Բոզար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարիզի գեղարվեստի դպրոցը (École des Beaux-Arts)
Բոզար ոճով կառուցված շինություններ ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի կամպուսում /ճարտարապետ՝ Ջոն Գալեն Հովարդ, 1900-1911 թթ.
Փարիզի Գրանդ օպերայի մեծ ճեմասրահը՝ բոզար ոճով ինտերիերի ձևավորման նմուշ

Բոզար[1] (ֆր.՝ beaux-arts - «գեղեցիկ արվեստներ, գեղարվեստ» բառակապակցությունից)[1], ճարտարապետական ոճ, որ 19-րդ դարի կեսերին ի հայտ է եկել Ֆրանսիայում՝ ի հակադրություն այդ ժամանակներում լայնորեն տարածված ազգային նեոգոթիկայի։ Ճարտարապետական այդ նոր ոճի հետևորդները շարունակել ու զարգացրել են իտալական Վերածննդի և ֆրանսիական բարոկկոյի ավանդույթները՝ հենվելով դասական ու նեոկլասիկ ճարտարապետության վրա[2] և կիրառելով նոր շինանյութեր (պողպատ, ապակի և այլն)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոզարը, որ մինչև 19-րդ դարի վերջերը կարևոր ճարտարապետական ոճ էր Ֆրանսիայում, մեծ ազդեցություն է թողել նաև այլ երկրների և հատկապես ամերիկյան ճարտարապետության վրա, քանի որ ամերիկացի ականավոր շատ ճարտարապետներ (այդ թվում՝ Հենրի Հոբսոն Ռիչարդսոնը, Ջոն Գալեն Հովարդը, Դենիել Բրնհեմը, Լյուիս Սալիվանը) ուսանել են Փարիզի գեղարվեստի դպրոցում (ֆր.՝ École des Beaux-Arts)[3]:76, դպրոց, որի անունով էլ կոչվել է նոր ոճը[1]։ Ուսումնական այդ հաստատությունում դասավանդող ճարտարապետները նպատակ էին հետապնդում կոտրել հին ոճի խիստ ձևերը, ներմուծել Վերածննդի դարաշրջանի ֆրանսիական մոդելներ և դրանց հիման վրա կերտել ֆրանսիական ազգային ճարտարապետական ոճ։ Այդ ուղղությամբ նրանց ներդրած ջանքերին սատարում էր Պատմական հուշարձանների հանձնաժողովը՝ գրող, պատմաբան Պրոսպեր Մերիմեի գլխավորությամբ։ Նախաձեռնության հաջողությանը նպաստում էր նաև Վիկտոր Հյուգոյի՝ 1831 թվականին հրատարակված «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի շնորհիվ առաջացած մեծ հետաքրքրությունը միջնադարի նկատմամբ։

Հեղինակավոր ուսումնական հաստատության համբավ ձեռք բերած գեղարվեստի դպրոցում, որտեղ սովորում էին ոչ միայն ֆրանսիացիներ, այլև բազմաթիվ օտարերկրացիներ, ավանդաբար անց էր կացվում «Grand Prix de Rome» մրցանակաբաշխություն, որի հաղթողները հնարավորություն էին ստանում Հռոմում ուսումնասիրելու հին հռոմեական դասական ճարտարապետությունը[4]; Ապագա ճարտարապետներին սովորեցնում էին իրենց աշխատանքներում կիրառել պատմական տարբեր ոճերի տարրեր՝ կախված պատվիրատուի ճաշակից, բայց բոլոր դեպքերում ստեղծել տպավորիչ կառույց[2]։

Ճարտարապետական բոզար ոճը զարգացման գագաթնակետրին է հասել ֆրանսիական երկրորդ կայսրության (1852–1870) և դրան անմիջականորեն հաջորդած ֆրանսիական երրորդ հանրապետության տարիներին, որոշակի դրսևորումներ է ունեցել նաև հետագայում՝ մինչև 1968 թվականը[4]։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ճարտարապետության վրա դրա ազդեցությունն զգալի է եղել հատկապես 1880-ից մինչև 1920 թվականն ընկած ժամանակահատվածում[5]։ Մեծ Բրիտանիայում բոզար ոճը տարածում է ստացել 1901-1913 թվականներին, Լոնդոնի «Ռից» հյուրանոցի ճարտարապետ, Փարիզի գեղարվեստի դպրոցի շրջանավարտ Արթուր Ջ. Դևիսի շնորհիվ[2]։

Բոզար ոճով կառուցված շինությունների տիպական և լավագույն նմուշօրինակներ են համարվում Տուրի ռատուշան (1897-1904, ճարտարապետ՝ Վիկտոր Լալու), Նյու Յորքի Կենտրոնական կայարանը (1903-1913), 1893 թվականին Չիկագոյում և 1900-ին՝ Փարիզում կայացած համաշխարհային ցուցահանդեսների գլխավոր տաղավարները[1]։

Ֆրանսիայի մայրաքաղաքում բոզար ոճով ստեղծված շինությունների շարքին կարելի է դասել հետևյալ կառույցները.

Բոզար ճարտարապետության նմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 А. Н. Шукурова. «Бозар». Большая российская энциклопедия - электронная версия. Министерство культуры Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
  2. 2,0 2,1 2,2 Уилкинсон Филип Архитектура: 50 идей, о которых нужно знать. — Phantom Press, 2014. — С. 76-79. — 208 с. — ISBN 5864716669
  3. Texier, 2012
  4. 4,0 4,1 Robin Middleton, ed. (1982). The Beaux-Arts and Nineteenth-century French Architecture. London: Thames and Hudson.
  5. Clues to American Architecture. Klein and Fogle. 1986. էջ 38. ISBN 0-913515-18-3.
  6. «University Architect». campserv.emory.edu.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Уилкинсон Филип Архитектура: 50 идей, о которых нужно знать. — Phantom Press, 2014. — 208 с. — ISBN 5864716669
  • Блохина Ирина Архитектура: Всемирная история архитектуры и стилей. — АСТ, 2014. — 400 с. — ISBN 5457628736
  • Texier, Simon (2012). Paris- Panorama de l'architecture. Parigramme. ISBN 978-2-84096-667-8.a ddi
  • Reed, Henry Hope and Edmund V. Gillon Jr. 1988. Beaux-Arts Architecture in New York: A Photographic Guide (Dover Publications: Mineola NY)
  • United States. Commission of Fine Arts. 1978, 1988 (2 vols.). Sixteenth Street Architecture (The Commission of Fine Arts: Washington, D.C.: The Commission) – profiles of Beaux-Arts architecture in Washington D.C. SuDoc FA 1.2: AR 2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]