Գինձ
Գինձ | |
Գինձ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հովանոցածաղկավորներ (Apiales) |
Ընտանիք | Նեխուրազգիներ (Apiaceae) |
Ենթաընտանիք | Նեխուրայիններ (Apioideae) |
Ցեղ | Coriandrum |
Տեսակ | Գինձ (C. sativum) |
Միջազգային անվանում | |
Coriandrum sativum |
Գինձ, համեմ (լատին․՝ Coriandrum sativum), հովանոցավորների ընտանիքին պատկանող միամյա խոտաբույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմատն առանցքային է, ցողունը՝ ուղղաձիգ, 20-120 սմ բարձրությամբ, մերկ, վերևում ճյուղավորված։ Տերևները պատյանավոր են, հերթադիր, կրկնակի-եռակի փետրաբաժան, մերկ։ Համեմը պոլիգամ բույս է, ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկները սպիտակ են կամ բաց վարդագույն, դեղին, ծաղկում է ամռանը` հունիս-հուլիս ամիսներին։ Պտուղը գնդաձև սերմիկ է, դրսից՝ մուգ, իսկ ներսից՝ բաց շագանակագույն, ունի ինը կող։ Պտուղները պարունակում են 0.5-1 %եթերայուղ, 2 %, վիտամին C, շաքար, օսլա, դաբաղող և 20 % ճարպայուղ։ Տերևները հարուստ են վիտամիններով E, A-նախավիտամիններով, հանքային աղերով։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթերայուղը կիրառում են ձեռքի օճառների, օծանելիքի և այլնի արտադրության մեջ։ Ճարպայուղը կիրառվում է շոկոլադ պատրաստելու համար։ Բույսը մշակվում է և լայնորեն օգտագործվում որպես համեմունք։ .Բուժական նպատակով օգտագործում են սերմերի թուրմը, որն ունի հակասեպտիկ, սպազմոլիտիկ և ցավամեղմացուցիչ` ստամոքսի խոցի և |տասներկումատնյա աղիքի ցավերի դեպքում։ Այդ թուրմը բարերար ազդեցություն ունի նաև մարսողության և նյարդային գրգռվածության ժամանակ։
Բուժական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն ունի հանգստացնող, քնաբեր հատկություն։ Օգնում է գլխացավերի, ինչպես նաև ականջացավի դեպքում։ Կրծքով կերակրող մայրերին խորհուրդ է տրվում համեմ ուտել, քանի որ այն ավելացնում է կրծքի կաթը։ Համեմն օգտակար է նաև մեջքացավերի դեպքում, փափկացնում է կարծր ուռուցքները։ Սակայն վնասակար է աչքերի համար։ Համեմին կարող է փոխարինել երիցուկը։ Մի թեթև խաշած համեմը դրեք դուրս եկած թութքի վրա. դա կհանգստացնի և կթեթևացնի ցավերը։ Չափաբաժինը` 14,7 գրամ։ Հին մոնղոլական ժողովրդական բժշկության մեջ համեմի թուրմը հանդիսանում է նաև շաքարային դիբետի կանխարգելման միջոց։ Նախնական փուլում հնարավոր է վիճակի զգալի բարելավում։ Քրոնիկ բնույթի դեպքում հնարավոր է նվազեցնել ներարկվող ինսուլինի չափաբաժինը։
Համեմը գերազանց մեղրատու է, մեղուները ոչ միայն հավաքում են ծաղկահյութը, այլև կատարում խաչաձև փոշոտում, ինչը նպաստում է սերմի բարձր բերքատվությանը։ Եթե մեղվափեթակը գտնվում է համեմի ցանքի մոտակայքում, ապա մեղուների հավաքած ծաղկի հյութի և փոշու ընդհանուր քաշը կազմում է օրական 3,5-5 կգ։ Ծաղկման շրջանում 1 հա համեմի հոծ դաշտի մեղրատվությունը հասնում է 500 կգ։ Մեղրն ունի սուր, հաճելի բուրմունք, յուրահատուկ համ, սաթի գույն, բյուրեղանում է քամելուց 4-6 ամիս անց։
Տապակած գինձը կանխարգելում է սրտխառնոցի առաջացումը և վերացնում է բղկոցը։ Հնդկական բժշկության մեջ գինձի պտուղներն օգտագործում են որպես կազդուրող, ցավազրկող, միզամուղ միջոց։ Տիբեթյան բժշկության մեջ այն կիրառում են ջերմությունը իջեցնելու և ծարավը հագեցնելու համար։
Գինձն ախորժակը գրգռող և մարսողությունը կարգավորող հատկություն ունի։ Գործածվում է նաև լնդերի արնահոսության և հիպերտոնիայի բուժման ժամանակ։ Առանձին դեպքերում (հատկապես հիստերիայի), նշանակում են որպես հանգստացնող և հակակծկանքային միջոց։
Վերին ցողունների հյութը և սերմերից պատրաստած թուրմը օգտագործում են հազի ժամանակ և որպես լեղամուղ ու միզամուղ միջոց։ Թարմ հյութով և արմատների եփուկով բուժում են կարմրուկը և գեղձախտը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Diederichsen A. Promoting the conservation and use of underutilized and neglected crops 3։ Coriander Coriandrum sativum L. — 1996. — 83 с.
- Смолянова А. М. Эфиромасличные культуры. — М.։ Колос, 1976.
- Лукьянов И. А. Кориандр. — Белгород։ Белгородское кн. изд-во, 1960. — 75 с.
- Полуденный Л. В., Сотник В. Ф., Хлапцев Е. Е Эфирномасличные и лекарственные растения. — М.։ Колос, 1979.
- Կարեն Աֆրիկյան «Հայաստանի վայրի ուտելի և համեմունքային խոտաբույսերը», Երևան 2013 թվական
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գինձ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գինձ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 72)։ |