Գյուղացիական ռեֆորմ Հայաստանում (1870)
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Գյուղացիական ռեֆորմ Հայաստանում 1870-ական թվականներին, բուրժուական ռեֆորմ Արևելյան Հայաստանում։ Կապված էր Ռուսաստանում 1860—1870-ական թվականներին անցկացված բուրժուական ռեֆորմների հետ և կազմում էր նրանց անբաժան մասը։
Ռեֆորմ Անդրկովկասում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանում ճորտատիրական իրավունքի վերացումից հետո 1864—1865 թվականներին ցարական կառավարությունը ռեֆորմ անցկացրեց Թիֆլիսի և Քութայիսի, իսկ 1870 թվականին՝ Երևանի, Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում։ Հայաաոանում և Ադրբեջանում ռեֆորմը նախապատրաստելու համար կազմվեցին բեգական հանձնաժողովներ, որոնք պետք է որոշեին խաների, բեգերի, աղալարների ու մելիքների հողատիրական իրավունքները։ Երևանի նահանգի հանձնաժողովը բեգական դասին պատկանող 586 տոհմից օրինական ճանաչեց 282-ի հողատիրական իրավունքը, որոնցից 142-ը՝ Երևանի, Էջմիածնի և Նոր Բայազետի, իսկ 140-ը՝ Նախիջևանի գավառներում։ Կովկասի փոխարքայությանը կից ստեղծված հատուկ կոմիտեն տեղական հանձնաժողովների նյութերի հիման վրա 1869 թվականի վերջերին մշակեց Երևանի, Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում անցկացվելիք ռեֆորմի կանոնադրության նախագիծը և ներկայացրեց կառավարությանը։
Ռեֆորմի նշանակությունը մուլքադարական գյուղացիների համար
[խմբագրել | խմբագրել կոդը]1870 թվականի մայիսի 14-ին Ալեքսանդր II հաստատեց այդ նախագիծը, որը օրենքի ուժ ստացավ։ Մայիսի 14-ի կանոնադրությունը տարածվեց միայն մուլքադարական գյուղացիների վրա (պետական մուլքադարական գյուղացիներ), որոնք կազմում էիև ողջ գյուղացիության շուրջ 20%-ը։ Ըստ կանոնադրության 15 տարին լրացրած արական յուրաքանչյուր շունչ կարող էր փրկագնման միջոցով ձեռք բերել մինչև 5 դեսյատին հող. մինչդեռ կալվածատերերը վերցնում Էին մշակության համար պիտանի հողի 1/3-ը, որը պակասելու դեպքում լրացվում Էր գյուղացիների հողաբաժնից։ Օգտվելով այդ իրավունքից՝ կալվածատերերը խլում Էին գյուղացիների լավագույն հողակտորները։ Անտառները, արոտավայրերն ու խոտհարքները ևս մնացին կալվածատերերին։ Գյուղացիների համար կենսական նշանակություն ունեցող ոռոգման հարցը բնավ չշոշափվեց։ Գյուղացիներին թողնվում Էին տնատեղերը, այգիները, արհեստագործական շենքերը, որոնք կարող Էին ժառանգվել կամ վաճառվել։
Ծանր Էին հողի ետգնման պայմանները։ Մեկ դեսյատին հողի արժեքը սահմանվել Էր՝ Երևանի նահանգում 122 ռուբլի, Ելիզավետպոլի նահանգում՝ 202 ռուբլի։ Գյուղացիները սահմանված փրկավճարը միանվագ և լրիվ մուծելուց հետո միայն կարող Էին ազատվել կալվածատիրոջից։ Քանի որ նրանք ի վիճակի չէին իրենց հասանելիք հողաբաժինը ետգնելու նման բարձր գներով, իսկ պետությունն էլ չէր օգնում նրանց, ապա փրկագնում գրեթե տեղի չունեցավ։ Պաշտոնական վիճակագրական տվյալներով Երևանի նահանգում 30 տարվա ընթացքում ընդամենը 41 դեսյատին հող էր ետգնվել։
Այդպիսով, 1870 թվականի մայիսի 14-ի ռեֆորմը գյուղացիներին չտվեց ո՛չ հող, ո՛չ ազատություն։ Պահպանվեց նրանց կախյալ և կիսակախյալ վիճակը, սակավահողությունն ու հողազրկությունը։ Այդ օրենքը գրեթե ամբողջությամբ պահպանում էր գյուղացիների նախկին պարտավորությունները (բահրա կամ մալջահաթ, կոռ ու բեգյար և այլն) կալվածատերերի հանդեպ։ 1877 թվականի սեպտեմբերի 5-ի և 1883 թվականի մարտի 15-ի լրացուցիչ հրամանագրերով 1870 թվականի օրենքը տարածվեց նաև կալվածատիրական այն գյուղացիների վրա, որոնք դուրս էին մնացել ռեֆորմի գործադրության շրջանակներից։ Դա ևս էական փոփոխություն չմտցրեց գյուղացիների դրության մեջ։ Նրանք շարունակում էին դժգոհել ու բողոքել կալվածատերերի ցարական չինովնիկների դեմ։ Հետռեֆորմյան շրջանում գյուղացիական շարժումները նոր թափ ու ծավալ ստացան, գյուղացիական ռեֆորմը Հայաստանում էական փոփոխություն չմտցրեց գյուղացիների դրության մեջ, սակայն այն օբյեկտիվորեն նպաստեց երկրի սոցիալ-տնտեսության, մասնավորապես, կապիտալիզմի զարգացմանը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում
- Կապիտալիզմի զարգացումը Անդրկովկասում
- Մուլք (կալվածք)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 131)։ |