Jump to content

Դետրոյթի արվեստի ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դետրոյթի արվեստի ինստիտուտ
Տեսակպատկերասրահ, կինոթատրոն, բազմաֆունկցիոնալ թատերական-համերգային համալիր և ոչ առևտրային կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունԴետրոյթ
ՎայրMidtown Detroit?, cultural district? և Դետրոյթ[1]
Կազմված էEuropean: Medieval and Renaissance W234?, European: Medieval and Renaissance W241? և Detroit Institute of Arts Research Library & Archives?[2]
ՀասցեWoodward Avenue48202M-1?
Հիմնադրվել է1885[3][4]
ՀիմնադիրDetroit Museum of Art Founders Society?[3]
ՏնօրենSalvador Salort-Pons?[5]
Կայքdia.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Դետրոյթի արվեստի ինստիտուտ (անգլ.՝ Detroit Institute of Arts, կրճատ` DIA), Դետրոյթի քաղաքային գեղարվեստական թանգարան։ Թանգարանում պահվում է առավել քան 65.000 արվեստի գործ, որոնք ներկայացնում են արվեստի պատմությունը` սկսած հին եգիպտական շրջանից մինչև ժամանակակից արվեստ։

Թանգարանային համալիրը, որ տեղակայված է Ուեյնի համալսարանի հարևանությամբ, զբաղեցնում է 658.000 քառակաուսի ֆութ (61.100 մ²) տարածք, ինչի շնորհիվ այն մեծությամբ վեցերորդ թանգարանն է ԱՄՆ-ում։ Արվեստի ինստիտուտի թանգարանը Դետրոյթի պատմական կենտրոնի տեսարժան վայրերից է, որ ընդգրկված է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում։

2013 թվականին թանգարանն ընդունել է 594.267 այցելու (102-րդ ցուցանիշն է աշխարհում)։ Այստեղ անցկացվում են գեղարվեստական ցուցահանդեսներ։ Թանգարանն ունի նաև 1150 տեղանոց կինոթատրոն, որ նախագծել է ճարտարապետ Հովարդ Քրեյնը (անգլ.՝ Howard Crane): Թանգարանի հարևանությամբ գործում է գեղարվեստական խանութ[6]։

Թանգարանի ակունքների մոտ կանգնած է The Detroit News թերթի խմբագիր Ջեյմս Սքրիփսը (1835-1906)։ 1881 թվականին վերադառնալով Եվրոպա կատարած ուղևորությունից` Սքրիփսը համոզում է մեծահարուստ դետրոյթցիներին իրենց ունեցած հավաքածուներից նվիրաբերություններ անել։ Հավաքածուի համար 1888 թվականին կառուցվում է Դետրոյթի արվեստի թանգարանը (Detroit Museum of Arts), որ ոճավորված էր միջնադարյան ֆրանսիական ոճով։ 1919 թվականին թանգարանը ստացել է ներկայիս անվանումը։

Թանգարանի հիմնական բարեգործները նրա գոյության ողջ ընթացքում եղել են դետրոյթյան ավտոմագնատներ Դոջերն ու Ֆորդերը, մասնավորապես Էդսել Ֆորդը` Հենրի Ֆորդի որդին։ Նրա կնոջ զարմիկը` Ռոբերտ Հադսոն Թենեհիլը, թանգարանին կտակել է նորագույն ժամանակաշրջանի առաջնակարգ հավաքածու։ 1932 թվականին Ֆորդը Դիեգո Ռիվերային պատվիրել է թանգարանը զարդարել մեծամասշտաբ հինգ ֆրեսկոներով` «Մարդ և մեքենա» թեմայով։

Երբ 2013 թվականին Դետրոյթը սնանկ է համարվել, շատ պարտատերեր պահանջել են վաճառել թանգարանի հավաքածուն` որպես ճգնաժամային քաղաքի հարստություն։ Քրիստիս աճուրդի տունը 2013 թվականի դեկտեմբերին զեկուցագիր է պատրաստել, որում թանգարանի առավել արժեքավոր 2.500 ցուցանմուշների արժեքը գնահատվել է 454-867 միլիոն դոլար[7]։ Միայն Վան Գոգի «Ծղոտե գլխարկով ինքնադիմանկարը» գնահատվել է 150 միլիոն դոլար։

Դետրոյթցիները մշակել են թանգարանի լիկվիդացման փրկության ծրագիր, որը պահանջում է հարյուր միլիոնավոր դոլարների ներհոսք։ Մասնավորապես, ճգնաժամային քաղաքային մենեջերն առաջարկել է Միչիգանի ավտոհսկաներին իրենց լուման ունենալ Դետրոյթի հպարտության փրկության գործում[8]։ Արդյունքում ընդունվել է պարտապանների պահանջները բավարարող ծրագիր, որը չի վտանգի թանգարանային հավաքածուն։

Գլխավոր շինություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի գլխավոր շենք

Ցուցանմուշների ավելացման հետ առաջացել է թանգարանի նոր շենքի կառուցման անհրաժեշտությունը։ 1920 թվականի Դետրոյթը ճարտարապետական մրցույթ է հայտարարել։ Հանձնաժողովը, որի մեջ ընդգրկվել են Էդսել Ֆորդը և ճարտարապետ Ալբերտ Կանը, հաղթող է ճանաչել ֆիլադելֆիացի ճարտարապետ Պոլ Կրետի (անգլ.՝ Paul Philippe Cret) և Zantzinger, Borie and Medary ընկերության նախագիծը։

Բոզար ոճով շենքը` նեոռենեսանսի որոշ տարրերով, հիմնադրվել է 1923 թվականի հունիսի 26-ին և այցելուների առաջ իր դռներն է բացել 1927 թվականի հոկտեմբերի 7-ին։ Ճակատամասը սպիտակ մարմարից է։ 1966 և 1971 թվականներին պատմական շենքին կից կառուցվել են հարավային ու հյուսիսային թևերը։ Թանգարանի դիմաց գտնվում է Դետրոյթի հանրային գրադարանը, որն այն նույն ոճով է, ինչ թանգարանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դետրոյթի արվեստի ինստիտուտ» հոդվածին։