Jump to content

Գորտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գորտեր (լատին․՝ Ranidae), անպոչ երկկենցաղների կարգի ընտանիք։ Տարածված են ամենուրեք (բացառություն են կազմում Հարավային Ամերիկան, Ավստրալիայի հարավն ու Նոր Զելանդիան)։ Հայտնի է շուրջ 42 ցեղի 245, Հայաստանում՝ 2 տեսակ՝ լճագորտը և փոքրասիական գորտը, որոնք տարբեր հետազոտողների կողմից դասվում են 1 կամ 2 ցեղերի՝ Pelophylax և Rana։ Տարածված են գրեթե ամենուր։ Կապված են ջրային միջավայրի հետ։ Մաշկը հարթ է կամ թեթևակի բշտավոր։ Հետևի վերջույթները երկար են. ունեն լավ զարգացած լողաթաղանթներ։ Ներքին կրնկային թմբիկը բարձր է և կլոր։

Ապրում են ցամաքում, լճերում, գետերի ափին, ճահիճներում, ստվերոտ ու խոնավ անտառում։ Բնակվում են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից և Ավստրալիայից։ Գորտերը և դոդոշները պատկանում են անպոչ երկկենցաղների կարգին և կազմում են առանձին ընտանիքներ։ Հայտնի է գորտերի 42 սեռի 245 տեսակ, Հայաստանում տարածված են լճագորտը և փոքրասիական գորտը։ Գորտերը լինում են տարբեր չափերի. մանրից (40–60 մմ) մինչև մեծերը՝ 200 մմ (գորտ-ցուլ), և ավելի խոշորները՝ 300 մմ (գորտ-գոլիաֆ)։ Մարմինը ծածկված է հարթ կամ թեթևակի բշտավոր մաշկով։ Հետին ոտքերը երկար են, ցատկող։ Գունավորումն առավելապես քողարկող է կամ մասնատված (բծավոր, զոլավոր)։ Լեզուն երկար է, ծայրը՝ երկատված, բերանի հատակին կպած է առաջային ծայրով։ Հանգիստ վիճակում լեզվի ազատ մասն ուղղված է ներս, իսկ որսին բռնելիս կարող է այն արագ դուրս նետվել բերանից։ Գորտերը սնվում են մանր որդերով, միջատներով, փափկամարմիններով, հոդվածոտանիներով, երբեմն նաև մանր ողնաշարավորներով, շերեփուկները՝ դետրիտով, ջրիմուռներով և այլն։ Ջրամբարի հատակին դնում են ողկուզանման, խոշոր կլորավուն կույտերով ձուղպ՝ գորտնկիթ։ Ձմեռում են աշնան վերջից մինչև գարնան սկիզբը՝ ջրավազանի հատակի տիղմի մեջ թաղվելով կամ քարակույտերում և այլ թաքստոցներում։ Օգտակար են. ոչնչացնում են վնասատու միջատներին։ Հայաստանում լճագորտը տարածված է գրեթե բոլոր մարզերում, կանգուն և հոսող ջրավազանների ափամերձ գոտում՝ չոր ու շոգ նախալեռներից մինչև ցուրտ ու խոնավ լեռնային տարածքները։ Հաճախ պահվում է անազատ պայմաններում։ Օգտագործվում է նաև գիտահետազոտական նպատակներով, միսը՝ որպես սնունդ։ Փոքրասիական գորտը տարածված է Հայաստանի բոլոր (բացառությամբ Արմավիրի) մարզերում։ Բնակվում է հիմնականում հոսող ջրավազանների ափամերձ վայրերում։ Հաճախ պահվում է անազատ պայմաններում՝ որպես գեղազարդիչ տեսակ։ Օգտագործվում է նաև գիտահետազոտական նպատակներով։ Դոդոշների ընտանիքը միավորում է 21 սեռի ավելի քան 256 տեսակ։ Հայաստանում ամենուրեք տարածված է կանաչ դոդոշը։ Դոդոշները կարող են ապրել չորային պայմաններում, քանի որ, ի տարբերություն մյուս երկկենցաղների, նրանց մաշկը ավելի պակաս ջրաթափանց է և կարող է կորցնել մինչև 30% խոնավություն, որն անվնաս է օրգանիզմի համար։ Ուստի դոդոշները կարող են բնակվել Միջին Ասիայի, Արաբական երկրների և նույնիսկ Աֆրիկայի Սահարայի անապատներում, որտեղ տարեկան միջին տեղումների քանակը 7 մմ-ից չի անցնում։ Ակտիվ են մթնշաղին և գիշերը։ Շարժվում են ցատկելով կամ քայլելով։ Սնվում են տարբեր անողնաշարավորներով, երբեմն՝ մանր ողնաշարավորներով։ Դոդոշները գորտնկիթը դնում են երկար երիզների տեսքով. թրթուրները զարգանում են 3–6 շաբաթում, որից հետո կերպարանափոխվում են մանր դոդոշիկների։ Ծառագորտը և դոդոշները մաշկում ունեն թունավոր գեղձեր, որոնցով պաշտպսնվում են թշնամիներից։Դոդոշների կյանքի տևողությունը 6–8 տարի է, անազատ պայմաններում կարող են ապրել մինչև 40 տարի։ Հայաստանում կանաչ դոդոշի մեջքային մակերեսի ընդհանուր գունավորումը սպիտակավունից դեղնականաչավուն է կամ գորշ մոխրագույն՝ բազմաթիվ մուգ կանաչ (էգերի մոտ) կամ բաց կանաչ տձև խալերով։ Գլխի հետևից դեպի պարանոցը ձգվում են զույգ հարականջային գեղձերը (պարոտիդներ)։ Մաշկի բշտիկներն ու հարականջային գեղձերն արտադրում են թանձր սպիտակավուն հեղուկ (թույն), որն օգտագործվում է դեղագործության մեջ և գիտահետազոտական նպատակներով։ Շատերը դոդոշներին չեն սիրում՝ մտածելով, որ այդ սպիտակավուն հեղուկից ձեռքերի վրա կարող են գորտնուկներ առաջանալ։ Դա ամենևին էլ ճիշտ չէ։ Պարզապես այդ հեղուկը լորձաթաղանթների վրա ընկնելիս խիստ գրգռում է դրանք և շատ տհաճ հոտ ունի։ Այդպես դոդոշը վախեցնում և իրենից վանում է թշնամիներին։ Բայց մանր կենդանիներին այդ հեղուկը կարող է նաև սպանել։ Չնայած վանող արտաքինին՝ դոդոշները շատ օգտակար են. ոչնչացնում են այգիների ու բանջարանոցների վնասատու միջատներին։ Այդ նպատակով դոդոշներին ֆերմերները նույնիսկ երկրից երկիր են տանում։ Հարավամերիկյան աղա-դոդոշի գեղձազատուկից բնիկները թույն են պատրաստել՝ նետի ծայրին քսելու համար։

