանից հետո նա մանրամասնորեն խոսում է Արտաշատի հնությունների մասին, որոնք, ինչպես ինքն է ասում, ցույց են տալիս տեղացիները։ Ապա Ժան Շարդենը խոսում է այն մասին, որ հայերը միշտ պահել են իրենց հին ժամերգությունները և արարողությունները, և այս հանգամանքը նա ուղղակի ապշեցուցիչ է համարում, վերբնական, հաշվի առնելով, որ հայ ժողովուրդը արդեն 11 դար գտնվում է իսլամադավանների իշխանության տակ, և դրա հետ միասին այնքան աղքատ ու անգետ են, որքան կարող է աղքատ ու անգետ լինել մի ժողովուրդ, որը հասցվել է ստրկացվածության նման աստիճանի։ «Չնայած այդ պայմաններին, - գրում է Շարդենը, - նրանց հավատը մնացել է անսասան, տոկուն ձևով դիմանալով մուսուլմանների ճնշումներին, ինչպես և հռոմեական տարբեր առաքելությունների փորձերին։ Հայերը մանկուց սովորում են «Քրիստոս» ասել, խաչակնքել և պահք պահել և շարունակում են այդպես վարվել արդեն հասուն տարիքում այն ամուր հավատով, որ միայն ծիսականության նման ճիշտ պահպանության մեջ է կայանում քրիստոնեության ողջ էությունը։ Նրանք պահքի ժամանակ ձեռնպահ են մնում մսից, ձվից, յուղից, կաթից և պանրից և օրվա մեջ միայն մեկ անգամ են ուտում՝ արևի մայր մտնելիս»։ Վերջում Ժան Շարդենը խոսում է նաև հայոց նվիրական լեռան՝ Մասիսի մասին, տալիս նրա անվան ստուգաբանությունները, որ լսել է տեղացիներից և պարսիկներից, պատմում Նոյան տապանի մասին հյուսված զրույցները։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սըր Ժան Շարդենի ճանապարհորդությունները Պարսկաստանով և Արևելյան Հնդկաստանով», անգլերենից թարգմանությունը՝ Գ. Պողոսյանի, Երևան, 2008 թ.: http://echmiadzin.asj-oa.am/2760/1/108-115.pdf(չաշխատող հղում)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119384086 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Lundy D. R. The Peerage
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Շարդեն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 463)։ |