Jump to content

Էլվիրա Մադիգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլվիրա Մադիգան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 4, 1867(1867-12-04)
ԾննդավայրՖլենսբուրգ, Պրուսիայի թագավորություն
Մահացել էհուլիսի 19, 1889(1889-07-19) (21 տարեկան)
Մահվան վայրԹոսինգե, Սվենբորգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա
ԳերեզմանSaint George'ś Church
ՔաղաքացիությունԴանիա
Մասնագիտությունacrobat և կրկեսի դերասան
Ծնողներմայր՝ Լաուրա Մադիգան
 Elvira Madigan Վիքիպահեստում

Էլվիրա Մադիգան (դան․՝ Elvira Madigan, իսկական անունը` Հեդվիգա Անտուանետա Իզաբելլա Էլեոնորա Ենսեն, դեկտեմբերի 4, 1867(1867-12-04), Ֆլենսբուրգ, Պրուսիայի թագավորություն - հուլիսի 19, 1889(1889-07-19), Թոսինգե, Սվենբորգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա), կրկեսի դանիացի արտիստ, ակրոբատ։ Նա և իր սիրեցյալը` շվեդ լեյտենանտ, կոմս Սիկստեն Սպարրեն (սեպտեմբերի 27, 1854, Մալմյո- հուլիսի 19, 1889, Նյորրեսկով, Տոսինգե կղզի) Սկանդինավիայում առավելապես հայտնի են որպես ողբերգական սիրո օրինակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլվիրա Մադիգանը ծնվել է շտալմեյստեր Ֆրեդերիկ Իենսենի և Ֆինլանդիայի բնակչուհի կրկեսային արտիստուհի Էլեոնորա Օլսենի ընտանիքում։ Ասում են, որ Էլվիրա Մադիգանին հաճախ դանիացի են համարում, սակայն նրա քաղաքացիության և հայրենիքի հետ կապված անորոշությունը դեռ գերակշռում է[1][2]։

Սիքստեն Սպարրե
Էլվիրա Մադիգանի և Սիքստեն Սպարրեի գերեզմանը Լանդետի գերեզմանատանը

1870 թվականից ի վեր Էլվիրայի մայրն ապրել է ամերիկացի նժույգավար Ջոն Մադիգանի հետ։ Նրանք միասին հյուրախաղերի էին մեկնում Սկանդինավիայի կրկեսային թատերախմբի կազմում։ Կրկեսում փոքրիկ Էլվիրա Մադիգանի առաջին ելույթը կայացավ 1872 թվականին կոպենհագենյան Տիվոլիում։ Հետագայում նա զույգով հանդես էր գալիս Ջոն Մադիգանի որդեգրված դստեր հետ`որպես «Էլվիրա և Գիզելա Մադիգան քույրեր»։ Աղջիկները բավականին հաջող ելույթներ էին ունենում Դանիայում, 1886 թվականին Կոպենհագենում նրանք Քրիստիան IX-ի կողմից արժանացան «Ոսկե խաչի»։ Նույն թվականին նրանց կրկեսը հյուրախաղերով հաջողությամբ հանդես եկավ Փարիզում, Լոնդոնում, Բեռլինում, Բրյուսելում, Ամստերդամում և Օդեսայում։ 1888 թվականին Քրիստիանստադում կրկեսային ներկայացումների ժամանակ Մադիգանի ելույթը դիտելու էր եկել շվեդական դրագունյան սպա Սիքստեն Սպարրեն, որը սերում էր հին արիստոկրատական ընտանիքից։ Նա սիրահարվեց աղջկան, զույգի միջև նամակագրություն սկսվեց, բայց Էլվիրայի հետ ամուսնությունը Սպարեի համար հնարավոր չէր։ Սիրահարների միջև անհաղթահարելի դասական տարբերություններից բացի, խոչընդոտ էր այն փաստը, որ Սիքստեն Սպարրեն ամուսնացած էր ուներ երկու երեխա, չնայած դժբախտ էր ամուսնության մեջ։ Բացի այդ, «Մադիգան» կրկեսը չցանկացավ կորցնել Էլվիրային, որի կատարումները նրա գլխավոր կրկեսային համարներից էին, բացի այդ ձգտում էին խուսափել նրա շուրջ ստեղծվող ցանկացած սկանդալներից։ Այդ իսկ պատճառով էլ, նամակագրությունը Սպարեի և Էլվիրայի միջև գաղտնի էր իրականացվում։

1889 թվականի մայիսին Շվեդիայում կրկեսային շրջագայության ընթացքում Էլվիրան և Սիքստենն իրականացրեցին իրենց կողմից նամակագրությամբ երկարատև ծրագրված հասարակությունից փախուստը։ Սպարրեի կողմից, որպես սպա, դա նշանակում էր բանակից դասալքություն։ Ստոկհոլմից զույգը մեկնում է Դանիա և բնակություն հաստատում Սվենբորգ քաղաքի փոքրիկ հյուրանոցում։ Այստեղ նրանք ձևացնում էին, թե նորապսակներն են, ովքեր անցկացնում են իրենց մեղրամիսը։ Սակայն շուտով հյուրանոցի տերերը նկատեցին, որ միայն տղամարդն է հարսանեկան մատանի կրում, ինչպես նաև կնոջ ապշեցուցիչ նմանությունը կրկեսային հայտնի դերասանուհուն, որի խորհրդավոր անհետացման մասին վերջերս հաղորդել էին թերթերը։ Իմանալով այս ամենի մասին՝ Էլվիրան և Սիկստենը 1889 թվականի հուլիսի 15-ին մեկնում են Բալթիկ ծովի Թոսինգի փոքրիկ կղզի, որտեղ նրանք տեղավորում են տեղացի ձկնորսից վարձակալված բնակարանում։ 1889 թվականի հուլիսի 18-ին ժամը 10-ի սահմաններում Էլվիրան և Սիկստենը ուրախ, հոյակապ տրամադրությամբ և խնջույքի համար նախատեսված մեծ զամբյուղով, թողնում են իրենց բնակարանը և ուղևորվում կղզու հյուսիսում գտնվող անտառապատ գոտի (Նյորեսկով, Nørreskov՝ Հյուսիսային անտառ)։ Այստեղ Սպարրենն իր ծառայողական ատրճանակով նախ սպանում է իր սիրելիին, այնուհետև ինքն ինքնասպան լինում։

