Էփսի Քեմփբել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էփսի Քեմփբել
 
Կուսակցություն՝ Citizens' Action Party?
Կրթություն՝ Կոստա Ռիկայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ծննդյան օր հուլիսի 4, 1963(1963-07-04) (60 տարեկան)
Ծննդավայր Սան Խոսե, Կոստա Ռիկա
Քաղաքացիություն  Կոստա Ռիկա

Էփսի Քեմփբել Բար (իսպ.՝ Epsy Campbell Barr, հուլիսի 4, 1963(1963-07-04), Սան Խոսե, Կոստա Ռիկա), կոստառիկացի քաղաքական գործիչ և տնտեսագետ։ 2018 թվականի մայիսի 8-ից Կոստա Ռիկայի առաջին փոխնախագահն է՝ նախագահ Կառլոս Կեսադա Ալվարադոյի օրոք[1]։ Աֆրիկյան ծագմամբ առաջին կինն է, որը դարձել է փոխնախագահ Կոստա Ռիկայում[2], և երկրորդը (Վիոլա Բերնհեմից հետո)՝ Ամերիկայում։

Մինչև 2018 թվականի դեկտեմբերի 11-ը նաև արտաքին գործերի նախարար էր։ Նա, լինելով քաղաքացիական գործողությունների կուսակցության հիմնադիրներից մեկը, նախկինում՝ 2010 և 2014 թվականներին, առաջադրվել էր նախագահի պաշտոնում և ընտրվել Օրենսդիր ժողովի պատգամավոր[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էփսի Քեմփբել Բարը ծնվել է 1963 թվականին Սան Խոսեում, իսկ նրա ծնողները՝ Շիրլի Բար Էյրդը և Լուիս Քեմփբել Փաթերսոնը, ապրել են Սան Ֆրանցիսկո դե Ռիոսում։ Նա հինգ դուստրերից և երկու որդիներից բաղկացած ընտանիքի չորրորդ զավակն է։ Նրա քույրերի շրջանում ճանաչում են ստացել նաև երգչուհի Սաշա Քեմփբել Բարը և բանաստեղծուհի Շիրլի Քեմփբել Բարը։

Էփսի Քեմփբելը կրում է հայրական տատի անունը, որը մանկության տարիներին Ճամայկայից Կոստա Ռիկա է ներգաղթել։ Նրա աֆրոկոստառիկացի պապերը 20-րդ դարի սկզբին մուտք են գործել երկիր և աշխատել երկրի առաջին երկաթուղիների կառուցման վրա։

Էփսին ամուսնացել է երիտասարդ տարիքում և մայրացել, երբ նոր է սկսել սովորել համալսարանում։ Նա ունի երկու դուստր՝ Նարդան և Տանիշան։

Նա սովորել է Լաս Գրավիլիասի տարրական դպրոցում, Ռիկարդո Հիմենես Օրիմունոյի անվան դպրոցում, Կոստա Ռիկայի ազատ վարժարանում և աղջիկների բարձրագույն քոլեջում։ 1976-1983 թվականներին սովորել է նվագել ֆլեյտա և սաքսոֆոն երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի մոտ։

Էփսի Քեմփբելի բարձրագույն կրթությունն սկսվել է Կոստա Ռիկայի համալսարանում, այնուհետև շարունակել Լիմոն նահանգի մարզային համալսարանում, որտեղ նա միաժամանակ սովորել և աշխատել է։ Նա տասը տարի ապրել է Կարիբյան ավազանում, այնուհետև վերադարձել Սան Խոսե, որտեղ 1998 թվականին ավարտել է Կոստա Ռիկայի լատինական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 2008 թվականին ստացել է մագիստրոսի կոչում իսպանական մշակութային և սոցիալական գիտությունների հիմնադրամից։

Լինելով աֆրիկյան ծագում ունեցող կանանց և անձանց իրավունքների պաշտպանության հետազոտող և ակտիվիստ՝ նա քաղաքականության է անցել։

Էփսի Քեմփբելը 2017 թվականին

Կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էփսի Քեմփբելը գլխավորել է այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Աֆրիկյան ծագում ունեցող կանանց գործերի կենտրոնը, Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում գտնվող աֆրիկյան ծագում ունեցող առաջնորդների դաշինքը, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի Սև խորհրդարանը։