Արյունատար համակարգը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորտերի արյունատար համակարգը կազմված է սրտից և արյունատար անոթներից։ Սիրտը կազմված է երեք խորշերից՝ երկու նախասրտերից և մեկ փորոքից։ Աջ նախասիրտը լցված է բոլոր օրգաններից եկած երակային արյունով, իսկ ձախ նախասիրտը՝ զարկերակային արյունով։ Փորոքում զարկերակային և երակային արյունը խառնվում է։ Սրտի խոռոչները կծկվում են հերթականությամբ՝ երկու նախասրտերը միաժամանակ, ապա փորոքը։ Թոքային շնչառության հետ կապված՝ երկկենցաղների մեջ ձևավորվել է արյան շրջանառության մեծ շրջանը սկսվում է փոքրից։ Արյան շրջանառության մեծ շրջանը սկսվում է փորոքից։ Փորոքից դուրս եկող անոթներով՝ զարկերակներով, խառն արյոընը մատակարարում է բոլոր օրգանների հյուսվածքներին և բջիջներին։ տեղի է ունենում գազափոխանակեցում՝ արյունից թթվածինը և սննդանյութերն անցնում են դեպի բջիջներ, իսկ բջիջներից ածխաթթու գազը և նյութափոխանակության արգասիքները՝ արյուն։

Արտազատական համակարգը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորտերի արտազատական օրգանները երիկամներն են, որոնք տեղակայված են ողնաշարի երկու կողքերին։ Նրանցում առաջացած մեզը միզածորաններով լցվում է կոյանոց և ապա՝ միզապարկ։ Միզապարկում ջուրը մասամբ հետ է ներծծվում արյան մեջ, և մեզն ավելի է խտանում։ Երբ միզապարկը լցվում է, մեզն անցնում է կոյանոց և օրգանիզմից հեռանում։ Մեզի բաղադրության մեջ մտնում է ջուր, աղեր և միզանյութ։ Գորտերի թոքերը թույլ են զարգացած, օրգանները և հյուսվածքները խառը արյան միջոցով անհամեմատ քիչ թթվածին են ստանում, բջիջներում և հյուսվածքներում օքսիդացման պրոցեսները թույլ են ընթանում, և քիչ էներգիա է անջատվում։ Դա է պատճառը, որ երկկենցաղների մարմնի ջերմաստիճանը կայուն չէ.սառնարյուն կենդանիներ են։ Բոլոր գորտերը ակտիվ են տարվա տաք շրջանում։ Միջավայրի ջերմաստիճանի մինչև 4°С-ի դեպքում անցնում են ձմեռային շրջանի՝ քուն են մտնում։

Նյարդային համակարգը և զգայարանները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորտերի նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից, ողնուղեղից և դրանցից դուրս եկող նյարդերից։ Նրանում տարբերում են հինգ բաժին՝ միջակա ուղեղ, որից դուրս են գալիս տեսողական նյարդերը, միջին ուղեղ, որտեղից դուրս են գալիս աչքը շարժող մկանների նյարդերը, երկարավուն ուղեղ, որում տեղակայված են կենսական կարևոր կենտրոնները (շնչառության, արյան շրջանառության, մարսողության)։ Սակայն, կապված ցամաքային կենսակերպի հետ, առջևի ուղեղը մեծ է և լավ է զարգացած, բաժանվում է երկու կիսագնդերի։ Երկկենցաղների ուղեղիկը փոքր է, ինչը պայմանավորված է նրանց սահմանակափակ և միակերպ շարժումներով։