1889 թվականի հուլիսի 27-ին Սպարրեին և Մադիգանին թաղեցին Լանդետ կղզու գերեզմանատանը։ Այս ողբերգական սիրո մասին շատ էր գրվում մամուլում, հատկապես, որ համանման ողբերգություն էր տեղի ունեցել որոշ ժամանակ առաջ, 1889 թվականի հունվարին ավստրո-հունգարական գահաժառանգ Ռուդոլֆը և նրա սիրեցյալը՝ բարոնուհի Մարիա ֆոն Վեչերան, ինքնասպան էին եղել Մայերլինգյան ամրոցում։

Մադիգանի գերեզմանն ուխտագնացության վայր է դարձել զբոսաշրջիկների և սիրահարների համար։ Կղզում ավանդույթ է դարձել այն, որ Լանդետի տեղական եկեղեցում հարսանիքից հետո հարսնացուները այցելում են նրա գերեզմանին՝ հարսանեկան ծաղկեպսակը այնտեղ դնելու համար։

Հետքը գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդ բանաստեղծ Յոհան Լինդստրյոմ Սաքսոնը (1859–1935) գրել է «Visan om den sköna konstberiderskan Elvira Madigans kärlek och grymma död» բալլադը («Ի հիշատակ գեղեցկուհի հեծյալ Էլվիրա Մադիգանի սիրո և ողբերգական մահվան») և «Sorgerla hää (Տխուր դեպքեր են պատահում)» վերնագրով։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլվիրա Մադիգանի սիրո և ողբերգական մահվան պատմությունը իր արտացոլումն է գտել երեք կինոֆիլմերում`

  • Elvira Madigan, 1943 թվականի շվեդական ֆիլմ, ռեժիսոր Օկե Օբերգ, գլխավոր դերում Եվա Հենինգ, «Կոմս Քրիստիանի» դերում` Օկե Օբերգ (Սպարրե ընտանիքի ճնշման ներքո Սպարրեի անունը ֆիլմում չի հիշատակվում)։
  • Elvira Madigan, դանիական ֆիլմ 1967 թվական, ռեժիսոր Պոլ Մյոլլեր Պեդերսեն։
  • Էլվիրա Մադիգան, շվեդական ֆիլմ 1967 թվական, ռեժիսոր՝ Բու Վիդերբերգ, Մադիգանի դերում՝ Պիա Դեգենմարկ, Սպարրեի դերում՝ Տոմմի Բերգգրեն։ Կաննի միջազգային կինոփառատոնում այս ֆիլմը արժանացել է «գլխավոր դերի լավագույն դերակատար» մրցանակի (1967), ինչպես նաև Հոլիվուդյան կինոքննադատների ընկերակցության Ոսկե գլոբուս մրցանակի «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում (1969)։
  • Մոցարտի «Piano concerto No. 21 in C-Dur» (K.467) ստեղծագործությունը սխալմամբ սկսեցին համարել, որ «նվիրված է Էլվիրա Մադիգանին» այն բանից հետո, երբ ռեժիսոր Բու Վիդերբերգը իր «Էլվիրա Մադիգան» ֆիլմում օգտագործեց կոմպոզիտորի երաժշտությունը։ Իրականում Մոցարտը մահացել է աղջկա ծնվելուց 76 տարի առաջ և չէր կարող իմանալ նրա մասին։
  • «Elvira Madigan» անունն է կրում շվեդական ռոք խումբը, որը հիմնադրվել է 1995 թվականին։
  • Circus Madigan - 1989 թվականին շվեդական Սոբյո քաղաքում բացված կրկես։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Grönqvist, Klas. En droppe föll... (in Swedish). p. 190-191.
  2. Enevig. Fakta om Elvira Madigan og Sixten Sparre (in Danish). p. 161.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Arne Ejbye-Ernst: Det danske Mayerlingdrama. Kopenhagen 1954.
  • Anders Enevig: Fakta om Elvira Madigan og Sixten Sparre. Odder 2005, ISBN 87-89191-67-6 .
  • Klas Grönqvist: En droppe föll … En bok om Elvira Madigan. Recito förlag, Borås 2013. ISBN 978-91-7517-506-5.
  • Henrik M. Jansen: Elvira Madigan & Sixten Sparre: som samtiden opfattede dem — og 100 år senere. Skrifter fra Svendborg og omengs Museum 21, Svendborg 1989.
  • Poul Erik Møller-Pedersen: Elvira Madigan. Kopenhagen 1978, ISBN 87-7215-404-7.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլվիրա Մադիգան» հոդվածին։