Էլմիրա Աբրահամյանը ծնվել է Գանձակում, Աբրահամ և Ռոզալիա Աբրահամյանների ընտանիքում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1949 թվականից աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյի խմբագրությունում։ 1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, 1975 թվականին Մոսկվայում կատարելագործվել հեռուստատեսության համամիութենական ինստիտուտի գլխավոր ռեժիսորների դասընթացներում։ 1946-1948 թվականներին աշխատել է Բաքվի Լևոն Երամյանի անվան, 1953-1957 թվականներին՝ Երևանի ռուսական թատրոններում, 1958 թվականից՝ Հայաստանի հեռուստաստուդիայի ռեժիսոր։ 1953 թվականից (ընդհատումներով) դասավանդել է Երևանի պարարվեստի, երաժշտական ուսումնարաններում, ԵԹԱԻ-ում[2]։ Հեղինակ է բազմաթիվ հեռուստահաղորդաշարերի՝ «Զրույցներ գեղագիտության մասին», «Գեղեցիկի աշխարհում», «Շախմատային այբուբեն», «Թատերական հուշեր», «Վարք ու բարք», «Հասմիկ» և այլն։ Նկարահանել է «Մինչև 16 տարեկաններին թույլատրվում է․․․» ֆիլմը (1964, Համամիութենական կինոփառատոնի առաջին մրցանակ, Պրահայի միջազգային կինոփառատոնի դիպլոմ, 1965)։ Լուիզա Սամվելյանի համագործակցությամբ ներկայացրել է համաշխարհային դրամատուրգիայի եզակի նմուշներ՝ բեմադրելով Արիստոֆանի «Ամպերը», Եվրիպիդեսի «Իֆիգենիան Ավլիսում» (երկուսն էլ՝ 1971), Ջ. Բրունոյի «Մոմակալը» (1973) և այլն[3][4]։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։