Գորտի աչքերն ունեն կոպեր։ Նա լավ է տեսնում շարժվող առարկան։ Լսողության օրգանն ավելի բարդ կառուցվածք ունի, քան ձկներինը։ Բացի ներքին ականջից, ունեն նաև միջին ականջ։ Նրանում գտնվում է լսողական ոսկրիկը (ասպանդակը), որը հպվում է թմբկաթաղանթին։ Օդի տատանումները շարժում են թմբկաթաղանթը, որով այն փոխանցվում է ասպանդակին և ապա՝ ներքին ականջին։ Հոտառության օրգանը ծառայում է հոտի ընկալմանը։

Բազմացումը և զարգացումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորտերը բաժանասեռ կենդանիներ են։ Բեղմնավորումն արտաքին է, կատարվում է ջրում, իսկ զարգացումը մետամորֆոզով (կերպարանափոխությամբ)։

Բազմացման շրջանում գորտերը կուտակվում են ջրամբարներում։ Արուներն իրենց վառ գույնով և «երգով» գրավում են էգերին։ Արուները գլխի երկու կողմերում կամ կոկորդի տակ ունեն ռեզոնատորներ, որոնք ուժեղացնում են նրանց ձայնը։ Բազմացման շրջանում էգը թույլ է տալիս արուին բարձրանալ մեջքին և ամուր գրկել։ Այդ ընթացքում էգերը դնում են գորտնկիթ, իսկ արուները սերմնաբջիջներ պարունակող սերմնահեղուկը թափում են գորտնկիթների վրա։ Գորտնկիթը սև է, զարգացման ընթացքում կլանում է արեգակի ճառագայթները, արտաքինից պատված է թաղանթով և հարուստ է սննդանյութերով։

Բեղմնավորումից 8-10 օր հետո գորտի զիգոտից (բեղմնավորված ձվաբջջից) զարգանում է թրթուրը՝ շերեփուկը։

Նրանց թրթուրը՝ շերեփուկը, ավելի շատ նման է ձկներին, քան իր ծնողներին, վարում է ջրային կենսակերպ։ Շնչում է խռիկներով, ունի երկխորշ սիրտ, արյան շրջանառության մեկ շրջան, կողագիծ, տեղաշարժվում է պոչային լողակով։ Շերեփուկը սկզբում սնվում է ձվաբջջում պաշարված դեղնուցի հաշվին, այնուհետև՝ ջրիմուռներով և մանրէներով։

Շերեփուկի աճին զուգընթաց տեղի են ունենում խորը փոփոխություններ՝ առաջանում են վերջույթներ, շնչառությունը դառնում է թոքային, սիրտը՝ եռախորշ։ Զարգանում է արյան շրջանառության երկու շրջան, աստիճանաբար անհետանում է պոչը։ 2-3 ամսվա ընթացքում թրթուրը վերածվում է հասուն գորտի։

Բազմազանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է գորտերի 42 սեռի 245 տեսակ, Հայաստանում տարածված են լճագորտը և փոքրասիական գորտը։

Արտաքին տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորտերը լինում են տարբեր չափերի. մանրից (40–60 մմ) մինչև մեծերը՝ 200 մմ (գորտ-ցուլ), և ավելի խոշորները՝ 300 մմ (գորտ-գոլիաֆ)։ Մարմինը ծածկված է հարթ կամ թեթևակի բշտավոր մաշկով։ Հետին ոտքերը երկար են, ցատկող։ Գունավորումն առավելապես քողարկող է կամ մասնատված (բծավոր, զոլավոր)։ Լեզուն երկար է, ծայրը՝ երկատված, բերանի հատակին կպած է առաջային ծայրով։ Հանգիստ վիճակում լեզվի ազատ մասն ուղղված է ներս, իսկ որսին բռնելիս կարող է այն արագ դուրս նետվել բերանից։

Սննդառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորտերը սնվում են մանր որդերով, միջատներով, փափկամարմիններով, հոդվածոտանիներով, երբեմն նաև մանր ողնաշարավորներով, շերեփուկները՝ դետրիտով, ջրիմուռներով և այլն։ Ջրամբարի հատակին դնում են ողկուզանման, խոշոր կլորավուն կույտերով ձուղպ՝ գորտնկիթ։ Ձմեռում են աշնան վերջից մինչև գարնան սկիզբը՝ ջրավազանի հատակի տիղմի մեջ թաղվելով կամ քարակույտերում և այլ թաքստոցներում։ Օգտակար են. ոչնչացնում են վնասատու միջատներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 182
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորտեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորտեր» հոդվածին։