Մասնակցել է մի շարք կոնֆերանսների և հանդիպումների ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Պեկինում կանանց կարգավիճակի վերաբերյալ 4-րդ համաշխարհային համաժողովին, Դուրբանում (Հարավային Աֆրիկա) ռասիզմի դեմ պայքարի 3-րդ համաշխարհային համաժողովին, Ռիո դե Ժանեյրոյում (Բրազիլիա) Էկո-92 շրջակա միջավայրի համաշխարհային համաժողովին և Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի սևամորթ կանանց առաջին հանդիպմանը, որը տեղի է ունեցել Սանտո Դոմինգոյում (Դոմինիկյան Հանրապետություն)։ Նա աֆրոկարիբացի և աֆրոլատինոամերիկացի կանանց ցանցի Կենտրոնական Ամերիկայի ինտեգրման համաժողովի համակարգողն էր, ինչպես նաև Սան Խոսեում (Կոստա Ռիկա) աֆրոկարիբացի և աֆրոլատինոամերիկացի կանանց երկրորդ հանդիպման կազմակերպիչը։

Քեմփբելը նաև Վաշինգտոնում տեղակայված «Միջամերիկյան երկխոսություն» ինստիտուտի անդամ է[4]։ Նա գրել է գրքեր և հոդվածներ այնպիսի թեմաներով, ինչպիսիք են ժողովրդավարությունը, հավասարությունը, սոցիալական զարգացումը, ներառականությունը, սեքսիզմը, ռասիզմը, կանանց և աֆրիկյան ծագմամբ մարդկանց քաղաքական և տնտեսական մասնակցությունը։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էփսի Քեմփբելը և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն 2018 թվականին

Քեմփբել Բարը քաղաքացիական գործողությունների ձախակենտրոն (սոցիալ-դեմոկրատական և քրիստոնեա-սոցիալիստական) կուսակցության ստեղծողներից էր, որը գլխավորել է 2005 թվականի փետրվարից մինչև 2009 թվականի փետրվարը։ 2002-2006 թվականներին նա ազգային խորհրդարանում կուսակցության պատգամավոր էր։ 2003-2005 թվականներին գլխավորել է նրա խորհրդարանական խմբակցությունը։ 2006 թվականին Էփսին առաջին անգամ դարձել է փոխնախագահի թեկնածու։

Քեմփբելը, ունենալով պատգամավորի և փոխնախագահի պաշտոնի թեկնածուի անցյալ, իր կուսակցությունից պատրաստվել է առաջադրվել 2010 թվականի և 2014 թվականի նախագահական ընտրություններում՝ երկրում կոռուպցիայի դեմ պայքարի և հաշվետվողականության կարգախոսներով։ 2013 թվականի փետրվարի դրությամբ նա ընդդիմության ամենահանրաճանաչ թեկնածուն էր, սակայն ՔՊԿ-ից 2014 թվականին առաջադրման համար պայքարել է ևս երեք թեկնածու՝ Խուան Կառլոս Մենդոսան, Ռոնալդ Սոլիս Բոլանոսը և Լուիս Գիլյերմո Սոլիսը, և արդյունքում Քեմփբելը դուրս է մնացել մրցապայքարից հօգուտ վերջինիս[5]։

Քեմփբելն իր հերթին պատգամավոր է դարձել երկրի մայրաքաղաքից[6]։ Նախագահ ընտրված Սոլիսը նրան արաջադրել է օրենսդիր ժողովի նախագահի պաշտոնի թեկնածուների թվում[7], չնայած ի վերջո պաշտոնը զբաղեցրել է Հենրի Մորա Խիմենեսը[8]։

Ի սկզբանե Քեմփբելը նաև մտադիր էր մասնակցել 2018 թվականի նախագահական ընտրություններին, սակայն 2017 թվականի մարտի 27-ին դուրս է եկել մրցարշավից։ Արդյունքում նրանք Մարվին Ռոդրիգեսի հետ ընտրվել են նախագահի թեկնածու Կառլոս Կեսադա Ալվարադոյի կողմից՝ որպես փոխնախագահի թեկնածու։ Ալվարադո Կեսադան, ի վերջո, դուրս է եկել երկրորդ փուլ և հաղթել, իսկ Քեմփբելը դարձել է առաջին փոխնախագահը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Q Costa Rica News. «Epsy Campbell, The First Afrodescendant Vice President Of Cosa Rica». Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  2. «Costa Rica Just Elected A Black Female Vice President, The First In All Of the Americas».
  3. Ruiz Ramón, Gerardo (2014 թ․ մարտի 14). «Epsy Campbell no rechazaría oferta de candidatura para presidir el Congreso». La Nacion (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.
  4. «Inter-American Dialogue | Experts». www.thedialogue.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
  5. Font, Alberto. «Presidential Race Grows by One». The Tico Times. The Tico Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
  6. Partido Accion Ciudadano. «List of Candidates». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
  7. Ruiz Ramón, Gerardo (2014 թ․ մարտի 14). «Epsy Campbell no rechazaría oferta de candidatura para presidir el Congreso». La Nacion. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.
  8. Sequeira, Aarón (2014 թ․ ապրիլի 24). «Dos opositores dan pelea al PAC por la presidencia del Congreso» (իսպաներեն). San Jose. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էփսի Քեմփբել» հոդվածին։